Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թ. նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում, հերոսաբար նահատակվել 1992 թ. հունիսի 21-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի՝ Երեւանի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքներից հետո ծրագրել եւ իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի՝ մայրաքաղաք ներթափանցման փորձի կանխումը։ Ազգային գործիչը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ։ 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարն էր մինչեւ իր կյանքի վերջը։ «Ազատագրական բանակը» նաեւ խորհրդանշում էր հայ ժողովրդի եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք։ 2019 թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչում։
Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը: Լեոնիդն իր տեղակալի մասին խոսելիս ասել է՝ նման զորավարներ ազգը ծնում է միայն 100 տարին մեկ: «Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»,- սա էր Ազգալդյանի նկատառումը մարդու-զինվորի մասին։ Բերձորում կանգուն է Լեոնիդին նվիրված հուշաքարը՝ «Սա Հայաստան է, եւ վերջ…» հերոսի լեգենդար խոսքով։ Հուշաքարի տեղադրումը կայացավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Այժմ այս հուշաքարը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի աջ կողմում է՝ Հակարի գետի ձախ ափին։
Մինչ հուշաքարի տեղադրումը` 2017 թ. մարտի 20-ին Բերձորում կայացավ ծառատունկ. բնական է՝ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ։ Քաշաթաղի շրջանի կայացման առաջին իսկ տարիներից Գ. Մելիքյանը տարեկան 4-5 ծառատունկ էր կազմակերպում Բերձորում ու հարակից տարածքներում, հիմնականում՝ մայրուղու հարեւանությամբ։ Յուրաքանչյուր ծառատունկից հետո մի պուրակ կամ ծառուղի էր ստեղծվում՝ նվիրված հայ մշակույթի գործիչներին, արցախյան գոյամարտի հերոսներին, Երեւանի պետական համալսարանին, բարերարների եւ այլն։ Այդ օրվա ծառատունկը նվիրված էր Լեոնիդ Ազգալդյան անհատին, ով մեր պատմության մեջ կմնա որպես իսկական հայ ու հայրենասեր, ռազմական գործիչ ու գիտնական, գաղափարախոս ու հայրենի հողի համար կյանքը տված անձ։ Նրա «Իմ գույնը հողի գույնն է» խոսքը ժամանակին անակնկալի էր բերել օտարերկրացի լրագրողին, երբ նա հարցազրույց է ունեցել Լեոնիդի հետ։ Հարցրել է` «Ի՞նչ գույն ունեք», այսինքն՝ որ կուսակցությունից եք, հրամանատարը ծնկի է եկել, մի բուռ հող վերցրել ու ասել. «Ահա իմ գույնը…»։
Եվ ազատագրված Բերձորում 2017 թ. մարտի 20-ին բացվեց հերոսի անվան պուրակը, որտեղ նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի խումբն էր՝ Լեոնիդի զինվոր, հայ մշակույթի նվիրյալ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։ Այդ օրը, երբ զրուցում էի նրա հետ, ասաց՝ Լեոնիդը միշտ ողջ է մնալու։ «Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման բան չկրկնվի։ Լեոնիդին զինվորները պաշտում էին: Նա մարտի դաշտում մեզ համար ամեն ինչ էր, իսկ երբ դու հավատում ես քո զորավարին, պատրաստ ես ամեն ինչի»,- ասաց Գագիկը եւ իր խմբի հետ սկսեց ջրել ծառերը։ Յուրաքանչյուր ծառ տնկելուց հետո խումբը ռազմահայրենասիրական, ազգագրական պար էր կատարում։ Խմբին միանում էին ԵՊՀ ուսանողները, բերձորցի աշակերտներ, ովքեր նույնպես մասնակից էին ծառատունկին։ Հիշելու ու երանի տալու օրեր էին, շենացնում էինք ազատագրված մեր հայրենիքը։ Լեոնիդի ասած հողին էինք հանձնում մատղաշ տնկիները, որոնք այսօր արդեն ծառեր են դարձել, բայց մնացել են անմշակ։ Այդ օրը «Կարին» խմբի կազմում էր նաեւ Հարություն Ստեփանյանը, ով նահատակվեց 2020 թ. հոկտեմբերի 19-ին «Եղնիկներում»՝ Լեոնիդի մարտիրոսվելու տեղից ոչ շատ հեռու։
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին «Եղնիկներ» զորամասի տարածքում էին մարտական հերթափոխի գնացել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորականները, որոնց շարքում էին նաեւ Հարություն Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Սեւակ Մնացականյանը (Սեւակ Խոյեցի) եւ Տիգրան Ավագյանը։ Հոկտեմբերի 19-ին հետախուզական ջոկատի այս տղաները մարտական առաջադրանք կատարելիս ենթարկվեցին թշնամու ավիահարվածին եւ մարտիրոսվեցին։ Տիգրանը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից էր, նույն գյուղի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցի ուսուցչուհի Գ. Սեխպոսյանի որդին։ 2020 թ. հոկտեմբերին «Մեծն Տիգրանը» տվեց 9 զոհ եւ 3 անհետ կորած: Հոկտեմբերի 5-ին նահատակվեցին Արտակ Դեղոյանը, Մենուա Հովհաննիսյանը (հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման), Միհրան Մանուկյանը եւ Սարգիս Խաչատրյանը:
Քրքրելով արխիվս, որտեղ հազարավոր լուսանկարներ կան Քաշաթաղի շրջանի կայացման, տարածքի պատմական հուշարձանների մասին, գտա նաեւ 2017 թ. մարտի 19-21-ը տեղի ունեցած ծառատունկի մասին պատմող լուսանկարներ, որոնցում նաեւ մշակութային գործիչ ու լուսանկարիչ Հարություն Ստեփանյանը կա։ Խանդավառ ու մշտաժպիտ դեմքով է Հարութը, ով եւ՛ իր մասնագիտական գործն էր անում՝ լուսանկարում, եւ՛ պարում էր, եւ՛ ծառեր տնկում ու ջրում։ Այո, գիտության ու մշակույթի շատ գործիչներ դարձան նաեւ զինվորականներ ու իրենց կյանքը նվիրեցին հայրենի հողի պաշտպանությանը։ Հայրենի հող, որի համար շատերն ընկան, իսկ Լեոնիդն ասում էր. «Ցանկացած ազգ, որ հող կհանձնի դատապարտված է կործանման»…