Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան), ով այս ընթացքում բուժումը շարունակում էր հիվանդանոցում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։
2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։
2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։
Ունի մեկ որդի: