Հայոց մշակույթի մայրաքաղաք Գյումրին միշտ է գերել իր էությամբ։ Այսօր էլ ժամերով կարելի է շրջել քաղաքի գեղեցիկ ու մաքուր փողոցներով, հիանալ պատմական, նաեւ նորակառույց շենքերով, կամարակապ դուռ ու դարպասներով, պատուհաններով։ Քաղաքի կյանքում շատ են կարեւորվում նաեւ մշակութային օջախները, որոնք նույնպես պահում են Գյումրու կոլորիտը, պատմությունը, անցյալն ու ներկան։
Այդ մշակութային օջախներից է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը, որը քաղաքի կենտրոնում է՝ Գայի փող. 12 հասցեում։ Օրերս այցելեցինք եզակի այս թանգարանը. մուտքին կա 2 պաստառ, որոնցից տեղեկանում ենք, թե հիմնականում ինչ է ցուցադրվում ցուցասրահներում՝ հայկական դասական գրաֆիկա, հայկական գրաֆիկա, ռեալ արտ, փոփ արտ, աբցտրակցիոնիզմ, քանդակ, ռեալ արվեստ, եվրոպական տպագրական արվեստ, խորհրդային կինոպաստառներ եւ խորհրդային կենցաղային ապակի։ Այս ամենով հարուստ՝ այսօր «Սթիլն» ունի բացառիկ նշանակություն, եւ հիմնադիր տնօրեն Արտուշ Մկրտչյանը, ով 3 տարի (2013-2015 թթ.) ղեկավարել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության բաժինը, տեղեկացրեց՝ եզակի այս մշակութային կենտրոնը հիմնել է 1991 թ. որպես պատկերասրահ։ 2019 թ. օգոստոսի 25-ից պատկերասրահը վերածվել է թանգարանի, եւ այն առաջին ու այժմ միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։
Ստեղծելով պատկերասրահը՝ Ա. Մկրտչյանն այստեղ սկսել է ցուցադրել համաշխարհային եւ հայ մշակույթի գործեր, ինչպես նաեւ՝ իր անձնական հավաքածուն, որն արվեստի տարբեր ոլորտներ է ներկայացնում։ Թանգարանի առաջին հարկում այժմ ցուցադրվում են եվրոպական փորանկարչության նմուշներ։ Երկրորդ հարկի ցուցասրահներում հիմնականում հայ երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներն են։ Իհարկե՝ նույն աշխատանքների կողքին նաեւ ավագների գործեր կան։ Ըստ Ա. Մկրտչյանի՝ թանգարանում ցուցադրված են ինչպես Հայաստանի դասական ու երիտասարդ արվեստագետները, այնպես էլ շուրջ 15 երկրի հայ արվեստագետներ. 150 նկարիչ ու 400 գործ, այդ թվում՝ Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Այս աշխատանքների մի մասն արդեն 30 տարի է՝ ցուցադրվում է Գյումրիում, մի մասն ավելացել եւ ավելանում է՝ շնորհիվ երիտասարդ ստեղծագործողների՝ մինիմալիզմ, աբստրակցիոնիզմ, ֆիգուրատիվ արվեստ, մոնումենտալիզմ:
Այս տարի գարնանը «Վերադարձ դեպի ապագա» ծրագրի շրջանակներում 50 հայազգի արվեստագետների աշխատանքներ են ցուցադրվել հայոց մշակույթի մայրաքաղաքի այս ցուցասրահներում։ Նույն ժամանակ՝ ապրիլի 7-ին, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության նախաձեռնությամբ, «Սթիլում» բացվել է «Եկեղեցական ճարտարապետություն» գրաֆիկական աշխատանքների ֆոտոցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված էին XIX-XX դարերի ռուսական եկեղեցաշինության նմուշներ՝ լուսանկարներ Վլադիմիր Բելիկովի մոսկովյան հավաքածուից: Այն հարցին՝ ինչպես է գոյացել հավաքածուն, Ա. Մկրտչյանն ասաց՝ մի մասը ժամանակավոր ցուցադրության համար է, մի մասը գնել է, մի մասը վաղուց է ունեցել՝ անձնական հավաքածուից է։
Այս շենքում խորհրդային տարիներին ակումբ է գործել, կառուցվել է 1926 թ., համարվում է քաղաքի պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը։ Տնօրենի աշխատասենյակում կա եվրոպական կերպարվեստի մի նմուշ՝ յուղաներկ կտավ։ Հեղինակն անհայտ է, այն բերվել է Գերմանիայից Երկրորդ համաշխարհայինից հետո։ Ա. Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ՝ շատ են այցելուները, որոնց մեծ մասը մշակութային ուսումնական հաստատությունների սաներ են, ուսանողներ, ինչպես նաեւ՝ դպրոցականներ։ Գալիս են այցելուներ՝ ընտանիքներով։ Լինելով մասնավոր մշակութային օջախ՝ «Սթիլը» համագործակցում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի հետ, սակայն, ինչպես նշեց Ա. Մկրտչյանը, պետական աջակցություն չի ստանում։ Այնուամենայնիվ, կարողանում է աշխատել եւ կազմակերպել տարբեր արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ, աջակցել նույն արվեստագետներին։
Այսպես՝ այս տարվա սեպտեմբերին՝ Գյումրի քաղաքի օրը, որը նշվում է ամսի 5-ին, «Սթիլը» նախապատրաստվում է նոր գրաֆիկական աշխատանքների ցուցադրության։ Նշեմ՝ այդ օրերին ցուցադրվելու է նաեւ նկարիչ դստերս՝ Անահիտ Ըռքոյանի գրաֆիկական 9 աշխատանք, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ։ Թանգարանն ունի իր հիմնական ցուցանմուշները, որոնք տարվա ընթացքում միմյանց փոխարինելով ցուցադրվում են։ Ցուցասրահներից մեկում ներկայացված է սպասք՝ հիմնականում ապակե ամաններ են, որոնք խորհրդային կենցաղային նմուշներ են, սակայն որոշներն ունեն տարիների, նույնիսկ դարերի պատմություն։ Ցուցասրահը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 11-16-ը։