Իրադարձություններ են լինում ժողովուրդների կյանքում, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը: Այսպիսի մեծ ու կարեւոր իրադարձություն էր 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը: Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է:
Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ:
Հայ ժողովուրդը ստիպված է եղել բազմիցս անցնել դեպի անկախություն տանող անասելի դժվար ճանապարհով` հաճախ գիտակցելով, որ կենաց ու մահու կռիվ է տալիս ոչ միայն անկախության, այլեւ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար:
Եվ ահա այդ ամենամեծ արժեքը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, մենք` երիտասարդ սերունդս, ժառանգեցինք մեր ավագ սերնդից, մեր հայրերից: Հայրենիքը եւ առհասարակ Հայրենիքի գիտակցումը մեզ համար ծնողապաշտության նման մի երեւույթ է, իսկ Հայրենիքի անկախ լինելը` բացարձակ արժեք: Անկախությունը ամեն օրվա համառ պայքար է, երբ քո աշխատանքի եւ մտածելակերպի մեջ ազատ ես, դա անկախություն է: Եթե դուք որպես անձ անկախության ձգտում չունեք, հայրենիքի անկախությունը արժեք չի ներկայացնում: Անկախության համար մեր պայքարը շարունակվեց նաեւ 20-րդ դարավերջին: Այս անգամ, սակայն, վտանգված էր ոչ միայն մեր ֆիզիկական գոյությունը, այլեւ ազգային ինքնությունը: Մենք գիտեինք, որ անկախության ճանապարհը լինելու է կորստաշատ, սակայն ազգովի ու գիտակցաբար ընտրեցինք այդ դժվարին ուղին, որով մեկ անգամ արդեն անցել էինք դարասկզբին` 1918 թ. մայիսի 28-ին` կերտելով ազատ, անկախ պետություն, որը, ցավոք, գոյատեւեց ընդամենը երկուեւկես տարի: Անկախությունը երբեք մեզ հեշտ չի տրվել, այն միշտ ձեռք ենք բերել արյան գնով:
Այսօր մեր անկախ պետությունը 30 տարեկան է: Եկեք շնորհավորենք միմյանց այս կարեւոր իրադարձության կապակցությամբ ու ամեն մեկս մեր չափով նպաստենք մեր անկախ երկրի հզորացմանը` հանուն անկախության կերտման ճանապարհին նահատակված մեր բազում արիասիրտ հայորդիների, հանուն գալիք սերունդների եւ ի փառս հայրենիքի:
Հայկ ՄԽՈՅԱՆ
Երգիչ-երաժշտագետ