Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունի գավառը, որը տարածված էր Որոտան գետի ավազանի անտառապատ սարահարթերում ու ձորակներում, լեռնալանջերին ու գետահովիտներում, դարեր շարունակ, մինչեւ 18-րդ դարի երկրորդ կեսը եղել է հայոց բնօրրան:
Դավիթբեկյան հերոսամարտից հետո, երբ թուլացան հայ մելիքները, մահմեդականներին հաջողվեց հայաթափ անել նաեւ այս տարածքների մի մասը, եւ բնակեցնել հիմնականում քրդերով, որոնք մինչեւ 19-րդ դարի առաջին քառորդը վրանաբնակ կյանքով էին ապրում: Այնուհետեւ սկսեցին ապրել հայոց բնակավայրերում եւ անվանափոխել անունները: Բաղք գավառը 17-18-րդ դարերում սկսել էր տրոհվել, եւ առաջացել էին փոքր գավառներ, որոնցից է Մաղանջուղը: Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն» հավելվածի՝ հիշատակվում է Սեթանց գյուղը, որը հարկ էր վճարում Տաթեւի վանքին: Հայաթափումից հետո քրդերը 19-րդ դարի 50-ական թվականներին հաստատվել են այստեղ եւ գյուղը կոչել են Սեյթաս:
1993 թ. աշնանը այս տարածքն էլ ազատագրվեց: Սեթանցը Կապան լեռան հյուսիսային կողմում է՝ Որոտանի աջափնյա վտակ Սեթանցի ափին՝ Կապան-Գորիս մայրուղուց 4-5 կմ արեւելք՝ շրջապատված խիտ անտառներով: Այն, որ Սեթանցն ունի դարերի պատմություն, հուշում են պահպանված հայոց հանգստարանը եւ մոտակա ամրոցը: 2014 թ. օգոստոսի 26-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու եւ ազգագրագետ (այն ժամանակ՝ Արցախի ՄԵ փոխնախարար) Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք Սեթանցում: Մեզ ուղեկցում էր տարածքին քաջածանոթ, այժմ՝ երջանկահիշատակ Կարո Քումունցը: Գյուղի արեւմտյան կողմում՝ գետի ափին, ծովի մակերեւույթից մոտ 1300 մ բարձրության վրա, գտնվում է անտառապատ մի բլուր, որի երեք կողմով հոսում է Սեթանց գետակը եւ դարերի ընթացքում խոր, սակայն ոչ լայն կիրճ է առաջացրել: Բլրի բնական ամրությունն օգտագործել են մեր նախնիները եւ այստեղ միջնադարում ամրոց հիմնել (հնարավոր է, վերակառուցել են ավելի վաղ շրջանի բերդը): Արեւմտյան կողմում ուղղաձիգ ժայռերի վրա պատերը դեռ պահպանվում են:
Այստեղ՝ գետի հակառակ ափին նույնպես շինության ավերակ կա: Հավանաբար այս մասում ժամանակին բացվող կամուրջ է եղել, որը ամրոցը կապել է մոտակա բլրալանջին: Այս կողմում եղել է նաեւ գաղտնուղի, որն իջել է գետակի վրա: Մոտակայքում՝ թույլ մասերում, պատեր են շարվել: Որոշ տեղերում պահպանվել են դրանց հետքերը: Բլրի արեւելյան կողմում դարձյալ ուղղաձիգ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում պահպանվել են շինությունների հետքեր՝ հիմնականում բերքատու ծառերի մեջ: Հնավայրում պահպանվել է նաեւ միջնադարյան կառույցի մի մասը՝ կրաշաղախ պատեր, մուտք: Ըստ ամենայնի՝ կառույցը եղել է ամրոցի դղյակը: Սեթանցում բնակություն հաստատած 2 ընտանիքներն այս ավերակը կոչում են եկեղեցի, սակայն կառույցի դիրքն ու տեսքն այլ են: Պատերը շարված են մշակված բազալտով, ունեն մոտ 1 մ լայնություն: Դղյակից արեւմուտք ընկած է մի սյուն՝ մեջը կլոր անցք: Հավանաբար ժամանակին այստեղ եղել է ամրոց-բնակատեղի եւ հյուսիսային մասն ամրացվել է պարսպով: Շինությունից 3-4 հարյուր մետր հյուսիս ծառերով պատված հայոց հանգստարանն է, որտեղ պահպանվել են 2 տասնյակից ավելի շիրմաքարեր: Մի քանիսը, որ խաչքար են հիշեցնում, ընկած են դեմքի վրա: Ծանրության պատճառով չկարողացանք շուռ տալ: Այնուամենայնիվ, գտնվեց մի կոտրված տապանաքարի բեկոր, որի վրա կա հայերեն արձանագրություն:
Գյուղին տիրացած քրդաթրքերը հայոց հանգստարանի վրա ծառեր են տնկել, իսկ խաչքարերը ջարդել կամ շուռ տվել դեմքի վրա: Հավանաբար նրանց աչքից վրիպել է հայերեն արձանագիր քարաբեկորը (13-14-րդ դարեր): Եկեղեցին երեւի կառուցված է եղել այս հանգստարանի մոտ եւ ավերվել է օտարների ձեռքով, ինչպես գերեզմանատունը: Այնուամենայնիվ հստակ պատկերացում ունենալու համար պետք է տարածքում պեղումներ իրականացվեն, խաչքարերն իրենց տեղը դրվեն: Ցավոք, 2020 թ. սեպտեմբերյան պատերազմից հետո Սեթանցը կրկին հանձնվեց թուրքին: Հանձնվեց առանց կռվի: Նույն տարածքով է անցնում ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը…