Արաքսամերձ Նոր Կեսարիա գյուղն Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Այս գյուղից է Հարություն Սեյրանի Մկրտչյանը, ով հերոսացավ 2020 թ. դեկտեմբերի 12-13-ը Խծաբերդ-Հին Թաղեր մարտական դիրքերը պաշտպանելու համար մղված մարտերում: Նույն մարտում կռվում էին եւ մարտիրոսվեցին նաեւ Արմավիրի մարզի՝ իր նման քաջակորով 8 տղաներ՝ Հարություն Գեորգիի Անդրիասյանը, Սարգիս Վահրամի Հարությունյանը, Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, Սմբատ Միհրանի Ավետիսյանը, Ռոման Սուրիկի Մարգարյանը, Գեւորգ Սեյրանի Արշակյանը եւ Գարիկ Գրիգորի Բարսեղյանը։ Ցուցաբերած արիության ու խիզախության համար անմահ հերոսները հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի:
Նոր Կեսարիայից են Սեյրան եւ Լուսինե Մկրտչյանները, ունեն 3 որդի, ավագը Հարությունն էր, ով ծնվել է 1993 թ. դեկտեմբերի 30-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել հայրենի գյուղի դպրոցում։ 2011-2013 թթ. լեգենդար «Եղնիկներ» զորամասում է ծառայել։ Այստեղ լավագույն զինվորները շուտ էին արժանանում սերժանտի կոչման, դառնում մարտական հենակետի ավագ։ Հարությունը տուն եկավ ավագ սերժանտի կոչումով, կրծքանշաններով, պատվոգրերով, ծնողներին ուղղված շնորհակալագրերով։ Հայոց գյուղերում տղաները շուտ են հասունանում, մանկուց են աշխատում հողամասում, օգնում ծնողներին։ Այդպես էր Սեյրանի որդիների՝ Հարությունի, Հակոբի ու Արմենի դեպքում եւս։ Բանակից վերադառնալով՝ Հարությունն առավել մեծ սիրով նվիրվեց հողագործությանը, հիմնեց այգի։ Նրա ծրագրերը միշտ իրականանում էին, ասում է հայրը։ Ցավով ու կարոտով է նշում արաքսամերձ իրենց այգու մասին, որի ծառերը հիմնականում Հարությունն էր տնկել։ Այս հատվածում գետի աջ ափին թուրքական դրոշն է։ Ի հակակշիռ արյունոտ ու կիսալուսնով դրոշի՝ Հարությունն իրենց այգում Հայոց Եռագույնն է տեղադրել։
Համեմատած շատ հայ տղաների հետ՝ նաեւ շուտ է ամուսնացել՝ 2014 թ.։ Հերոսի առաջնեկը 4-ամյա որդին է՝ Սեյրանը, կրում է պապի անունը, դուստրը՝ Եվան, ծնվել է 2020 թ. օգոստոսի 25-ին։ Դժվար է ծնողների համար խոսել արդեն անմահության ճամփան բռնած որդու մասին։ Ընդհանրապես՝ այս տղաների նահատակությունը մինչ օրս առեղծված է համարվում։ Ծնողներին տեղեկացրել են, որ նվիրյալ հերոսի պես են մարտիրոսվել իրենց զավակները։ Ասում են՝ թուրք գեներալը, ով մասնակցել է տղերքի դիակների հանձնմանը, զարմացել է, որ մոտ մի ամբողջ օր ընդամենը 9 հոգի դիմակայել են մեծ թվով հատուկջոկատայինների, պատճառել մարդկային մեծ կորուստներ ու նահատակվել են՝ կրակելով վերջին փամփուշտը։ Խոսելով որդու մասին՝ հայրն ասում է՝ միշտ ինքը պետք է առաջինը լիներ, նույնիսկ աշխատանքում, իր խոսքը բոլորն էին լսում։ Չէր սխալվում տնտեսական ծրագրերում։ Երբ սկսվեց պատերազմը, առաջիններից էր, որ գնաց ճակատ։ Կռվել է Ջաբրայիլի տարածքում՝ ամենաարյունալի մարտադաշտում։ Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ տուն է եկել։ Սակայն նոյեմբերի 25-ին կրկին առաջնագիծ է մեկնել։
