«Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորվեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»։
«Ես չեմ սպանել երկու մարդու, ես ոչնչացրել եմ երկու չարիք։ Ինձ համար նրանք մարդ չէին»:
Գուրգեն Յանիկյան
Չարիքի խորհրդանիշները ԱՄՆ-ում թուրք հյուպատոս Մեհմեդ Բայդարին ու փոխհյուպատոս Բահադըր Դեմիրին էին. 1973 թ. հունվարի 27-ին 78-ամյա Գուրգեն Յանիկյանը նրանց հրավիրել էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց եւ «Լյուգեր» ատրճանակը պարպել 49-ամյա հյուպատոսի ու 31-ամյա փոխհյուպատոսի վրա` չմոռանալով վերջում երկու ստուգողական կրակոց արձակել։ Մինչ այդ Յանիկյանը դիմել էր թուրքական հյուպատոսարան որպես Յանի-խան անվամբ պարսիկ, իսկ պարսկերենի ու իրանական ավանդույթների իմացությունն օգնել էր նրան վստահություն շահել թուրքերի մոտ, որոնք առանց որեւէ կասկածի ներկայացել էին պարսիկին, ով պատրաստ էր Թուրքիային նվիրել նշանավոր մարդկանց ստորագրություններով հազվագյուտ թղթադրամ եւ Աբդուլ Համիդի ննջարանում երբեւէ կախված իտալական նկարչի կտավ։
Վրիժառությունից անմիջապես հետո Յանիկյանն անձամբ զանգահարեց ոստիկանություն եւ հայտնեց եղելությունը` հուսալով, որ բաց դատավարության ընթացքում հնարավոր կլինի դատական կարգով հաստատել Հայոց եղեռնի փաստը, որի կենդանի վկաներ դեռեւս գոյություն ունեին, բայց գլխավոր դատախազ Դեւիդ Միլլերը թույլ չտվեց քրեական դատավարությունը վերածել եղեռնի մասին դատավարության։ Այդպիսով` ընկերոջ ու թարգմանիչ Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբայրը) ուղեկցությամբ` Յանիկյանը մնաց որպես եղեռնի միակ վկա ու թեեւ դատարանում հայտարարեց, թե հյուպատոսներին սպանել է որպես թուրքական կառավարության ներկայացուցիչներ, մի կառավարության, որ «բնաջնջել է իր ժողովրդին», դատավճիռը, այնուամենայնիվ, կայացվեց քրեական գործով, եւ Յանիկյանը դատապարտվեց ցմահ։ Թեեւ Յանիկյանն ամերիկյան դատարանում չհասավ հաջողության, բայց նրա գործողությամբ սկիզբ դրվեց հայկական պահանջատիրության համար պայքարի նոր փուլին։ Նա համարվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեւոր հիմնադիրը. կազմակերպությունը սկզբում հենց նրա անունով էլ ներկայանում էր`«Գուրգեն Յանիկյան զինվորական խումբ», որի վրիժառուական գործողությունն առաջին անգամ գրանցվեց 1975 թ. հունվարի 20-ին` Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ ռումբի պայթյունով: Հետագայում` մինչեւ 1990 թ. դեկտեմբեր, ASALA-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացրեց 300 զինյալ գործողություն:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ ցեղասպանությունից այդքան տարի հետո վրիժառության պահանջ ծագեց, երբ հայ ժողովուրդը, կարծես, խաղաղ ծվարել էր խորհրդային հայրենիքում։ Ժողովուրդը նման դեպքերում դիպուկ խոսք ունի` «Արյունը ջուր չի դառնա», իսկ նրա արյունը հեղեղի պես էր հոսել Օսմանյան կայսրության յաթաղանի շեղբից. շատերը, ովքեր ներկա էին այդ ահասարսուռ տեսարաններին, մարդկայնորեն չէին կարող մարսել մարդասպանությունների սարսափներն ու դրանց մասին ակամա հիշողությունները, հատկապես, երբ արյունալի պատկերների մեջ հառնում են հարազատ ու անմոռանալի դեմքեր, որոնց ի զորու չէին ժամանակին փրկել։ Նման դաժան ճակատագիր էր բաժին ընկել եւ Գուրգեն Յանիկյանին, ով վկա էր եղել հարազատներից 26 հոգու սպանությանը, փրկվել թաքնվելով եւ թաքստոցից տեսել, թե ինչպես են թուրքերը կտրում եղբոր` Հակոբի կոկորդը։ Օսմանյան կայսրության փլուզումն ու նոր Թուրքիայի ստեղծումը որեւէ փոփոխություն չառաջացրին թուրքական իշխանությունների մտածելակերպում ու գործողությունների մեջ. մինչեւ օրս նրանք շարունակում են Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ պատիժներ սահմանում ճշմարտությունը բարձրաձայնողների դեմ, իսկ դրանց մեջ ոչ միայն հայեր ու թուրքերի ոճրագործություններից տուժած այլ ժողովուրդների ներկայացուցիչներ կան, այլեւ հենց թուրքեր, ովքեր հասկանում ու չեն ցանկանում ապրել մարդասպանի ժառանգի անփառունակ կնիքով։
