2021 թ. մարտի 31-ին հայ ժողովրդի լավագույն զավակներից գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, կնքեց մահկանացուն։ Ինչ խոսք, դժվար էր հերոսի համար իր ու բազում քաջորդիների արյամբ սրբացած հողի կորուստը։ Հայրենիքի զինվորը, ով նաեւ մեծ դեր ունի հայոց բանակի վերակազմավորման գործում, հայրենասիրության վառ օրինակ է, ոգեշնչման մեծ աղբյուր նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:
Երեկ Դավիթաշենի վարչական շրջանի գերեզմանոցում Ազգային հերոսի շիրիմին էին այցելել հարազատները, մարտական ընկերները, Կոմանդոսին ճանաչողներ, մշակույթի ու ռազմական գործիչներ։ Առավել խորհրդանշական էր այն տղաների ներկայությունը, ովքեր Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորվել են, կորցրել ոտք ու ձեռք։ Եկել էին ոգեկոչելու հերոսին։ Արցախյան գոյամարտի տարիներին, հատկապես 92-ի սկզբներին արդեն հաճախ էինք լսում Կոմանդոս անունը։ Հրամանատար, ով ներգրավված էր բանակաշինության գործընթացում եւ Արցախի ազատագրական պատերազմի կարեւոր դեմքերից էր։ Առաջին անգամ Արկադի Տեր-Թադեւոսյանին հանդիպեցի 1992 թ. մարտի սկզբներին։ Բերդաձորի մի ջոկատի հետ Երեւանից ինքնաթիռով մեկնեցինք Ստեփանակերտ։ Ներկայացանք Կոմանդոսին, ով հենց սկզբից աչքի ընկավ իր համեստությամբ, նվիրվածությամբ։ Ներկայացրեց մեզ իրավիճակը եւ տեղեկացրեց՝ պետք է ազատագրենք Շուշի բերդաքաղաքը, որը դարձել էր Ստեփանակերտը ռմբակոծող թշնամու հիմնական ռազմական կենտրոններից մեկը։ Մեր՝ Ստեփանակերտ հասնելու պահին էլ քաղաքը հրթիռակոծվում էր։ Իսկ երբ երեկոյան գնացինք գիշերելու մեր ջոկատից Շիրակ Չոբանյանի քրոջ տանը, պարզվեց՝ նույն հրթիռակոծությունից նահատակվել էր քրոջ ամուսնու եղբայրը, ով ծառայում էր ոստիկանությունում եւ հերթապահել էր Արցախի կառավարության շենքում։
Կոմանդոսը կարեւորեց բոլոր ջոկատների դերը Շուշիի համար նախապատրաստվող ռազմագործողությունում եւ մեզ ուղարկեց Ավետարանոց՝ պատմական Վարանդայի մելիքանիստ, որը Քիրսի թիկունքում է։ Այսօր Ավետարանոցն էլ է գերության մեջ, հերոսական այդ գյուղը, որն Արցախյան գոյամարտի ժամանակ 20-ից ավելի զոհ տվեց, բայց մնաց անառիկ եւ թիկունք մոտակա բնակավայրերին, այդ թվում՝ Քարինտակին։ Արցախյան պատերազմի ժամանակ դարձյալ եղան առիթներ՝ հանդիպելու Կոմանդոսին։ 2011 թ. մայիսի 17-ին Կոմանդոսն այցելեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր։ Ինչպես գիտենք՝ Շուշին ազատագրելուց 9 օր անց ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, որ 1 տարի գերության մեջ էր, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ազատագրվեց Լաչին-Բերձորը՝ Զաբուղ-Աղավնոյի հետ։ 1994-ից, ինչ վերահայացավ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր շրջկենտրոնով, յուրաքանչյուր տարի մեծ շուքով տոնվում էր քաղաքի ազատագրման եւ «Կյանքի ճանապարհի» բացման տարեդարձը։ Կոմանդոսը պատվավոր հյուրերի կազմում էր։ Եղավ հանդիպում Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Այդ օրը տոնում էինք Բերդաձորի ազատագրման օրը, եւ Հին շեն գյուղում էի։ Շուտ վերադարձա՝ հանդիպելու լեգենդար գեներալին։
Մի քանի օր անընդհատ Բերձորի թիվ 1 դպրոցը նախապատրաստվում էր դիմավորել Արցախյան պատերազմում լեգենդ դարձած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին: Պատրաստվում էին ցուցադրել 10-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Խաչատրյանի «Անավարտ նամակի» բեմադրությունը: Հանդիպման օրը դահլիճում հերոս գեներալի հետ նստած էին բժիշկ-ազատամարտիկ, գրող, արդեն երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը, Քաշաթաղի հոգեւոր հովիվ հայր Աթանաս վարդապետը, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, հյուրեր, շրջվարչակազմի աշխատակիցներ, ուսուցիչներ, ամենակարեւորը` աշակերտներ, ովքեր երազում են հանդիպել Կոմանդոսի նման զինվորականների: Բեմահարթակը ներկայացնում էր ճակատային գիծ` խրամատներում զինվորներ, մյուս պատկերը` պատերազմից հեռու խաղաղ բնակարան, որտեղից հայրենիքի պաշտպանության համար կամավոր ռազմաճակատ գնացող որդուն` Կարենին, ճանապարհում է մայրը` տալով իր օրհնանքը, զենք եւ զինվորական հագուստ:
Խրամատում հսկող զինվորները հիշում են խաղաղ ժամանակները, նամակ են գրում տուն: Սակայն շուտով սկսվում է ճակատամարտը: Վիրավորվում է հայրենիքի համար ճակատ կամավոր գնացող զինվորը: Օգնության է հասնում բուժքույրը` վիրակապելով վիրավորի գլուխը: Մարտը շարունակվում է, ու վիրավոր զինվորը վերջին նամակն է գրում` գիտակցելով, որ նահատակվելու է: Կիսատ է մնում նամակը…
Ավարտվում է բեմադրությունը: Բեմ է բարձրանում Կոմանդոսը` խոստովանելով, որ երեխաներն իրեն ստիպեցին արտասվել: Հայտնում է շնորհակալություն, որ նման բաց դասի ներկա եղավ: Քաշաթաղի հոգեւոր հովիվն իր խոսքում ասաց՝ մեծ պատիվ է մեր շրջանի համար, որ մեզ հետ է մեծն Կոմանդոսը` լեգենդար մարդը: «Մենք ունեցել ենք բազում լեգենդար հերոսներ եւ 21-րդ դարի շեմին ունենք նորը: Գեներալին ես առաջինը հանդիպել եմ 1995 թվականին, Երեւանի կինոյի տանը, որտեղ սեւազգեստ կանայք էին` որդեկորույս, այրիացած: Կոմանդոսին տեսնելուց հետո նոր կարողացա սփոփանքի խոսքեր ասել միայն…»,- խոսքն ավարտեց հոգեւոր հայրը: Հետագայում, երբ Բերձորից Երեւան էի գալիս, հաճախ էի այցելում Կոմանդոսին։ Վերջին անգամ հայ մտավորականների հավաքին էր ներկա. տխուր էր, կորուսյալ հայրենիքի ցավն էր տանջում։
Ազգային հերոսի մահվան տարելիցի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության գրառման մեջ կարդում ենք. «Արկադի Տեր-Թադեւոսյանն ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ, շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին»: Ինչ խոսք, դեռ բազում սերունդներ կճանաչեն լեգենդար զինվորականին ու կոգեշնչվեն նրա կերպարով։