«Արծիվ 30»-Արարատ մահապարտների գնդից արցախյան վերջին պատերազմում նահատակվել են 8 ազատամարտիկներ: Նրանց հիշատակի ոգեկոչում կայացավ Երեւանում: Երեկոյի ընթացքում նաեւ պարգեւներ հանձնվեցին արցախյան վերջին պատերազմում աչքի ընկած զինվորականներին, «Արծիվ 30»-Արարատ մահապարտների գնդի անդամներին, նահատակ զինվորների մայրերին:
Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի զորակոչով եւ նախաձեռնությամբ, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից։ Ռազմական այս կառույցը մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ» ջոկատներ, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են ռազմական գործողությունների։ «Արծիվ 30»-ը կազմավորվել է 1993 թ. ապրիլի 16-ին՝ Գագիկ Աշոտի Մարգարյանի հրամանատարությամբ։
Ազատամարտիկ-հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1993) Գագիկ Մարգարյանը ծնվել է 1953 թ. Վեդի քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը (1974)։ 1969-82 թթ. ծառայել է Հունգարիայում եւ Բելառուում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում։ 1982-89-ին աշխատել է Վեդիի եւ Այգեվանի հանրակրթական դպրոցներում։ 1989-94-ին հրետանային մարտկոցի հրամանատար էր, այնուհետեւ՝ «Արծիվ 30» մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Մաղավուզ, Մատաղիս, Տոնաշեն, Հակոբ Կամարի), Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Մարտիրոսվել է 9.1.1994 թ. Հակոբ Կամարի գյուղում։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Գ. Մարգարյանի անունով է կոչվում Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Հետագա տարիներին ջոկատը շարունակել է իր կենսունակությունը եւ արդեն 3 տարի է Վարազդատ Մկրտչյանի նախագահությամբ գործում է որպես հասարակական կազմակերպություն՝ ««Արծիվ 30»-Արարատ մահապարտներ» անունով։
Վ. Մկրտչյանը տեղեկացրեց՝ այսօր իրենց կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Երեւանում, ՀՀ բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում։ Հուլիսի 10-ին կայացած երեկոյին ներկա էին նույն մասնաճյուղերի ներկայացուցիչները։ Բեմում նահատակ տղաների լուսանկարներն էին։ Ներկա էին նրանց մայրերն ու այրիները, հարազատներ, բարեկամներ, մարտական ընկերներ, տարբեր նման կառույցների ներկայացուցիչներ։ Եղավ լռության րոպե՝ ի հիշատակ բոլոր նահատակ քաջորդիների։ Ընթացքում ընթերցվեցին արցախյան վերջին պատերազմում «Արծիվ 30» ջոկատից նահատակված տղաների անունները՝ Շավարշ Մարտունի Մուրադյան, Մինաս Արամի Հովհաննիսյան, Էդգար Մաթեւոսյան, Նվեր Ժորայի Մանուկյան, Վահան Սարիկի Օհանյան, Ստեփան Սուրենի Համբարձումյան, Գառնիկ Միսակի Զաքարյան եւ Հայկ Մկրտչյան։ Տղաները հետմահու պարգեւատրվել էին «Մարտական ծառայություն» մեդալով, որոնք ստացան նահատակների սեւազգեստ ու հպարտ մայրերը, որոնց մասին եւ հնչեցին խոնարհումի ու երախտիքի խոսքեր։ Մայրեր, ովքեր ամենաթանկն են նվիրել հայրենիքին եւ միասին՝ մեկը մյուսին նեցուկ, մեկը մյուսին սփոփող, իրենց զավակներին նվիրված երեկոյին էին ներկա։
Առաջինը ելույթ ունեցավ «Արծիվ 30»-ի թիկունքի պետ Սամսոն Գրիգորյանը։ Խոսելով իրենց կառույցի մասին՝ նա հպարտությամբ նշեց, որ այն միշտ է եղել հայկական 2 հանրապետությունների, Հայոց պետականության եւ ժողովրդի պաշտպան-երաշխավոր բանակի կողքին։ Հավաստիացրեց՝ «Արծիվ մահապարտները» մշտապես լինելու է Հայոց երկրի պաշտպանության շարքերում եւ այն զենքը, որն առաջինն է իջնելու թշնամու գլխին։ «Այսօր առիթ ունենք եւս մեկ անգամ մեծարելու եւ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը մատաղ արած մեր անմահ հերոսներին, որոնց համար հայրենիքը կյանքից թանկ էր»,-խոսքը շարունակեց Ս. Գրիգորյանը եւ տեղեկացրեց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից իրենց կառույցի տղաները կենաց ու մահու կռիվ են մղել Մարտակերտի տարածքում. նրանք ընկան, Մարտակերտը մնաց կանգուն։ Իրենց արյամբ ու մասունքներով առավել թանկ ու սուրբ դարձրին հայրենի հողը եւ մարտական ընկերներին պատգամեցին լինել սրբացած հողի պաշտպանը։ Դիմելով նահատակների հարազատներին՝ Ս. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նման մարտական ընկերներ ունենալու համար, ասաց՝ սփոփանքի խոսքերն անիմաստ են, պարզապես ողջերս պարտք ենք Մարտիրոսների հիշատակի առջեւ եւ պարտական՝ տեր մնալ հայրենիքին։
Նահատակ տղաների մասին պատմեցին մարտական ընկերները։ Շավարշ Մարտունի Մուրադյանին ներկայացրեց ընկերը՝ Ավետիքը. «Շավարշը յուրահատուկ մարդ էր, տարբերվող ու նվիրված հայրենիքին։ Նա միշտ մեզ հետ է…»։ Գնդապետի ուսադիրներով ու հենափայտով բեմ բարձրացավ Եփրեմ Մարգարյանը եւ պատմեց զինակից ընկերոջ՝ Նվեր Մանուկյանի մարտական ուղու մասին. «Շատ կարելի է խոսել ընկերոջս մասին, բայց նա իսկական ֆիդայի-հայդուկ էր, ով երբեք չժխտեց իր կոչումը։ Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափարի համար էր մարտնչում։ Շատ չէր խոսում, բայց յուրաքանչյուր արտահայտած բառ իր մեջ մեծ իմաստություն ուներ»։
«1988-ից Վահան Հովհաննիսյանը շարժման մեջ էր. զենքը ձեռքին կռվել է՝ իր երգով ու խանդավառությամբ ոգեւորելով մարտական ընկերներին։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ ծանր վիրավորվել է, եւ նույն վերքը եղավ մահվան պատճառը, չի ընկճվել։ Երգելով, ընկերներին ոգեւորելով՝ ասել է. առաջ գնացեք, չնահանջեք», -մարտական ընկերոջը ներկայացրեց Սամվել Հայրապետյանը։
Ստեփան Համբարձումյան-զինվորին՝ նահատակ հայդուկին էր նվիրված մարտական ընկերոջ՝ Հովհաննես Մուրադյանի խոսքը. «Ինձ համար պատիվ է ներկայացնել մի անձնավորության, ում կարելի է վերագրել այնպիսի առավելություններ, ինչպիսիք են համեստությունը, առաքինությունը եւ հավատը՝ առ գործ, որին նվիրված էր։ Խոսքս «Արծիվ 30» մահապարտների շտաբի պետ Ստեփանի մասին է։ Ժպտերես էր ու կատակասեր, վայելում էր բոլորի հարգանքն ու սերը։ Առաջիններից էր, որ սեպտեմբերի 27-ին մեկնեց առաջնագիծ։ 29-ին ստանձնել է ջոկատի հրամանատարությունը, սակայն զինվորների հետ հերթապահում էր։ Նահատակվեց հերոսաբար…»։
Գառնիկ Միսակի Զաքարյանը ջոկատից վերջինն է նահատակվել, այս մասին տեղեկացրեց մարտական ընկերը՝ Վահե Խաչատրյանը, ումից մոտ 50 մ հեռավորության վրա է զոհվել հերոսը։ Նկարագրելով ընկերոջը՝ Վահեն ասաց՝ համեստության տիպար էր, նույն համեստությամբ էլ կռվում էր։
Հայկ Մկրտչյանը ««Արծիվ 30»-Արարատ մահապարտներ» ՀԿ նախագահ Վ. Մկրտչյանի եղբորորդին է, ով նույնպես բռնել է անմահության ճանապարհը։ Ընդամենը 19 տարեկան մարտական ընկերոջը ներկայացրեց Եփրեմ Մարգարյանը՝ ասելով՝ քաշվում էր հոպարից. «Ինձ էլ էր ասում հոպար, ցանկացած հարց մարտադաշտում միասին էինք լուծում։ Մի անգամ ասացի՝ հրամանատարությունը քո մասին շատ է խոսում, քիչ զուսպ եղիր։ Ասաց՝ իմ մասին դեռ շատ են խոսելու։ Երեւի գիտեր՝ բռնելու էր հավերժի ճամփան»։ Հայկի վերջին խոսքերն են եղել, երբ Եփրեմը հրամայել է նահանջել. «Չեմ նահանջի, չեմ կարող նայել իմ մահապարտ հորեղբոր աչքերին, ես մահապարտ եմ…»։
Դահլիճում ներկա էին նաեւ մոտ 30 սեւազգեստ մայրեր, ովքեր այս պատերազմում որդի են կորցրել։ «Արծիվ 30»-ի կողմից բոլոր մայրերն արժանացան խոնարհումի եւ շնորհակալության, արժանացան պատվոգրերի, ծաղկեփնջերի, մեծարումի։ Պարգեւները հանձնեց կառույցի շտաբի պետ Հովհաննես Քերոբյանը։ Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մեծարումի խոսքեր։ «Հավերժ» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր սեւազգեստ մայրը հայտնեց շնորհակալություն մեծարումի, գնահատանքի համար, բայց ասաց՝ միշտ հիշեք տղերքին։ Նրա որդին երկրորդ անգամ է դիրք բարձրացել, ծանր վիրավորվել եւ իր զինվորներին հրամայել է հեռանալ… Ընկերը չի կարողացել տանել վիրավորին։ Մայրը 25 դժոխային օր է քաշել, մինչեւ գտել են որդու դիակը։ «Կան մայրեր՝ մինչ օրս փնտրում են իրենց որդիներին։ Փորձեք ձեր ազգասիրությամբ վերջապես վերջ դնել պատերազմներին։ Թող որ մենք վերջին մայրերը լինենք, որ սգավոր ենք։ Սա է պատճառ դարձել, որ սեւազգեստ մայրերը միավորվել են»,- խոսքն այսպես ավարտեց նահատակ զինվորի մայրը։
Միջոցառմանը ներկա էին «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության անդամները` գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանի նախագահությամբ։ Այս կառույցի կողմից եղան պարգեւներ նահատակ զինվորների մայրերին, «Արծիվ 30»-ի անդամներին։ Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նույնպես ներկա էր, ասաց՝ պատրաստվում է մոտ օրերս մեկնել Գերմանիա եւ ատամներով նավ քաշել. հաղթանակը նվիրելու է նահատակ տղաներին։ Ընթացքում պարգեւներ հանձնվեցին «Արծիվ 30» ՀԿ նախագահին եւ 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին։ Վ. Մկրտչյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Արիություն» մեդալի, որը հանձնեց Մարտակերտի կառույցի ներկայացուցիչ Ալեքսանդր Հայրապետյանը։ Նույն մեդալով պարգեւատրվեցին նաեւ Հովհաննես Քերոբյանը, Ռազմիկ Էլոյանը, Արմեն Վարդանյանը, Կարապետ Իսախանյանը։ «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մորուք- Կարո Կարապետյանի կողմից Վ. Մկրտչյանը պարգեւատրվեց «Վահագն զորության ռազմի Աստված ոսկե զորանշան»-ով։ «Հայոց կռունկներ» ՀԿ ներկայացուցիչ Սերգո Զալիբեկյանը նույնպես պարգեւներ էր բերել։
Հանդիսավոր մասից հետո ««Արծիվ 30» Արարատ մահապարտներ» ՀԿ պատվոգրերով պարգեւատրվեցին 44-օրյա պատերազմում աչքի ընկած քաջորդիներ, ովքեր մարտնչել են «Արծիվ 30»-ի դրոշի ներքո։ Պարգեւատրվողների շարքում էին ջոկի հրամանատար Գեւորգ Նահապետյանը, մարտիկներ Տարոն Գինոսյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Վլադիմիր Բաբլոյանը, Գարեգին Վիրաբյանը, սպիտակահեր, սակայն միշտ շարքում Սամվել Փափազյանը։ «Մարդ, որի գնդացիրը չի լռել, ու չի էլ լռելու»,- այս խոսքը նվիրված էր Արման Ղազարյան-գնդացրորդին, ով նույնպես արժանացավ պարգեւի։ Նրանց թվում՝ դիպուկահարներ Էմմա Բեգիմյանն ու Նորիկ Ավետիսյանը, բժիշկ Լեւոն Եղիկյանը, Ռուբեն Դանիելյանը եւ էլի հերոսներ, ովքեր պատրաստ են միշտ կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։