Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, մեր ժողովուրդը հերթական արհավիրքին դեմ առավ: Ադրբեջանա-թուրքական եւ այլ երկրների կողմից սանձահարվեց պատերազմ Արցախի սահմանի ողջ երկայնքով: Հայոց բանակն ու ժողովուրդը ոտքի ելան՝ դիմակայելու թշնամուն:
Պատերազմը տեւեց 44 օր, սակայն մեր պատմության մեջ այդ 44 օրերը կմնան որպես չարիք ու ծանր վիշտ: 44-օրյա պատերազմում, դրանից հետո հազարավոր հայորդիներ՝ զինվորականներ ու կամավորականներ, պահեստազորայիններ ու աշխարհազորայիններ կռվեցին ու պայքարեցին, բայց եղավ այն, ինչ ունենք այսօր… ՀՀ երկրապահ կամավորականներից այս պատերազմին մասնակից եղան ավելի քան 4000 հոգի, նրանցից 77-ը դարձան հավերժի ճամփորդ, 115-ը վիրավորվեցին: Այսօր էլ ԵԿՄ անդամները հսկում են Հայոց սահմանները:
44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, նույն պատերազմի առաջին տարելիցին ՀՀ ԵԿՄ վարչության շենքի մուտքի մոտ, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ խաչքարի բացման եւ օծման արարողություն: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պետական ու զինվորական այրեր, երկրապահ կամավորականներ ՀՀ տարբեր մարզերից, Երեւանից, զոհվածների հարազատներ, պատանի երկրապահներ, հյուրեր: Հնչեցին ՀՀ, ԱՀ եւ Երկրապահի օրհներգերը, եղավ լռության րոպե: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ ազատամարտիկ, «44 օր» ՀԿ նախագահ Ֆելիքս Պողոսյանը, ում որդին նույնպես անմահացել է Արցախյան վերջին պատերազմում: Ողջունելով ներկաներին եւ փառք տալով նահատակներին՝ Ֆ. Պողոսյանն անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմի խնդիրներին՝ ասելով, որ այս պատերազմում պարտվեցինք, քանզի մեր թերացումներն ամենուրեք էին: Սակայն հորդորեց՝ չհուսահատվել, այլ դասեր քաղել պատմությունից, ամեն ջանք իրականացնել ու շենացնել մեր երկիրն ու բանակը: Խոսելով որդու մասին, ով վերադարձել էր Ամերիկայից եւ զինվորագրվել՝ սահման մեկնելու համար, ասաց՝ հարցական նայեցի դեմքին: Որդին պատասխանել է՝ չեմ ցանկանում պատերազմի բեռը թողնել զավակներիս վրա, ինչպես ավագ սերունդը թողեց մեզ վրա:
«Մեր զինվորների, տղայիս թափած արյունը չեմ համարում, որ իզուր էր: Դիմադրելով, կռվելով, հերոսություն ցուցաբերելով՝ նրանք փրկեցին մեր երկիրը, Արցախը: Եթե չլիներ այդ հերոսական դիմադրությունը, հավանաբար, կկորցնեինք մեր բանակը եւ մեր պետականության վերջին հույսը՝ Արցախը: Կարծում եմ, որ նրանց թափած արյունը ծառայել է մեր հայրենիքին»,- խոսքն ավարտեց Ֆ. Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵԿՄ վարչությանը՝ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման առթիվ:
Ելույթ ունեցավ նաեւ պատանի երկրապահ-աղջնակը, ով նշեց, որ իր սերունդը հետ է բերելու 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների արյամբ սրբացած հայրենիքը: Այնուհետեւ տեղի ունեցավ խաչքար-հուշակոթողի բացման եւ օծման արարողությունը: Հոգեւոր հայրերը Տերունական աղոթքով սկսեցին սուրբ արարողությունը, եւ խաչքարն օծվեց ու դարձավ սրբատեղի: Դիմելով ներկաներին՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ասաց՝ չկա ավելի բարձր արժեք, քան հայրենիքը, որի շահը վեր դասենք ամեն ինչից: «Նահատակ քաջորդիների սխրանքը մշտապես է գնահատվելու»,- ասաց հոգեւորականը եւ ողջունեց ԵԿՄ վարչության ձեռնարկը:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում ցավով նշեց, որ մեր ազգը դարեր շարունակ սովորել է պատերազմներին եւ դրանց ընթացքում կորուստներ ունենալուն: Իր խոնարհումը բերեց հայոց հերոսածին մայրերին, ովքեր իրենց զավակներին չեն արգելել՝ սահման մեկնել, եւ շատերը կորցրեցին սիրասուն որդիներին, հարազատներին: Ասաց, որ ժողովուրդը չի պարտվել, եւ դիմեց պետական այրերին՝ աշխատեն եւ ժողովրդի միջից հանեն անորոշությունը: Կոչ արեց՝ համախմբվել եւ պատրաստ լինել Հայոց սահմանները պաշտպանելուն: Այս առումով կարեւորեց Հայոց բանակի հզորացումը: Ս. Միքայելյանը նաեւ գնահատեց «Պատանի երկրապահի» դերը եւ նշեց՝ ցավ է, որ մեր երեխաներին պատրաստում ենք պատերազմի, բայց պարտավոր ենք, քանի որ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք թշնամի հարեւաններ: «Հպարտ եմ «Պատանի երկրապահ»-ով,- ասաց Ս. Միքայելյանը,- մենք Հայոց բանակին տալիս ենք պատրաստի զինվոր»:
Հանդիսավոր մասից հետո ԵԿՄ վարչության դահլիճում ցուցադրվեց ֆիլմ երկրապահների՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու մասին, այնուհետեւ եղավ այցելություն Եռաբլուր: