Պատերազմից հետո Արցախում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունում, երբ պետության առջեւ ծառացած են լրջագույն մարտահրավերներ, առաջնահերթ ինչ քայլեր են անհրաժեշտ ավերածությունների վերացման, պետության վերականգնման եւ անվտանգության ապահովման համար: Ինչպես մեղմել սոցիալական լարվածությունն ու զբաղվածության խնդիրը, աստիճանաբար ցրել մարդկանց մտավախությունները՝ «ակնկալվող նոր ցնցումների» վերաբերյալ, եւ նրանց տրամադրել հեռահար, լավատեսական նպատակների ու ծրագրերի: Գլխավորապես հարցերի այս շրջանակն է քննարկումների առարկա դարձել Արցախի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության մասնակցությամբ կայացած հանդիպմանը, որտեղ հերթական անգամ հյուրընկալվել էր ճանաչված տնտեսագետ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը:
Բանախոսը ներկաներին տեղեկացրեց, թե արցախյան 44-օրյա պատերազմից հետո իր ու Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) մտահղացմամբ ինչպես է ձեւավորվել քաղաքացիական խորհուրդը եւ մշակվել Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացման տեսլականը, որը, գիտական շրջանակների համոզմամբ, դրական, շոշափելի դերակատարություն կարող է ունենալ դժվարությունների հաղթահարման եւ կայուն նախադրյալների ստեղծման ճանապարհին: Նրա խոսքով՝ 300-ից ավելի մտավորականներ են ընդգրկվել կառույցի կազմում, եւ ծրագրվող աշխատանքները համակարգելու նպատակով ձեւավորվել է 12 հանձնախումբ: Տնտեսագետը, չնայած դեռ վաղ է համարում «նախնական արդյունքների մասին» փաստերի արձանագրումը, միեւնույն ժամանակ վստահ է, որ խորհրդի սպասելիքները կարդարացվեն: Նա ավելորդ չհամարեց լսարանի հետ կիսել իր լավատեսությունը Արցախում շրջագայության եւ հանդիպումների ժամանակ ստացած տպավորություններից: Գիտնականը նշեց, որ տնտեսության վերականգնման ու առողջացման հետ առնչվող հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել երկրի բարձրագույն ղեկավարությանը, ինչն ընդունվել է ըմբռնումով:
Անդրադառնալով տնտեսական անվտանգության դիվանագիտությանը, Թ. Մանասերյանը, մասնավորապես, խոսել է հնարավոր սպառնալիքների եւ դրանց չեզոքացմանն ուղղված ճկուն քայլերի մասին: Տնտեսական անվտանգության ոլորտում նա երեք կարեւորագույն խնդիր է առաջ քաշում. երկրի անվտանգության երաշխիքների (նախապայմաններ) ստեղծում, արժանապատիվ աշխատանքի, զբաղվածության ապահովում եւ անհատի կողմից՝ ազգային գիտակցության ընկալում: Երկրի զարգացման հիմքում կարեւորելով անվտանգության եւ մրցակցության նշանակությունը՝ Թաթուլ Մանասերյանը հատկապես առանցքային է համարում հասարակության շրջանում ազգային գիտակցության արմատավորման պահանջը: Ելնելով ժամանակի իրողություններից՝ նա այդ համատեքստում դիտարկեց նաեւ այն սպառնալիքների շարքը, որոնք վերաբերում են ժողովրդագրական, պարենային, սոցիալական եւ հոգեբանական անվտանգությանը:
Գիտնականը կարծում է, որ անհրաժեշտ է «օր առաջ» խորությամբ ուսումնասիրել բոլոր սպառնալիքները եւ գտնել դրանց լուծման բանաձեւը: «Այս խնդիրները մենք պիտի առօրյա առաջնահերթություններ համարենք եւ հետամուտ լինենք դրանց իրագործմանը: Եթե ազգային ինքնագիտակցությունը յուրաքանչյուրիս մեջ չարմատավորվեց, ապա անվտանգության բաղադրիչների մասին խոսելն անիմաստ է, եւ անտարբերությամբ ու սնապարծությամբ երկիր պահել չենք կարող»,- իր համոզմունքն է հայտնում տնտեսագետը եւ առաջարկում ունենալ կայուն մտավոր ներուժ ու ազգային օրակարգ, ինչը թույլ կտա Արցախը զերծ պահել հետագա ցնցումներից եւ սպառնալիքներից: Նրա կարծիքով՝ «եթե ցանկանում ենք, որ մեր գործունեությունն արդարացված լինի, առաջնահերթություններից ելնելով, սոցիալական եւ տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր պիտի իրականացնենք սահմանամերձ բնակավայրերում, բարելավենք ժողովրդագրական պատկերը, պահենք ու շենացնենք երկիրը»:
Բանախոսն իր ելույթում անդրադարձել է նաեւ ռեսուրսների հաշվառման եւ օգտագործման ուղիներին, որոնց կարեւորությունը էական նշանակություն ունի հետպատերազմյան շրջանում: Այդ տեսանկյունից նա որոշիչ քայլ է համարում հմուտ եւ արհեստավարժ մասնագետների հավաքագրումն ու տնտեսության մեջ նրանց հարուստ փորձի կիրառումը: