2020 թ. չարաղետ պատերազմին զոհ գնացին հազարավոր քաջարի ու անձնուրաց հայորդիներ: Անմահների շարքը համալրողներից մեկն էլ Արայիկ Վահագնի Սարգսյանն էր (ծնվ.` 1988 թ.): Ավարտելով ծննդավայրի` Ապարանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցը, Արայիկն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2008 թ. ավարտեց ուսումնառությունը եւ լեյտենանտի կոչումով զինվորական ծառայության անցավ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներից մեկում (Հադրութ):
Արայիկ Սարգսյանը Հայոց բանակի օրինակելի ու նվիրյալ զինվորական էր, օրինակելի ու նվիրյալ սպա: Դժվարին ու ծանր փորձությունների միջով էր անցել, պատերազմական իրավիճակներում հայտնվել (Ապրիլյան քառօրյա եւ այլն), օրեր, շաբաթներ անցկացրել առաջնագծում, գիշերել խրամատում: Տղամարդավարի տարել էր այդ ամենը, խոհեմաբար ու անտրտունջ շարունակել իրեն բաժին հասած ճանապարհը: Քիչ էր մնացել, պիտի ավարտեր զինծառայությունը, պիտի գար… Բայց սեպտեմբերի 27-ի լուսաբացն ամեն ինչ հայոց աշխարհում տակնուվրա արեց:
Պատերազմ… Արայիկն այդ օրերին հազիվ կցկտուր մի քանի բառ էր հեռախոսով կարողանում փոխանակել տնեցիների հետ, ինչից կարելի էր ենթադրել, որ նա ու իր ծառայակիցները հայտնվել են իսկական դժոխքում` մահն ամեն վայրկյան աչքների առաջ… 12 հոկտեմբերի, 2020 թվական… Այդ օրվա հեռախոսազանգը տուն, ցավոք, վերջինն էր լինելու… Որոշ ժամանակ անց, դժոխային ապրումներից ու սպասումներից հետո, ահավոր ու շշմեցնող գույժը…
Մարգո Կոստանյան.- «Սիրելի՛ Արայիկ (Արո) Սարգսյան, պարոն մայոր, քո կյանքը եւս անգութ ճակատագրի չար խաղը դարձավ: Երկար օրեր, ամիսներ շարունակ սպասում եւ հավատում էինք Աստծո հրաշքին, որ մի օր հայտնվելու ես` թեկուզ վիրավոր, թեկուզ գերիների մեջ, բայց վերադարձդ անասելի ցավոտ եղավ: Հայրենիքին նվիրյալ Զինվորիդ կյանքը եւս մատաղվեց Արցախ աշխարհի Հադրութի պաշտպանության ահեղ մարտում: Աշխարհ, ուր 2008 թվից արժանապատվորեն սպայական ծառայությունդ էիր իրականացնում` կյանքի կոչելով մանկության օրերից փայփայած երազանքդ, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ստացած գիտելիքներդ: Աշխարհ, որ կարծես դարձել էր երկրորդ հայրենի տաքուկ օջախդ:
Անողորմ պատերազմում հերոսաբար նահատակվեցիր, որ ապրողներիս համար անհատույց պարտք դառնաս, որ ծնողներիդ, հարազատներիդ, մտերիմներիդ, մանկամարդ կնոջդ ու զավակներիդ հոգիներում անսփոփ կսկիծ, անփարատելի մորմոք դառնաս: 8-ամյա Արեն որդիդ մեծանալու է` սիրելի հայրիկին անվերջ սպասելով, զինվորական համազգեստով յուրաքանչյուր մարդու մեջ քեզ որոնելով: Իսկ մենք ապրելու ենք այն համոզմունքով, որ դու երկնքում ամենապայծառ Աստղի շողարձակումով ես շարունակում մեզ պաշտպանել: Ապրելու ենք` անմար փառքիդ առջեւ հար ու հավիտյան խոնարհվելով, հերոսիդ մշտավառ հիշատակը հար ու հավիտյան խնկարկելով: Դու ինձ համար միշտ կմնաս այն ամոթխած, համեստ, խելացի աշակերտը, ում հայոց լեզու եւ գրականություն եմ դասավանդել…
Մարտ, 2021 թ.»:
2 ապրիլի 2021 թվական… Եռաբլուր, վերջին հրաժեշտը…
Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ` առաջնորդելով իր զինվորներին: Ծառայակիցների խոսքով` շատ զիլ տղա էր: Առանց վախի, առանց խուճապի, իր անձը մոռացած… Առանց որեւէ չափազանցության կամ ավելորդ խոսքի, ինչպես հիշում են համագյուղացիները, լավ տղա էր, հայի լավ տեսակ: Բարի, մեծահոգի, ներողամիտ, հումորով, ժպիտը միշտ դեմքին: «Մարտական ծառայություն» մեդալը Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զրահատանկային ծառայության պետ, մայոր Արայիկ Սարգսյանին հետմահու շնորհվեց: Շատ այլ պարգեւներ, մեդալներ ու շքանշաններ էլ ստացել էր կենդանության օրոք:
Դժբախտությունն ու ծանր կորուստը ոչ միայն Սարգսյանների ընտանիքինն էին, այլեւ ողջ գյուղինը: Եվ ահա երիտասարդ սերունդը, ավելի որոշակի` հերոս Արայիկի դասընկերները (դպրոցն ավարտել են 2003-04 ուստարում) իրենց գովելի ու խրախուսելի քայլն արեցին: Ընկերոջ հիշատակը հավերժացնելու նպատակով Ժորա Կոստանյանը, Լեւոն Տերոյանը, Արամայիս Գալստյանը, Շիրակ Սարգսյանը, Արա Պետրոսյանը, Կամսար Գրիգորյանը եւ մյուսները նախաձեռնեցին հուշաղբյուր-տաղավարի, հիշատակի պուրակի բացում, որը միաժամանակ, ընդհանուր առմամբ, կծառայի որպես յուրօրինակ հանգստի գոտի` նվիրված արցախյան պատերազմում զոհված վարդենուտցիներին: Նախաձեռնությանը շատ արագ արձագանքեցին թե՛ տեղում գտնվող, թե՛ արտերկրում բնակվող նրանց տարեկիցները` յուրաքանչյուրն իր հնարավորության չափով օգտակար լինելով այդ նվիրական ու խրախուսելի գործին:
Ահավասիկ, հոկտեմբերի 16-ին կայացավ հուշաղբյուր-պուրակի բացումը: Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանը նշեց, որ գյուղի կորուստն անչափելի է, եւ իրենք մեծ պարտք ու պատասխանատություն ունեն զոհված համագյուղացու հիշատակը հավերժացնելու հարցում: Այլ ելույթներ ունեցողներ եւս արժեւորեցին Արայիկի անսահման նվիրումն ու սերը հայրենիքի պաշտպանության գործին: Կատարվեց մատաղի արարողություն…
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց գյուղի դպրոցի տնօրեն Արայիկ Պետրոսյանը, կրթօջախում շուտով հերոսին նվիրված համակարգչային դասասենյակ կբացվի: