Աշխատանքի բերումով ճանաչում էի Քաշաթաղի շրջանի շատ դպրոցականների, երիտասարդների։ Մելիքին ճանաչում էի դեռ միջին դասարաններում սովորելիս, երբ շրջանի տարբեր դպրոցներում կազմակերպվող միջոցառումների էր մասնակցում եւ աչքի ընկնում իր գիտելիքներով, համեստությամբ ու ամենակարեւորը՝ մշտական ժպիտով։
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Որոտնավան գյուղում է ծնվել Մելիք Սեյրանի Սողոմոնյանը՝ 2001 թ. մայիսի 14-ին։ Սկզբնական կրթությունը ստացել է Ուռուտի միջնակարգ դպրոցում։ 2010 թ. նրանց բազմազավակ ընտանիքը տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Վարդաբացի գյուղական համայնքի Քարոտան գյուղում, որն ընկած է Որոտան գետի ձախ, իսկ Հակարիի՝ աջ ափերին։ Սեյրանի 8 զավակներից 7-րդը Մելիքն էր՝ խելացի ու աշխատասեր պատանի, որ բնակություն հաստատեց նոր հայրենիքում։ Շատ գյուղացի պատանիների նման Մելիքն էլ օգնում էր ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում, ձգտում հնարավորինս օգտակար լինել ընտանիքին։ Միաժամանակ լավ էր սովորում. նպատակներ շատ ուներ։ Միջին ու բարձր դասարաններում մասնակցում էր դպրոցական, շրջանային ու հանրապետական կրթական ու արտադպրոցական միջոցառումների, հաճախ էր ճանաչվում հաղթող։ Գերազանց առաջադիմությամբ 2019 թ. ավարտեց Քարոտանի միջն. դպրոցը։
Ի՜նչ խանդավառությամբ էր մասնակցում «Վերջին զանգի» արարողությանը, որը կայացավ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի կազմակերպմամբ։ Մինչ այդ մասնակցել էր դպրոցականների առարկայական օլիմպիադաների։ Բերձորում հանդիպեցի Քարոտանի դպրոցի աշակերտներին տնօրենի գլխավորությամբ։ Բարձր տրամադրություն ունեին բոլորը։ Դպրոցի տնօրեն Սաթենիկ Սարգսյանը գովեստով խոսեց իր սաների մասին. «11-րդցի Սոնա Վարդանյանը ցանկանում է թարգմանիչ դառնալ եւ որոշել է դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետ: Մելիք Սողոմոնյանն ավարտելու է այս տարի»։ Ուրախացա, երբ հայտնեց, որ Մելիքը ցանկանում է ընդունվել Արցախի պետական համալսարանի ֆիզմաթ բաժին: Մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները սիրում է եւ լավ է սովորում: Ասաց, որ պատմության պատասխանները նույնպես լավ է գրել, ցանկությունն է՝ նաեւ հանրապետական փուլին մասնակցի: Նույն տարի էլ ընդունվեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Գիտեր՝ ընտրած մասնագիտությունը շատ է պետք գալու հենց իր հարազատ դպրոցում։
Համալսարան ընդունվելուց հետո՝ 2019 թ. հունիսի 15-ին զորակոչվեց հայոց բանակ։ Սովորության համաձայն՝ Քաշաթաղի շրջանի բոլոր զորակոչիկները ժամանակին էին ներկայանում զորամաս, իսկ ծառայության անցնելիս կարճ ժամանակ անց արդեն արժանանում էին պատվոգրերի, գովասանագրերի, ծնողները զորամասերի հրամանատարների կողմից շնորհակալագրեր էին ստանում։ Մելիքն էլ դարձավ հայրենիքի լավագույն զինվոր։ Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում, որը մշտապես էր թշնամու թիրախում։ Շուտով արդեն կրտսեր սերժանտ էր ու մարտական հենակետի պատասխանատու։
Մարտական ընկերները կարոտով են հիշում ֆիզիկոս Մելիքին, ով պատրաստակամ օգնում էր բոլորին։ Հիշում են, թե ինչպես ամենածանր պահերին անգամ Մելիքը հույս էր տալիս ընկերներին։ Պատմել են՝ իրենց սովորեցնում էր հաշվարկներ կատարել, երբեմն բարդ հաշվարկներ էր կատարում մյուսների փոխարեն։ 1 տարուց ավելի էր ծառայել Մելիքը, արդեն փորձառու զինվորական էր, հայրենիքի պաշտպան, երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի բոլոր սահմանապահ զորամասերում տագնապ հնչեց… Մելիքն ու իր ջոկի տղաները օրեր շարունակ, ուղիղ 1 ամիս կռվում էին քաջաբար ու փակում թշնամու ճանապարհը։ Մելիքի ավագ եղբայրը՝ Սասունը, կռվում էր Վարանդայում։ Այդ օրերին շատ քաշաթաղցիներ էին մարտնչում Արցախի հարավային հատվածում, որտեղ մշտապես կատաղի մարտեր էին ընթանում, եւ շատ քաշաթաղցիներ նահատակվեցին։
Ծնողներին լուրեր էին հասել, թե Սասունը զոհվել է, բայց, Փառք Աստծո, օրեր անց նա դուրս էր եկել շրջափակումից ու տուն վերադարձել: Մայրը չէր հավատում նաեւ, թե հոկտեմբերի 27-ին հերոսաբար զոհվել է Մելիք որդին, հույս ուներ, թե տուն է գալու։ Բայց Մելիքի մարմինը հարազատները գտել են Արցախի Մարտունի քաղաքի դիահերձարանում 2020 թ. նոյեմբերի 20-ին: Հերոսին զինվորական կարգով հուղարկավորեցին Սիսիան քաղաքի Անմահ հերոսների պանթեոնում, որտեղ են նաեւ Արցախյան բոլոր գոյամարտերում, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում մարտիրոսված շատ սիսիանցիներ։