«Հայռուսկոգեներացիա» փակ բաժնետիրական ընկերություն կա, որ ջերմամատակարարում եւ տաք ջրամատակարարում էր ապահովում Երեւանի Ավան վարչական շրջանի ամենատարբեր շենքերի, թիվ 52 մանկապարտեզին: Անցյալով եմ խոսում, որովհետեւ այս ձմռանը կաթսայատանը միացված շենքերն ու մանկապարտեզը տաք ջուր ու ջեռուցում չունեն: Ինչո՞ւ:
Մի փոքր նախապատմություն անեմ: Ի դեպ, իմ բնակարանը նույնպես միացված է այս կաթսայատանը: Շուրջ 10 տարի այս համակարգի բնակիչ-բաժանորդ եմ: Դառնալուց առաջ ամենատարբեր հաշվարկներ արեցի: Դրանք հետագայում ցույց տվեցին, որ բնակելի նույն քմ-ի եւ ամսական նույն գումարի պարագայում իմ բնակարանը հարեւաններիս բնակարանների համեմատ ավելի տաք է: Ի դեպ, պետք է նկատի ունենալ նաեւ հարեւաններիս եվրոպատուհանները եւ իմ սովետական՝ պետական վիճակում գտնվող լուսամուտները: Այն ընթերցողներին, ովքեր չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում կամ փոքր են եղել՝ դա հիշելու համար, բացատրեմ, որ պետական վիճակում գտնվող սովետական լուսամուտը նշանակում է, այսպես ասենք, լավ «չնստեցրած» ու միշտ փչող իսկականից պատ ու հան: Ինչեւէ, նույնիսկ այս պարագայում իմ բնակարանը տաք էր: Տաք ջուրն էլ այնքան տաք էր մատակարարվում, որ սառն էլ էինք հետը միացնում: Տարիներ շարունակ ոչ մի դժգոհություն չեմ ունեցել, ձմռան գալուց էլ չէի սարսափում:
Վերջին տարիներին, սակայն, կաթսայատունը սկսեց մի փոքր վատ աշխատել: Սեզոնին 1-2 անգամ աշխատանքի խափանում էր լինում՝ մի քանի ժամով կամ 1-2 օրով: Շենքերի՝ հայտարարությունների համար նախատեսված ցուցանակներին ընկերությունը տեղեկություն էր փակցնում, որ եղել է տեխնիկական խափանում, շուտով կկարգավորվի, եւ բնակիչներից ներողություն էր խնդրում պատճառած անհարմարության համար: Ըմբռնումով էինք մոտենում. տեխնիկական խափանում է, կարող է պատահել: Մի փոքր նեղություն էինք մեզ տալիս՝ իմանալով, որ, այո, իսկապես, շուտով կկարգավորվի:
2020 թ., սակայն, վիճակը կտրուկ վատթարացավ. խափանումները հաճախակիացան, տեւեցին օրեր, այնքան, որ նույնիսկ մեկ շաբաթով մանկապարտեզը փակվեց, որովհետեւ առանց կաթսայատան ջերմամատակարարման պարտեզում չէին կարողանում անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովել: Այս ընթացքում բնակիչները երկու կողմից տուժեցին. նախ՝ յուրաքանչյուր խափանման ընթացքում անցնում էինք էլեկտրական տաքացուցիչների, եւ երկրորդ՝ ամեն խափանումից հետո բնակարանը նորից տաքացնելու համար ջերմային էներգիայի ավելի մեծ ծավալ էինք «վերցնում», հետո փորձում էինք ներբնակարանային ցանցից «օդը հանել»… Մի խոսքով՝ այնպես ստացվեց, որ նախորդ ձմռանը տաքանալու համար կրկնակի ծախս արեցինք՝ գումարներն ուղղելով երկու ուղղությամբ՝ «Հայէլցանցեր» եւ «Հայռուսկոգեներացիա»:
Դեռ նախորդ տարի իմ բազմաթիվ զանգերին ի պատասխան այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չստացա, թե ի՞նչ խնդիր կա, որի պատճառով կաթսայատան աշխատանքն այդքան վատթարացել է…
