Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛,-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
Տերյանական ահասարսուռ տագնապի դաժան զգացումը մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում պատել է հայրենիքի ցավով ապրող մեր մտածողներին, երբ թվացել է, թե ահա ուր որ է կկտրվի հուսո թելի վերջին հանգույցը, ու մեր ոտքերի տակից կչքանա դրախտավայր երկիրը, որից ամեն անգամ մի կտոր փրցնելով` մեծ բավականություն է ստանում թշնամին ու, այնուամենայնիվ, չի բավարարվում եւ կրկին ու կրկին` որպես որսաշուն, սպասում հարմար առիթի` հագուրդ տալու ծակ որկորի անհագուրդ քաղցին… Այսպես է եղել դարեր շարունակ… Եկել են, իշխել, անհետացել պատմության թատերաբեմից, մինչդեռ մեզ թվացել է, թե մե՛ր վերջն է եկել նրանց գալով…
Եկել են անուս, անգրագետ, բռի, սոսկ ուժ ցույց տալու մղումով, ինչպես որ միջնադարյան թյուրքալեզու ղփչաղները, ովքեր գիր չունեին, բայց ունեին ախորժակ` գիր ունեցող ժողովուրդներին իշխելու, եւ մենք` հայերս էլ, հայտնվելով նրանց իշխանության տակ, յուրացրինք նրանց լեզուն եւ գրավոր արտահայտվելու համար ստիպված էինք ղփչաղերենը գրել մեր տառերով, ու առաջացավ հայատառ ղփչաղերենը, այսինքն` մենք նրանց գրի մշակույթ տվեցինք, բայց նրանք այնքան խելահաս չեղան, որ օգտվեին դրանից, որ դառնային մշակութային, այլ շարունակ բախումներ փնտրելով այս կամ այն ազգի ու ժողովրդի հետ, ի վերջո ջլատվեցին, շատերը ոչնչացան, մի մասը խառնվեցին մոնղոլ-թաթարներին, մի մասն էլ` այլ ժողովուրդների։
Ու հիմա նորից «վերջին պոետի» տագնապով ենք ապրում, ու թվում է, թե քնած է երկիր Նաիրին, քանզի մահն այնքան է ներկա մեր կյանքում, ասես` կյանքը մահն է, որ կա, ու մենք ծնրադրում ենք նրա առաջ, քանզի սրբացած է ու հարազատ… Բայց չէ, այդ թվացյալ նինջի մեջ արթուն է ցասումը վրեժի, արթուն է մեր ժողովրդի ապրելու կամքը, եւ դեռ նոր է տարին բոլորում դավադիր պատերազմի, բայց արդեն ծնվել ու ծնվում են մեր զոհված հերոսների զավակները, քույրերն ու եղբայրները, թոռները, ապագայի արարիչներն ու մարտիկները, ընտանիքներ են կազմում ձեռք ու ոտքից, տեսողությունից զրկված քաջորդիները, ում գրկաբաց ու սիրով են ընդունում նվիրյալ ու ոչ պակաս քաջ հարսնացուները` հրաշալի գիտակցելով միասին ճանապարհ անցնելու թե՛ բարդությունները, թե՛ դրանք հաղթահարելու բավականությունը, ու մի՞թե հնարավոր է ընկճել կամ չսիրահարվել ու չսիրել այն տեսակին, ով ուժ է գտնում իր մեջ կտրած թեւով ձգելու 2,5 տոննա ծանրություն ունեցող ավտոմեքենան ու, զույգ թեւերի բացակայությամբ, ժպտալով հեգնելու այդ թեւերը կտրած թշնամու անզորությունը…