Ո՛չ Գուրգեն Յանիկյանը, ո՛չ էլ մեր ազգանվեր վրիժառուներից որեւէ մեկը մարդասպան չի եղել ու բարբարոս. նրանցից յուրաքանչյուրը իր կյանքի խաղաղ ու ստեղծագործ ուղին ուներ, որից շեղվելն ամենեւին էլ նրանց մեղքը չէր, այլ աշխարհի տիրակալների անտարբերությունն ու մարդկային դատաստանի անարդարությունն էր ստիպում այդ աշխարհի հետ խոսել իր լեզվով` հասկանալիության համար լինել նրանցից մեկը, բայց ոչ նրանցից վատթարագույնը, անգամ ամենածանրագույն պատիժը կրելու գնով այդ աշխարհին ցույց տալ նրա իսկական դեմքը…
Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 24-ին` Կարինում (Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն)։ Մինչ նա կհասներ իր 78 տարուն եւ կիրագործեր ներսում եփվող վրեժը, նվիրվում է ուսումնառությանը, կրթություն ստանում Նոր Նախիջեւանում, Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, Ժնեւում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ավելի ուշ մեկնում Մոսկվա` պետհամալսարանում ճարտարագիտական կրթություն ստանալու։ Յանիկյանի ունակություններն ու հիշողությունը նրան փայլուն կերպով ծառայեցին դեռ Կովկասյան ճակատի` Դրոյի հրամանատարությամբ Հայկական 2-րդ ջոկատի շտաբում ծառայելու ընթացքում. նա կարողացավ հիշողությամբ ստույգ վերականգնել Արեւմտյան Հայաստանի մի քանի քարտեզ, որով էլ մեծապես օգնեց ռուսական բանակին հարձակման ժամանակ։ Կովկասյան ճակատի մարտերին մասնակցելու եւ սովյալներին օգնելու համար Յանիկյանը ԽՍՀՄ կառավարության կողմից արժանացավ պարգեւի։
1930 թ. տիկնոջ` Սուսաննայի հետ մեկնելով Իրան, Յանիկյանն անցավ մասնագիտական աշխատանքի` որպես ինժեներ-ճանապարհաշինարար, եւ երկրում առաջին մետաղագործական կոմբինատի ճանապարհային ցանցի նախագծման համար արժանացավ Ռեզե-Շահ Փահլավիի բարձրագույն պարգեւներին։ Սակայն 1941 թ. Իրանում նպաստավոր իրադրությունը փոխվեց. Ռեզե-Շահ Փահլավին փորձեց Մեծ Բրիտանիային ու ԽՍՀՄ-ին մերժել նրանց զորքերի տեղակայումն իր երկրում, սակայն օգոստոսի 25-ին անգլիական ու խորհրդային զորքերը երկրի երկու կողմերից անցան Իրանի սահմանը` հայտարարելով, որ Երկրորդ համաշխարհայինի ողջ ընթացքում Իրանի տարածքը պահում են իրենց հսկողության տակ, իսկ շահին առաջարկեցին հրաժարվել գահից։ Յանիկյանը Դաշնակիցների համար ղեկավարելով ստրատեգիական ճանապարհների շինարարությունը, պարգեւատրվեց ԱՄՆ կառավարության կողմից եւ ստացավ ամերիկյան քաղաքացիություն։ 1946 թ. Յանիկյանը տիկնոջ հետ մեկնեց Ֆրանսիա, այնտեղից էլ` ԱՄՆ։ Յանիկյանի ամերիկյան քաղաքացիությունը դուր չեկավ հորը փոխարինած Իրանի նոր շահին. նա կալանք դրեց իրանական բանկերում Յանիկյանի հաշիվների վրա։
Բացի ճարտարագետ լինելուց, Գուրգեն Յանիկյանը նաեւ գրող էր` արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, դերասան ու բեմադրիչ… ԱՄՆ-ում ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին, իսկ «Նպատակ եւ ճշմարտություն» գրքում անդրադառնում է թուրք հյուպատոսների սպանությանը, իր դատավարությանը, ամերիկյան բանտում տեղի ունեցած անցուդարձերին, հայկական քաղաքական տարբեր հոսանքների ու անձերի բացասական դերակատարությանը իր դատապարտման մեջ, արտահայտում տեսակետներ Աստծու, արդարության, մարդու առաքելության ու նման հարցերի շուրջ: Ուշադրության արժանի է նաեւ այն հանգամանքը, որ վրիժառության ծրագիրն իրականացնելուց առաջ` 1972 թ. աշնանը Յանիկյանն այցելում է Հայաստան` ասես, վերջին պարտքը հատուցելու եւ հրաժեշտի միտումով` հետը բերելով եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հանձնելով վարպետի` կորած համարվող «Արեւելյան սենյակ» նկարը, իսկ հայկական հնագույն արքայական կնիքն էլ հանձնում է Հայաստանի պատմության թանգարանին։ Նրա սիրտը իսկապես վկայում էր, որ դա վերջին հանդիպումն էր հայրենիքի հետ։ Յանիկյանը վախճանվեց 1984 թ.` փետրվարի 10-ին բանտից հիվանդանոց տեղափոխվելուց հետո, մարտի 27-ին` 88 տարեկան հասակում։ Գուրգեն Յանիկյանի մասունքներն իրենց վերջնական հանգրվանը գտան Եռաբլուրում` վերահուղարկավորվելով 2019 թ. մայիսի 5-ին։