Արցախյան վերջին պատերազմի պատճառով հայրենի հողից կտրված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ու Երեւանում ապաստանած քաշաթաղցիների զբաղվածության խնդիրը որոշակի մեղմացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ավելի քան 20 քաշաթաղցի ապահովվեց աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով։
Վերջերս «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսեսյանն ու քարտուղար Անահիտ Քոսակյանը դիմել էին ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով հատուկ խորհրդական Ազատուհի Սիմոնյանին՝ խնդրելով հնարավորության դեպքում օժանդակել քաշաթաղցիներին, որ արհեստներով զբաղվել ցանկացողներն ունենան համապատասխան գործիքներ։ ՀԿ ներկայացուցիչները ֆեյսբուքով դիմել էին նաեւ տեղահանված եւ զբաղվածության խնդիր ունեցող քաշաթաղցիներին, որ ներկայացնեն, թե ինչ գործիքի եւ սարքավորման կարիք ունեն։ Պարզվեց՝ քաշաթաղցի տեղահանված որոշ կանայք արդեն մասնագիտացել են կամ որոշել են զբաղվել որեւէ արհեստով եւ ներկայացրել էին գործիք-սարքավորումների ցանկը։ Ազատուհի Սիմոնյանին ներկայացվել էր 33 հոգու ցուցակ, ով ԱՄՆ-ում այս խնդիրը բարձրացրել է մեր հայրենակիցների հետ հանդիպումների ընթացքում։ Շնորհիվ պարոն եւ տիկին Աբրահամյանների, «Վարդանանց ասպետներ» միության եւ անհատ ձեռներեցների, ԱՄՆ-ից հնարավոր է եղել ձեռք բերել որոշակի գործիքներ ու սարքավորումներ։
«Անուշավան եւ Օֆիկ Աբրահամեան կրթական հիմնադրամը» առաջիններից է ստանձնել բարերարությունը եւ ձեռնարկել պահանջված գործիք-սարքավորումները Երեւան հասցնելու գործը։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գրասենյակում էլ տեր եւ տիկին Աբրահամյանները հանդիպեցին նշված գործիք-սարքավորում ստացող շահառուներին։ Նրանք նշեցին նաեւ, որ 2 հոգու ավելի շուտ են կարի մեքենաներ տրամադրել իրանահայեր Թոմիկի եւ Ռազմիկի աջակցությամբ։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով նաեւ կարիքավոր երիտասարդների կյանքի հարստացմանը եւ ապահովելով կրթական, հատկապես արհեստագործական հմտությունների վերապատրաստման հնարավորություններ: Նրանց օժանդակությամբ ՀՀ տարբեր մարզերում սկսել են գործել արհեստագործական քոլեջներ։ Այս առումով 2019-ին Քաշաթաղի շրջվարչակազմի այն ժամանակվա ղեկավար Ստեփան Սարգսյանի առաջարկով եւ ԱՀ ԿԳՍ նախարարի համաձայնությամբ նախաձեռնել էր շրջկենտրոն Բերձորում հիմնել գյուղատնտեսական քոլեջ: Որոշակի շինարարական աշխատանքներ կատարվեցին, սակայն պատերազմի պատճառով ծրագիրն անկատար մնաց։
Բարերարները ողջունեցին ներկաներին, որից հետո շահառուները տեղեկություններ հայտնեցին իրենց մասին եւ ստացան անհրաժեշտ գործիքները: Հիմնականում՝ կարի մեքենաներ, վարսահարդարի եւ մատնահարդարի գործիքներ, նաեւ 1-ական մեղրաքամ ու ջեռոց։ Շահառուները շրջանի տարբեր բնակավայրերից էին, կային նաեւ վերջին պատերազմում ամուսին, որդի կորցրածներ։ Ազատուհի Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին, կարեւորեց նման օժանդակությունները։ Իսկ հատկացվածով ցանկացած ոք կարող է գտնել աշխատանք, ապահովել իր ապրուստի միջոցները։ Բարերարներին շնորհակալություն հայտնեցին շահառուները, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ղեկավարները։
Հանդիպման վերջում Ա. Աբրահամյանը հույս հայտնեց, որ կարողացան որոշակի օժանդակություն ցուցաբերել ներկաներին եւ տեղեկացրեց՝ դրամահավաքի ընթացքում ավելի շատ օգնել է «Վարդանանց ասպետներ» միությունը, որը մեծ աշխատանք է կատարում աշխարհասփյուռ հայության համար, ունի բազում մասնաճյուղեր տարբեր երկրներում։ Մյուս կառույցը՝ «Սեւան լաջ»-ը, գործում է ԱՄՆ-ում եւ նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել։
Ընթացքում ՀԿ գրասենյակ այցելեցին ԱՄՆ-ում գործող «Արցախ նվեր» ՀԿ հիմնադիր տնօրեն Մելինե Էլյանն ու հայաստանյան պատասխանատու Վրույր Խաչատրյանը, ովքեր ծանոթացան շահառուների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնեցին օգնել նրանց աշխատանք գտնելու հարցում։