Արթուր Չիլինգարովը միակ բեւեռախույզն է, որ վեց ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բեւեռում. ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում։ Ինձ նման գրասեղանի առջեւ աշխատողը հազիվ թե պատկերացնի, թե ինչ է դա, սակայն աշխարհագրագետները, ճանապարհորդ հետազոտողներն ու հատկապես բեւեռախույզները շատ լավ գիտեն, թե ինչ խիզախ, կամային ու նպատակային պետք է լինի մարդու տեսակը, որ հաղթահարի անհաղթահարելին…
Մենք սովոր ենք հերոսներին փնտրել հեքիաթներում, հավատալ նրանց գերբնական ուժին, ճարպկությանը, թվում է, թե մարդկային հնարավորություններից վեր նրանց գործողություններին, չենք պատկերացնում, որ այդ նույն հեքիաթի հերոսներն ապրում են մեր կողքին, մեզ հետ եւ նույնքան հրաշագործ են, որքան գրքային հերոսները, էլ չասած, որ շատ դեպքերում գերազանցում են նրանց։
Չիլինգարովի մանկությունն ու պատանեկությունն անցել են, ինչպես ինքն է ասում, պիտերյան բակերում, մեծացել է առանց հոր. հայրը` Նիկոլայ Չիլինգարովը, ազգությամբ հայ, Լենինգրադի բլոկադայի ժամանակ մարզային ու քաղաքային առաջին քարտուղար Պյոտր Պոպկովի օգնականն էր, ում հետ միասին դատվել է «Լենինգրադի գործով». Պոպկովը գնդակահարվել է 1950 թ., հայրը` հրաշքով փրկվել, իսկ հետո` 1954-ին, երկուսն էլ արդարացվել են, հայրը մահացել է քաղցկեղից։ Լենինգրադյան բլոկադայի ժամանակ` առողջական խնդիրների պատճառով, մայրն էլ (ազգությամբ ռուս) ստիպված էր լքել քաղաքը, ինքն ու քույրը մնացել են տատի մոտ, ու հենց պիտերյան բակերում էլ կոփվել է կամքը, ձեռք բերել համարձակություն, արկածախնդրություն, կռիվ արել, սովորել առանց «փայլուն» գնահատականների ու ստացել «Պաշարված Լենինգրադի բնակչի» նշան…
Այն ժամանակ, իհարկե, չէր մտածում ո՛չ օվկիանոսների, ո՛չ էլ երկրագնդի բեւեռների մասին, նման երազանք չուներ, բայց տղաների հետ հրացան, կարաբին, երկու ատրճանակ էին գտել ու բակում շտաբ սարքել, ինքն իրեն էլ` գնդապետ հռչակել, իսկ առանց կարկատանների շալվար անգամ չուներ, բայց երբ մեծացավ, հասկացավ, որ անթերի համազգեստ ու մի բան էլ` ձրի ուտելիք կարող է ունենալ միայն «մակարովկայում»` ծովակալ Մակարովի անվան Լենինգրադի բարձրագույն ինժեներա-ծովային ուսումնարանում… Դե ինչ, մտածելու բան չկար` ուղիղ այնտեղ… Քննություններից հետո, սակայն, պարզվեց, որ անունն ընդունվողների ցուցակում չկա, բայց Չիլինգարովը հուսահատվողներից չէր. այս անգամ` ուղիղ ուսումնարանի վարիչ Կոշկինի մոտ, դե նա էլ համառ դիմորդին առաջարկեց ընդունվել արկտիկական ֆակուլտետ, իսկ տասնիննամյա Չիլինգարովի հումորն ու հանդգնությունը բավարարեցին՝ հեգնելու առաջարկը. «Դե, ինչ, ծայրահեղ դեպքում կդառնամ ուսումնարանի վարիչ». բայց դարձավ օվկիանոսագետ, աշխարհագրագետ ու զբաղվեց բազմաթիվ այլ գործերով, այդ թվում եւ քաղաքական, դարձավ Տուլայի մարզի պատգամավոր, իսկ ծովային առաջին համազգեստը հագավ ոչ թե նավի վրա, այլ Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնի բեմի մասսայական տեսարաններում, որտեղ ապահովված էր ծովային սրտխառնոցից։ Այսպես, մի կողմից ինքն էր ընդառաջում կյանքին, մյուս կողմից` կյանքը նրան, սակայն հանդիպումներն ամենեւին էլ հեշտ չէին. Կարայի ծովում` պրակտիկայի ժամանակ, պարզվեց, որ սարսափելի սրտխառնոց է ունենում, մտածեց` վերջ, մեռնեմ` էլ ծով չեմ մտնի, բայց նա, իհարկե, նահանջողը չէր, մանավանդ որ մեծ ջրերը նրա ուսումնասիրության կարիքն ունեին։
Չիլինգարովի ցանկացած ձեռնարկում անվերապահորեն կարելի է համարել արկածախնդրական. նա այնտեղ էր, ուր չէր գնա ոչ ոք, եւ ոչ ոք չէր անի այնպես, ինչպես մեծ բեւեռախույզն ու դրեյֆող սառույցների տիրակալը. նրան վստահում ու հավատում էին, ու երբ 1985 թ. «Միխայիլ Սոմով» սառցահատն Անտարկտիդայի մոտ ենթարկվեց աղետի, նրա փրկարարական արշավախումբը ղեկավարեց հենց Չիլինգարովը, բայց երբ «Վլադիվոստոկ» սառցահատով փորձում էին փրկել «Սոմովը», իրենք էլ ենթարկվեցին աղետի. սառցաբեկորը ճեղքվեց, ու քիչ էր մնում՝ անցնեին մութ ջրերի տակ. արդեն իրե՛նք օգնության կարիք ունեին. օգնության չդիմեցին, ժամանակ չկար, հաղթահարեցին ու «Սոմովն» էլ փրկեցին. թեեւ դժոխք էր` -40-ից -50 աստիճան, եւ սրտխառնոցից բոլորը փռվել էին տախտակամածին, դուրս եկան հաջողությամբ, ոչ մի զոհ չեղավ` ի տարբերություն այն ներկայացնող «Սառցահատը» ֆիլմի, որտեղ իրադրությունը դրամատիզացնելու նպատակով չէին դիմացել առանց զոհերի, այնինչ հերոսությունը հենց դա էր… «Եթե մի հոգի զոհվեր,-ասում է արշավախմբի ղեկավար Չիլինգարովը,- արշավը կհամարվեր անհաջող»,- եւ նա դրա համար ստացավ առաջին Կարմիր աստղը…
Զուտ արկածախնդրական ձեռնարկ էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ամենախոր կետը սուզվելը` մոտ 4 կմ 300 մ… Ո՜վ էր պարտադրում… Երբ Չիլինգարովը երկրի ղեկավարին` Վլադիմիր Պուտինին, անկեղծորեն ներկայացրել է բոլոր բարդություններն ու ռիսկերը, վերջինս ասել է. «Ձեր տեղը լինեի, չէի գնա»: Բայց Չիլինգարովն ի՛ր տեղում էր… Սուզորդների համար խնդիրը նույնիսկ խորությունը չէ, այլ սառցաբեկորները, ցուրտն ու ականակույր խավարը։ Ըստ Չիլինգարովի՝ սուզվելը մի բան է, բոլորովին այլ բան` այնտեղից դուրս գալը. «Սառույցների տակից ոչ ոք չի բարձրացել…»: Արշավախումբն անձամբ էր ղեկավարում եւ անձամբ էլ սուզվեց խմբի հետ միասին` «Միր-1» եւ «Միր-2» կայաններով. թեեւ նշանավոր գիտնական եւ կոստրուկտոր, պրոֆեսոր-օվկիանոսագետ, բազում սուզումներ իրականացրած Անատոլի Սագալեւիչը եւ ինժեներ-կոնստրուկոր Եվգենի Չեռնյաեւը շատ լավ էլ գործից գլուխ էին հանում, բայց 68-ամյա Չիլինիգարովը չէր կարող ռիսկի գոտուց դուրս մնալ` հստակ պատկերացնելով հավանական հետեւանքները. անգամ կտակ էր թողել տղային` իրեն բարի հիշելու եւ այլ հանձնարարականներով… Եվ, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց մեծ դժվարությամբ հասնել բեւեռի կետին, տեղադրել Ռուսաստանի` տիտանական չափերի դրոշը, ուրախությունից գոռալ` ապրելով նյարդային էներգետիկա, քաղց, դժոխային խավարից ու հսկայական սառցաբեկորների տակից դուրս գալու անհանգստություն. միայն ջուր էին խմում. դժվարն առջեւում էր… 9 ու կես ժամ կյանքի ու մահվան սահմանագծին… Չիլինգարովը երկրորդ Կարմիր աստղն ստացավ արդեն ցամաքում… ԱՄՆ-ը եւ այլ երկրներ բողոքեցին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում Ռուսաստանի դրոշը տեղադրելու դեմ… Չիլինգարովն անվրդով պատասխանեց. «Նրա կողքը բավականին տեղ կա, թեկուզ երեսուն դրոշ էլ կարող եք տեղադրել…»: Բայց նա առայժմ միակն է, որ հասել ու վերադարձել է այնտեղից, իսկ ի՞նչ կար այնտեղ` օվկիանոսի խուլ հատակում: «Հատակը հատակ է,- քմծիծաղում է բեւեռների տիրակալը,- զուտ լուսնային մակերեւույթ…»: Հաջողվել էր ընդամենը մի ինչ-որ նմուշ բարձրացնել այնտեղից։ «Բոլոր էքստրեմալ արշավախմբերը եղել են առանց պետական միջոցների»,- նշում է խիզախ բեւեռախույզը, սակայն 78 տարեկանում հույս ուներ, թե պետությունը կֆինանսավորի երազանքի իրականացումը՝ հասնել Մարիանյան իջվածքի` 11 ու կես կմ խորքային կետին։ Պատկերացնելու համար խորությունների սիրահար օվկիանոսագետի գայթակղությունը, ասենք, որ 2012 թ. մարտի 26-ին հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը երրորդն էր, որ հասավ իջվածքի ամենախոր կետին եւ առաջինը, որ դա արեց միայնակ. նա սուզվեց մեկտեղանոց` «Դիպսի չելենջեր» ապարատով` նկարահանման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
Դժվար է մի հոդվածի սահմաններում թվարկել անգամ Արթուր Չիլինգարովի գործունեության ոլորտներն ու ձեռքբերումները, միայն հավելենք, որ քաղաքական ասպարեզում նա նույնպես գործի մարդ է ու շատերի տեսանկյունից` նույնքան առանձնահատուկ. այսպես` 2012 թ. դեկտեմբերի 26-ին քվեարկելով ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուս երեխաների որդեգրման դեմ՝ իր քայլը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Եթե պետք է, ինքս կորդեգրեմ, ես այդ մասին էլ եմ մտածել։ Կարծում եմ՝ բոլորը, ովքեր քվեարկել են, պարտավոր են մի-մի երեխա որդեգրել»։ Ինքը` Չիլինգարովն ունի երկու երեխա` տղա եւ աղջիկ, իսկ ընտանիքը նրա հետ մեկնել է այնտեղ, ուր ինքն է եղել. սիրելի կինը` Տատյանան, միշտ նեցուկ է եղել ամուսնուն, անգամ որդին ծնվել է Նենեցյան ինքնավար մարզի Զապոլյարնի շրջանի Ամդերմա գյուղում, իսկ ողջ գյուղը` տոնել նրա ծնունդը երգ-ուրախությամբ։ Որդուն կոչել է հոր անունով` Նիկոլայ։
Սեպտեմբերի 25-ը մեծ բեւեռախույզի ծննդյան օրն է: Շնորհավոր եւ երկար կյանք կյանքը սիրող պայծառ մարդուն…