«․․․տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում»։
Փավստոս Բուզանդ
2011-ից սկսած «Վերելք» միության նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հնավայրում, որտեղ է հայոց Երվանդունի, Արտաշեսյան եւ Արշակունի արքաների դամբարանը, տոնվում է «Արքայից օր» տոնը: Միությունը հիմնադրել է հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, ով մի շարք պատմական վեպերի, այդ թվում՝ «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» եւ այլ գրքերի հեղինակ է։
Ըստ 5-ր դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ պարսից Շապուհ Բ արքան, 364 թ. գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները եւ փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետեւ հեթանոս պարսիկների պատկերացմամբ՝ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Այսպիսով, երբ հայոց արքաները նվիրված էին իրենց երկրին եւ տեր էին կանգնում հող հայրենիին, նույնիսկ նրանց մահից հետո թշնամին վախենում էր եւ փորձում թուլացնել հայոց երկիրը նաեւ արքաների գերեզմանները քանդելով, նրանց մասունքները գողանալով։ Բայց հայ զորականը երբեք թույլ չէր տա թշնամուն, որ տաներ հայոց զորությունը, խաթարել հայի պատիվը։ Ու պարսից եւ հոնաց սարսափ Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն Արարատ նահանգում դեմ է կանգնում պարսից զորքին, իր քաջերով հաղթում թշմանուն եւ վերադարձնում արքաների մասունքները, բերում եւ ամփոփում Աղձքում՝ ձորափնյա հարթությունում կառուցած դամբարանում։
1973-1974 թթ. դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձեւ (5 աստիճանից բաղկացած), արեւելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը եւ եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ 4-5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Նոյեմբերի 14-ին «Վերելքը» դարձյալ Աղձքում էր՝ հայոց արքաների դամբարանատեղում։ «Վերելքի» գաղափարակիցներ Արման Մխիթարյանն ու Վլադիմիր Նիկողոսյանը միշտ են մասնակից եղել Աղձքի արարողությանը՝ նվիրված մեր արքաներին։ Շատ են կարեւորում այդ օրը լինել Աղձքի հնավայրում, հիշել մեր փառավոր անցյալը, հզոր արքաներին։ Արմանի ու Վլադիմիրի հետ մեկնեցի Աղձք եւ ներկա եղա «Արքայից օր» արարողությանը։
Ավանդույթի համաձայն՝ հայոց արքաների դամբարանը եւ մոտակա պատերը զարդարված էին հայկական արքայական տոհմերի դրոշներով եւ հայոց Եռագույնով։ Բացի ուխտավորներից, Աղձքում էին նաեւ «Միհր» ռազմամարզական ճամբարի սաները՝ նախագահ Գոռ Մանուկյանի եւ հրահանգիչ Ալեքսանդրի գլխավորությամբ։ «Վերելքի» հիմնադիր Ա. Պեպանյանը տեղեկացրեց՝ տոնի հռչակման առաջին տարիներին Աղձքը մարդաշատ էր լինում, «Արքայից օր» տոնին մասնակցելու համար գալիս էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, զբոսաշրջիկներ։ Արդեն երկրորդ տարին է, կապված համավարակի տարածումը կանխարգելելու հետ, տոնը կատարվում է սակավաթիվ մարդկանցով՝ հիմնականում՝ «Վերելքի» անդամներով, համակիրներով։ Ներկայացնելով օրվա խորհուրդը՝ Ա. Պեպանյանն անդրադարձավ իրենց նախաձեռնությանը. հիմնել են Արքայից օր, որով մշտապես կհիշվեն Հայոց հին ու փառապանծ արքաները։
«Նաեւ խոստանում ենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք: Հայաստանը կունենա այն փառքը, ինչ եղել է իրենց օրոք»,- նշեց Ա. Պեպանյանը եւ հավելեց՝ նաեւ խնկարկում են դամբարանի մոտ եւ մտնում ներս, որտեղ ժամանակին եղել են արքաների մասունքները, այժմ դամբարանը դատարկ է, սակայն արքաների ոգին այստեղ է։ Անդրադարձավ արքաների մասունքների տեղափոխման պատմությանը։ «Միհր» ՀԿ նախագահ Գոռ Մանուկյանը նույնպես կարեւորեց այս միջոցառումը, այն հնարավորություն է տալիս նաեւ, որ մատաղ սերունդը տեղեկանա հայոց արքաների, նրանց գործերի ու փառքի մասին։ «Մենք պետք է միավորվենք մեր զինանշանի, դրոշի, մեր արքաների փառքի ու ոգու շուրջ, ճանաչենք մեզ, մեր ազգի անցած ուղին՝ որպես ռազմի տեսակ։ Մենք պետք է մշտապես պահենք մեր ազգային տեսակը»,- ասաց Գ. Մանուկյանը եւ շնորհակալություն հայտնեց «Արքայից օր» տոնի կազմակերպիչներին՝ այստեղ ներկայանալը համարելով դաս։
Այնուհետեւ ներկաները խունկ լցրեցին կրակին՝ խնկարկելով արքաների հոգիների համար եւ ներս մտան դամբարան։ Այստեղ Գ. Մանուկյանը փառք տվեց հայոց թագավորներին եւ դիմեց իր սաներին՝ ասելով, որ պետք է մշտական մարզումներով, սովորելով, երկիրը սիրելով տեր կանգնենք մեր պետականությանը եւ կերտենք փառավոր հաղթանակ, որը հաստատ լինելու է։ Իսկ իր սաներն արդեն հաղթանակը կերտելու ճանապարհին են։ «Միհրի» սաների եւ ուխտագնացության մասնակիցների համար կայացավ դասախոսություն՝ Նորայր Ասրյանի եւ Կարեն Ասատրյանի կողմից։ Բանախոսները երկար ժամանակ եղել են Հնդկաստանում, ուսումնասիրել Հիմալայների ռազմական արվեստի պատմությունը, որին էլ նվիրված էր դասախոսությունը։
Հ. Գ. Ի դեպ, պեղումներ կատարող հնագետների կարծիքով Հայոց արքաների դամբարանը ժամանակին եղել է երկհարկանի՝ բաղկացած վերնահարկից, որը չի պահպանվել, եւ կիսագետնափոր տապանատնից, որի բարավորով ծածկված ու կամարով պսակված մուտքն արեւմտյան կողմից է։ Շինության ներսի չափերն են՝ երկարությունը՝ 3,75 մ, լայնությունը՝ 2,65 մ, բարձրությունը՝ 2,60 մ։ Արեւմտյան մուտքի երկու կողմերի եւ ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական եւ քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ եւ այլն)։ Դամբարանը հյուսիսային եւ հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արեւելքում՝ կիսաշրջանաձեւ խորան։ Խորշերի ճակատների ստորին մասերում միակտուր, քանդակազարդ սալեր են կանգնեցված՝ հետեւի կողմում առաջացնելով արկղաձեւ տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը։ Ոսկորները մինչեւ մեր օրերը չեն պահպանվել։