Պատերազմական այս օրերի մարտական գործողությունների ժամանակահատվածի ծառայողական բնութագրում, որը տրվել է ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մ. Կարապետյանի կողմից՝ զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանի հաստատմամբ, գրված է. «Հարություն Մկրտչյանը 2020 թ. նոյեմբերի 26-ին համահավաք վաշտի կազմով մարտական հերթափոխություն է կատարել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի մարտական դիրքում»։ Այնուհետեւ տեղեկացվում է՝ հակառակորդը, օգտվելով եղանակային վատ պայմաններից, ծածուկ մոտեցել է եւ հարձակվել մարտական դիրքի վրա՝ շրջափակման մեջ առնելով փոքրաքանակ դիրքապահներին։ Դեկտեմբերի 12-13-ի ընթացքում տեղի է ունեցել կատաղի կռիվ։ «Ավագ սերժանտ Հարություն Մկրտչյանը դիրքի անձնակազմի հետ թեժ մարտ է վարել՝ պատճառելով հակառակորդին զգալի կորուստ։ Չթողնելով դիրքը՝ արիաբար մարտնչել է մինչեւ վերջ եւ զոհվել հանուն հայրենիքի»,- կարդում ենք բնութագրում։
Հերոսի հուղարկավորությունը կայացավ հայրենի գյուղի գերեզմանոցում։ Նույն արիությամբ են կռվել նաեւ Հարությունի 8 մարտական ընկերները եւ մարտիրոսվել արիաբար։ Ընդամենը 27 տարեկան էր Հարությունը, ով, ինչպես կինը՝ Նելլին է ասում, շատ բան էր հասցրել անել։ Եղբայրը՝ Արմենը, ուղեկցում է Հարությունի կիսակառույց տան շինհրապարակ։ Չի հասցրել ավարտին հասցնել իր ընտանիքի համար կառուցվող տունը։ Միասին են աշխատել եղբայրները… Հայրը՝ Սեյրանը, չի համակերպվում որդու բացակայությանը, նեղվում է՝ այսպես չպետք է լիներ, ինչ-որ բան այնպես չէ։ Մայրը, որդու դստերը գրկած, նրա անկյունն է ցույց տալիս։ Լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, ՀՀ եւ Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալները, պատվոգրեր…
Կինը գրում է. «Հարությունի հետ ծանոթացել եմ 2014-ի ապրիլին, եւ 6 ամիս անց՝ նույն թվականի սեպտեմբերի 14-ին ամուսնացել ենք՝ կարճ ժամանակում հասցրել ենք իրար լավ ճանաչել, վստահել։ Շատ լավ մարդ էր, լավ ընկեր, ուրախ ու կատակասեր, բարի ու բոլորին հասնող։ Նվիրված էր իր նորաստեղծ ընտանիքին։ Ծնողները նրա համար առաջին տեղում էին. նվիրված զավակ էր»։ Կարոտով ու ցավով է խոսում սիրելիի մասին. «Շատ էր ուզում, որ մեր առաջնեկը տղա լիներ, ու այդպես եղավ, շատ ուրախացանք։ Ցանկությունն էր՝ հոր անունով կոչեր զավակին, այդպես էլ արեցինք։ Շատ էր սիրում որդուն. իր աշխարհն էր։ Տղաս էլ հորն էր շատ սիրում, միասին շատ ժամանակ էին անցկացնում, խաղում, զբոսնում, այգի գնում»։
Մեծ վիշտը հարազատացրել է նահատակ տղաների հարազատներին։ Անդրանիկ Շահնազարյանի կինը՝ Նունեն, ով նույնպես կորցրել է սիրելի ամուսնուն, իր հենարանին, ունի 3 անչափահաս երեխա, հույս է տալիս Նելլիին՝ գրելով. «Այս ցավը, մեր հերոս հայրերի կորուստը մեզ շատ է թուլացրել, բայց իրենք մեզ ուժեղ են ուզում տեսնել, Նել ջան…»։ Բարեկամներից Լուսինեն էլ է դիմում Նելլիին. «Նելլի ջան, մնում է միայն լավ հույսերով եւ քո անմեղ երեխաների համար ապրես»։
Այսօր հազարավոր հայ ընտանիքներ են թանկագին զավակ ու հայր կորցրել, եւ բոլորի ցավը գումարվել, դարձել է ազգային վիշտ, նաեւ՝ հպարտություն։ Այժմ բոլորիս պարտքն է՝ պաշտպան կանգնենք մեր երկրին, հետ բերենք կորուսյալ հայրենիքը։