Մեղավոր հոգիներին խորթ չեն մոլորությունները, անտարբերությունը, ագահությունը, կծծիությունը, խաբեբայությունը, անգամ` տարատեսակ ծանր հանցագործությունները, որ խաթարում են բնակչության խաղաղ կեցությունը, սակայն կան նաեւ առաջին հայացքից չերեւացող, թվում է, թե պետությանն ու հասարակությանը չվերաբերող` մասնավոր, չկարգավորված գործառույթներ, որոնց հետեւանքները նույնպես բացասաբար են անդրադառնում միջավայրի, հասարակության, պետության, հայրենիքի առաջընթացի ու զարգացման վրա…
Պետական հարստությունների մասնավորեցումը հանգեցրեց նոր իրողությունների, ի հայտ եկան նոր դեմքեր, նոր հարաբերություններ` մինչ այդ ժողովրդին հայտնի սոսկ գրականությունից, կերպարներ, որոնք գուցե եւ կային, բայց խորհրդային քաղաքականության դաշտում ծպտված էին հասարակությունից, այսպես ասած` խոր հատակում էին ծավալում իրենց գործունեությունը, տեսակ, որ խորթ էր խորհրդային բարոյականության քարոզչությանը եւ հետապնդման ենթակա, քանզի հանրային հարստությունն անձեռնմխելի էր համարվում։ Դրանք` որպես անձրեւից հետո սնկերը, անմիջապես գլուխ բարձրացրին ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց եւ դուրս եկան ջրի երես` գոռոզամիտ, կեղծ խոստումների առատ պաշարով` տեր կանգնելով այն ամենին, ինչի հետ ամենեւին կապ չունեին. զարտուղի ճանապարհներով կուտակածն ու խնամքով պահածը լավ բազա էր առեւտուր բացելու համար, առեւտուր, որի անունը կնքեցին համաշխարհային գործածության չափազանց «հարգի» եզրով` «բիզնես». «սպեկուլյացիան» նոր զգեստ հագավ, ու ամեն տեսակ թալան, խաբեություն, չարաշահում միանգամից մտան «օրինական» դաշտ։ Աշխատավոր, ջանասեր, պարտաճանաչ, ազնիվ մարդու հանդեպ արհամարհանքը դարձավ բացահայտ, հայրենիքի ու պետության գաղափարը` հեգնական, լղոզվեցին ազատության ու բարոյականության չափանիշային սահմանները, որոնց մեջ էությունը` ըստ շահի, փոխարինվեց կամայական հայտարարությամբ. բարոյական է նա, ով ոչ թե իրապե՛ս բարոյական է, կրում է բարոյական արժեքներ, այլ բարձրաձայնում է այդ մասին, հավատացյալ է նա, ով ոչ թե ապրում է հավատացյալի կյանքով, այլ ժամանակին ու տեղին մոմ է վառում հասարակության ներկայությամբ` որեւէ եկեղեցում, կրում կամ չի կրում խաչ, բայց խաչակնքում է ըստ հրամայականի ու, ըստ այդմ էլ` ազատ է իր գործողությունների մեջ` «Աստված կների» փիլիսոփայությամբ։ Շահը դարձավ առաջնորդ, պատասխանատվությունը` երկրորդական, հատկապես` ներքին, բարոյական պատասխանատվությունը։
Այսօր` մեր հայրենիքի ու պետության համար ծանր օրերին, ականատես ենք լինում վարքի տարօրինակ, հակասական, ոչ համարժեք, հաճախ իրարամերժ դրսեւորումների. մի կողմից` անձնուրացություն, անձնազոհություն, կյանքի զոհաբերում, մյուս կողմից` անտարբերություն, հաշտվողականություն, հարմարվողականություն, սեփական շահի գերադասում պետության ու հայրենիքի, ժողովրդի շահերից, մյուս կողմից էլ` հայրենիքը լքողների հոծ բազմություն… Գնացողը գնում է` վիրավորված ու հուսալքված, մնալու համար պայքարը համարելով անիմաստ ու անհեռանկար, իսկ մնացողը չի էլ անհանգստանում, որ դրանով խարխլվում է իր ոտքի տակի հողը` աստիճանաբար մենակ մնալով, կորցնելու է շահը, որի վրա այնպես դողում է, որ չի ուզում կիսել ոչ մեկի հետ, իսկ այսօր շահից` նյութակա՛ն շահից կարող են խոսել գործարարներն ու գործատուները, ովքեր տիրապետում են կարողությունների եւ հնարավորություն ունեն աշխատանք առաջարկել բնակչությանը` կանխելով ցավալի արտագաղթը, որի հիմնական պատճառը զբաղվածություն չունենալն է, քանզի մարդու առաքելությունն այս աշխարհում աշխատանքն է. առանց դրա մարդը չի կարող իրեն լիարժեք արարած համարել, առավել եւս գոյատեւել։ Իհարկե, հիմա շատ գործատուներ կսկսեն առարկել, ձայները գլուխները գցել, թե աշխատաշուկայում պահանջարկ կա, բայց աշխատող չկա` կա՛մ չեն դիմում, կա՛մ չեն համապատասխանում պահանջված չափանիշներին։ Այստեղ արդեն պետք է կանգ առնել ու փորփրել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը չափազանց բազմաճյուղ է ու բազմաշերտ։ Սկսենք աշխատանքային հայտարարություններից, որին տիրապետում են շատ քիչ գործատուներ. հիմնականում նրանք հարգանք չեն տածում պոտենցիալ աշխատողի հանդեպ, չի հետաքրքրում նրանց ինքնասիրությունը, իրենց հայտարարությունների հետեւից գնալու ժամանակը, ծախսերը եւ նպատակին չհասնելու վիրավորվածությունը… Նախ` տալիս են կիսատ-պռատ, վերացական հայտարարություններ, որոնցից ոչինչ չի հասկացվում` ինչ են ուզում ինչի դիմաց, ինչ չափանիշներով են առաջնորդվում` պոտենցիալ աշխատողին թողնելով կամուկացի մեջ` գնա՞լ հայտարարության ետեւից, թե չգնալ, արժե՞ ժամանակ ու նյարդեր ծախսել, թե միանգամից խաչ քաշել վրան։ Հայտարարությունից հետո էլ գործատու կոչվածը կարող է ամիսներով չհետաքրքրվել դիմողներով կամ էլ, «լավագույն» դեպքում, հրավիրել հարցազրույցի, որից դիմողն առավել է կասկածի մեջ ընկնում` վերջապես ինքը պե՞տք է տվյալ աշխատանքի համար, թե՞ ոչ. ի վերջո, որքա՞ն ժամանակ է ծախսելու եւ որքա՞ն է վարձատրվելու դրա դիմաց, պայմանագրո՞վ, թե՞ առանց պայմանագրի է աշխատելու, անգամ կատարվելիք ստույգ աշխատանքն այդպես էլ չի ճշտվում։ Նրան կարող են ճանապարհել առանց պարզելու ունակությունները, հմտություններն ու կարողությունները…
Մարդուն հաճախ ճանապարհում են ոչ թե օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, այլ սուբյեկտիվ, մակերեսային տպավորությամբ, որն ամենեւին կապ չունի աշխատանքի հետ կամ կարելի է շտկել, ասենք, պահանջել համապատասխան հագուկապ, շարժուձեւ, մոտեցում, ի վերջո, սովորեցնել… Դե, իսկ աշխատավարձն ամենամեծ գաղտնիքն է մնում` անգամ ամիսներով աշխատելուց հետո, իսկ փորձաշրջան կոչվածը գործատուի հաղթաթուղթն է` կարող է սահմանել քեֆին տվածի չափով, վճարել խորհրդանշական գումար ու փորձաշրջանի ավարտին հայտարարել, թե աշխատողը չի համապատասխանում չափանիշներին` պատրաստվելով ընդունել հաջորդին եւ նույն կերպ վարվել նրա հետ. անվերջանալի փորձաշրջանները էժան աշխատուժի լավագույն տարբերակ են գործատուի համար. նա առանց բացատրության ու հիմնավորման, ամենեւին պատասխանատվություն չկրելով իր քայլերի համար ոչ մեկի առջեւ` ո՛չ աշխատողի, ո՛չ հանրության, ո՛չ պետության, դառնում է այն պարազիտը, ով ծծում է առողջ արյունն ու վարակ տարածում շուրջը։ Այն նույն աշխատողները, ումից այնքան դժգոհ են մեր գործատուները, չգիտես ինչու, շատ բարեհաջող տեղավորվում են այլուր` մասնավորապես Ռուսաստանում, եւ հասնում իրենց նպատակին շատ կարճ ժամանակում, այն նույն վատ հագնված, ամբողջական ատամնաշար չունեցող, դատարկ գրպանով, գործին «չտիրապետող» կամ «վատ» տիրապետող… Խոսքն ամենեւին էլ հրաշքի մասին չէ, այլ գործատուի ազնվության, սրտացավության, բարեխղճության, նպատակայնության, գրագիտության։ Մեր գործատուների, առանց չափազանցության, մեծ մասը անգամ չգիտի` ինչ է իր ուզածը, վերջապես, ինչ-որ գործ բացելով` ինչ է ուզում իրականում անել, ինչ ստեղծել, ինչ քանակի ու որակի վրա հիմնվել, ինչ մասշտաբների, իրականում որքան ու ինչպիսի աշխատող է անհրաժեշտ գործն առաջ տանելու համար։ Ամեն մեկը, ով այսօր մի փոքր «օֆիս» է բացում, անմիջապես սկսում է վերեւներից նայել աշխատողին կամ աշխատանքի դիմողին, տանել-բերել անհարկի, խոստումներ տալ ու չկատարել, հատկապես խոստանալ բարձր աշխատավարձ, աշխատող գրավել ու հետո սկսել մանեւրել։ Հենց սա էլ հանգեցնում է հիասթափությունների, ու մարդիկ հեռանում են, օրօրի աճում է արտագաղթը, երկիրը խորթանում է` խորտակելով վերադարձի վերջին հույսը… Տեղի է ունենում մասնագետների մեծ հոսք, որը ոչ մի բանով չի ծածկվում, ինչը կարծես այնքան էլ լուրջ չի ընկալվում` սահմանափակվելով խոսակցությունների լուսանցքային տիրույթում, իսկ զբաղվածության կենտրոնների ու գործատուների կապն էլ հիմնականում մնում է ձեւականությունների՛ շրջանակներում…
Այս համատեքստում ուշադրության է արժանի նաեւ բարերարների, մեկենասների գործունեությունը, որն էլ քննարկման առանձին թեմա է…