Հայ ժողովրդի ուժն ու զորությունը ատելությունից չէ, որ ծնվում են, այլ կյանքի ու մարդու հանդեպ սիրուց, եւ այդ սիրով է, որ, ի հեճուկս բոլոր չարակամների ու թշնամիների, հարատեւում է ու արարում, եւ մի՞թե կարելի է հաղթել ու ընկճել մի ժողովրդի, ում կենցաղն իսկ արարում է ու արվեստ, ում ճակատին կնիքն է հազարամյակների մշակույթի… Մայրաքաղաքի Վերնիսաժին ոչ միայն տեղաբնակներս ենք ծանոթ, այլեւ զբոսաշրջիկները շատ լավ գիտեն դրա տեղն ու հաճույքով են այցելում. այստեղ իր կենսալի գույներով են բացվում հազարամյակների մեր կենցաղն ու նրա պատմությունը` սկսած պղնձե կաթսաներից, կարպետներից, կավե ամանեղենից, փայտե գործերից մինչեւ զարդուզարդարանք. մեր վարպետները ոչ միայն հնության բույրն են պահպանել ու մատուցում, այլեւ վերակենդանացնում են այն նոր ժամանակների շնչով, եւ այցելուն ուրախություն ու բավականություն է ապրում այդ յուրահատուկ բացօթյա թանգարան-շուկայից, ուր տեսնելու, սովորելու շատ բան կա, ու եթե որեւէ մեկը անգամ այնտեղից դուրս գա առանց որեւէ գնումի, թեեւ դա անհնար կամ հազվադեպ բան է, քանզի անհնար է այնտեղից դուրս գալ առանց որեւէ բան հետը տանելու գայթակղության, այնուամենայնիվ, եթե նման բան պատահի, տպավորությունները` ափսոսանքի հետ երկար ժամանակ կուղեկցեն, եւ վերադառնալու ցանկությունը ոչ մի կերպ չի լքի նրան, իսկ դրական հույզերը, որ փոխանցվում են այցելուին, ոչ միայն գունագեղ, յուրօրինակ, եզակի իրերն են, այլեւ այդ իրերը ներկայացնող բանիմաց, կիրթ ու բարեհամբույր վաճառողները, ովքեր համբերությամբ ու սիրով են մատուցում իրենց աշխատանքներն ու դրանց հետ կապված ազգային մշակույթի պատմությունը։ Եվ սա ընդամենը հայ ժողովրդի կենցաղն է…
Ցավով պետք է նշել, որ ետխորհրդային շրջանում ազատության անվան տակ գլուխ բարձրացրեց ամենաթողությունը, եւ էկրաններն ու բեմերն սկսեցին գրավել ապաշնորհները` խեղաթյուրելով թե՛ մեր կենցաղը, թե՛ գիտությունն ու արվեստը. թվաց, թե հայ ժողովրդի միտքն ու հոգեւոր արժեքները մնացին անցյալում եւ սահմանափակվեցին դասական անունների ու նրանց գործերի շրջանակներում, սակայն մշակութային ասպարեզ նետված մակերեսային խոտանը ամենեւին էլ ի զորու չեղավ խեղդել ու խլացնել նորօրյա տաղանդների ձայնը. այսօր նրանք գրավել են օտար բեմերը, պատկերասրահները ու զարմացնում, հուզում են աշխարհին իրենց վիրտուոզ կատարումներով, իրենց ներկապնակի գույներով, մտքի ու հոգու թռիչքներով, ստեղծագործում են ամենուրեք` թե՛ հայրենիքում, թե՛ օտար ափերում, լցնում նաեւ վիրտուա՛լ աշխարհը հայի շնչով ու ներկայությամբ… Չկա այնպիսի զենք, որ կռվի արարման դեմ ու հաղթի. մնում է մե՛ր պետությունը հոգա տաղանդների մասին, մե՛ր բեմերն ու էկրանները լցնի նրանց արարումներով, եւ մե՛ր ժողովուրդը տեղյակ լինի իր հոգու գանձերին ու չկողոպտվի հանիրավի, քանզի մեզ մեր հոգու արիությունն է պահպանում, մեր մտքի ու ձեռքի աշխատանքը, որի հետ ծանոթությունը պետք է սկսվի ծնված օրից, ուղեկցվի ողջ կյանքում եւ դաս լինի բոլոր ժամանակների համար, իսկ մեր մարտիկները ռազմի գործը պետք է սովորեն դպրոցական նստարանից, ինչպես ժամանակին կրթվում էին մեր ազնվականները եւ ռազմի գործը պատիվ համարում իրենց, եւ իրենք էին առաջնորդում հայրենյաց զորքերը, քանզի առանց հայրենիքի` նույնն է, ինչպես ապրել որբանոցում` որբի աննախանձելի կյանքով…