Այդպես էլ ջեռուցման նախորդ սեզոնը մի կերպ անցկացրեցինք: Այս ամռանը փորձեցի հասկանալ՝ ջեռուցում կունենա՞նք, արդյոք, այս ձմռանը, եթե ոչ, քանի դեռ ամառ է, եւ կոմունալների վարձավճարները քիչ են, փորձենք անհատական ջեռուցման համակարգ անցկացնել: Բացասական պատասխան չհնչեց: Փոխարենը ինձ հիշեցրին, որ ջերմամատակարարման դիմաց պարտքեր ունեմ: Պատասխանս հստակ էր. «Կարիք չկա հիշեցնելու, ես չեմ մոռացել, պարզապես վճարում եմ ինձ մատուցած ծառայության պես՝ ընդհատումներով եւ մաս-մաս»:
Եվ… ջեռուցման սեզոնի մեկնարկին շենքին փակցված հայտարարությունը տեսա՝ այս տարի ջեռուցում չի լինելու: Վերադարձանք 90-ականներին՝ մի տարբերությամբ՝ էլէներգիան հովհարային չէ: Բայց քանի որ մեզ չենք կարող թույլ տալ օրական 24 ժամ էլտաքացուցիչ միացնելու շռայլությունը, այսպես թե այնպես հովհարային ենք տաքանում…
Զանգահարեցի, խնդրեցի միացնել տնօրենին: Չմիացրեցին՝ տնօրենը բնակիչների հետ չի խոսում: Ասացի՝ որպես լրագրող ուզում եմ հանդիպել եւ պարզաբանում ստանալ՝ ի վերջո, ո՞րն է պատճառը, որ կաթսայատունը չի աշխատում կամ աշխատելո՞ւ է, արդյոք: Գործավարուհին անջատեց հեռախոսը: Զանգում եմ այլ հեռախոսահամարից եւ զայրանում՝ ինչո՞ւ է խոսքս ընդհատում: Նեղվեց՝ «էդ ձայնագրություն բան-մանը չեմ սիրում»: Փորձում եմ բացատրել՝ «հարգելիս, գրելիք նյութիս առումով դուք ինձ հետաքրքիր չեք, ինչո՞ւ պետք է ձեզ ձայնագրեմ, դուք ո՞վ եք՝ ոչ տնօրենն եք, ոչ գլխավոր ինժեները կամ մեկ այլ պատասխանատու, ինձ տնօրենի պարզաբանումն է պետք»: Գործավարուհին նախ նեղվում է, որ, իր ընկալածի համաձայն, իբր վիրավորում եմ իրեն եւ պատասխանում է, թե իրենք ԶԼՄ-ների հետ չեն աշխատում, եւ որ տնօրենը, ոչ ավել ոչ պակաս, առանց Մոսկվայի խոսել չի կարող… Ծիծաղս մի կերպ զսպելով՝ լսափողի այն կողմից լսում եմ, որ պետք է հարցերս գրավոր ուղարկեմ, ընդ որում՝ ոչ որպես լրագրող, այլ՝ որպես բնակիչ-բաժանորդ, եւ կրկին անջատում է հեռախոսը:
Հարցերը, իհարկե, կուղարկեմ եւ այս անգամ թեման բաց չեմ թողնի: Փաստորեն, ընկերությունը բաժանորդներին ջեռուցման սեզոնին կանգնեցրել է փաստի առաջ եւ դեռ հարկ էլ չի համարում բացատրություն տալ պատճառների մասին: Հիմա եթե ասեմ, որ «Հայռուսկոգեներացիան» բաժանորդների հանդեպ, մեղմ ասած, փնթի ու ոչ կոռեկտ վարքագիծ է դրսեւորում, իրական պատկերը ներկայացրած չեմ լինի: Դրա համար էլ նշեցի՝ մեղմ ասած:
Հավելեմ, որ այս ընկերությունը նաեւ էլեկտրաէներգիա էր արտադրում եւ տալիս «Հայէլցանցերին»: Վերջինիս լրատվության պատասխանատու Նատալյա Սարջանյանից փորձեցի ճշտել՝ «Հայռուսկոգեներացիան» հիմա էլէներգիա արտադրո՞ւմ է: Պարզվեց՝ վերջին ամիսներին չի արտադրել:
Մեկ հավելում էլ՝ դեռ ցրտաշունչ օրեր չեն, եւ կաթսայատանը միացված թիվ 52 մանկապարտեզը կարողանում է էլեկտրական տաքացուցիչներով ապահովել ջերմաստիճանը՝ թույլ տալով փոքրիկներին պարտեզ հաճախել: Եթե սաստիկ ցրտեր լինեն, եւ երեխաներին կրկին տուն ուղարկեն, ի՞նչ են անելու այն մայրիկները, ովքեր աշխատում են եւ երեխաներին պահող տատիկ ու պապիկ չունեն, ոչ էլ կարող են իրենց թույլ տալ դայակ վարձել…
Ընկերությանը հղված հարցերի պատասխաններն ստանալուց հետո կներկայացնենք հետագա ծավալումները: