Կոտայքի մարզի Քասախ գյուղը մարզկենտրոն Հրազդանից 58 կմ հարավ-արեւմուտք է, մայրաքաղաքից ոչ հեռու՝ Աշտարակ տանող ճանապարհի աջակողմում։ Այժմ մոտ 6200 բնակիչ ունեցող գյուղը հիմնադրվել է 1965 թ.՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թ. նոյեմբերի 11-ին։
Արցախյան առաջին գոյամարտի տարիներին գյուղում կազմավորվեց «Քասախ» կամավորական ջոկատը, եւ շատ քասախցիներ զինվորագրվեցին Արցախի ազատագրական պայքարն ու ՀՀ սահմանների պաշտպանությանը։ Ջոկատից 4 հերոսներ՝ կապիտան Արկադիա Հովհաննիսյանը (20. 02. 1942-05. 07. 1992), Աղվան Ստեփանյանը (26. 06. 1965-23. 09. 1993), գնդի որդին՝ Թելման Խաչատրյանը (06. 01. 1960-21. 11. 1993) եւ Արամ Մարտիրոսյանը (10. 11. 1965-29. 09. 1992) նահատակվեցին ռազմի ճամփաներին։ Նույն գյուղում է ծնվել Ռոբերտ Հայկարամի Գեւորգյանը, ով 1994 թ. հերոսաբար նահատակվեց Հորադիզում։ Գյուղում գործող 2 միջնակարգ դպրոցներից թիվ 1-ը 1997-ից կոչվում է 1975 թ. շրջանավարտ Ռ. Գեւորգյանի անունով։ Միջանցքում հերոսին նվիրված առանձին շրջանակում նրա մասին պատմող փաստաթղթեր են, անձնական իրեր՝ մեծադիր լուսանկարի հարեւանությամբ։
Երբ սկսվեց արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը, շատ քասախցիներ, ոգեշնչված իրենց ավագ համագյուղացիների հերոսությամբ, շտապեցին առաջնագիծ, մարտնչեցին հերոսաբար։ Այդ պատերազմը ծանր ցավ պատճառեց մեր ժողովրդին։ Քասախ գյուղից անմահության ճամփան բռնեցին 9 քաջորդիներ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի զինված ուժերի գնդապետ, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանը։ Նահատակված հերոսներ Արամ Գալստյանին, Էրիկ Պետրոսյանին, Էմմանուել Ավագյանին, Իշխան Պետրոսյանին, Յուրի Գեւորգյանին, Սամվել Մանասյանին, Հովհաննես Վասիլյանին եւ Դավիթ Վարդանյանին նվիրված հատուկ շրջանակ կա դպրոցի միջանցքում, որի հարեւանությամբ է նաեւ արցախյան առաջին գոյամարտում նահատակվածների շրջանակը։ Վերջին պատերազմի անմահ հերոսներից Վահագնը, Արամը, Էրիկն ու Յուրին թիվ 1 դպրոցի շրջանավարտներ են։ Դպրոցի բակում հիմնվել է հերոսներին նվիրված պուրակ, եւ յուրաքանչյուրի հիշատակին 1 եղեւնի է տնկվել։ Թիվ 1 միջնակարգ դպրոցը գործում է գյուղի հիմնադրման օրվանից, 2016-ից տնօրինում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2000 թ. շրջանավարտ Քրիստինե Սարգսյանը։ Կրթօջախում այժմ աշխատում են 40 ուսուցիչ, ովքեր, նաեւ տնօրենը, հիմնականում նույն դպրոցի շրջանավարտներ են եւ ունեն համապատասխան մանկավարժական կրթություն։ Այս պահին դպրոցում դասավանդում են կամավոր ատեստավորված 2 ուսուցիչ։ Մասնագետների կարիք չունի կրթօջախը, որտեղ սովորում է 687 աշակերտ։ Մայիսի 6-ին դպրոցում կայացավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Ռոբերտ Գեւորգյանին։ Ներկա էին հերոսի որդին՝ Անդրանիկ Գեւորգյանը, եւ զարմիկը՝ Ալբերտը։ Դպրոցի բակում 2004-ից նրա դասընկերների ջանքերով տեղադրված է հերոսի կիսանդրին, որի մոտ դպրոցի բարձրդասարանցիները շարված էին զինվորական կարգով եւ հնչեցրին Հայոց բանակի զինվորական երդումը։ Եղավ նաեւ ծաղիկների խոնարհում հերոսի հուշաքարի մոտ։
Այնուհետեւ դպրոցի դահլիճում դպրոցականները հանդես եկան ասմունքով ու երգով՝ ներկայացնելով նաեւ հերոսի կենսագրականը։ Սկզբում հնչեց ՀՀ օրհներգը, եւ բեմ բարձրացան դպրոցականները, ովքեր ոգեշնչված են հերոսների սխրագործությամբ, ովքեր ակնածանքով ու հպարտությամբ ներկայացրին հերոսին։ Ծնվել է 1958 թ. հունվարի 1-ին Քասախ գյուղում: 1980 թ. ավարտել է Սոֆինոյի (Վրաստան) ենթասպայական դպրոցը: 1983 թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը: 1977-1979 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1990 թ. Ռ. Գեւորգյանը մտնում է ծառայության նոր կազմավորված ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ) 2-րդ մոտոհրաձգային գումարտակում՝ վաշտի հրամանատար, որից հետո՝ շտաբի պետ, գումարտակի հրամանատար: Գնահատելով Ռ. Գեւորգյանի հրամանատարական եւ ռազմագիտական բացառիկ ունակությունները՝ բարձր հրամանատարությունը նրան 1992 թ. նշանակում է մոտոհրաձգային գնդի հրամանատար: 1990-1994 թթ. մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի տարբեր բնակավայրերի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է հերոսաբար՝ 1994 թ. մարտի 10-ին Հորադիզում: Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգեւատրվել ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Աշակերտներն առանձին ու խմբով ներկայացրին իրենց հերոս համագյուղացուն՝ հպարտությամբ խոսելով նաեւ բոլոր անմահների մասին, ովքեր իրենց հերոս նահատակությամբ դարձել են իսկական զինվորի, հայրենապաշտի մարմնացում եւ սիրելի կերպար։
1993 թ. Լաչին-Բերձորի հարավային կողմում՝ «Կոբրա» կոչվող դիրքերում, հանդիպեցի Ռ. Գեւորգյանին, նրա հետ բարձրացա առաջնագիծ, որտեղ հսկում էին իր հրամանատարությամբ գործող վաշտի տղաները։ Վստահ էր հրամանատարը՝ ամուր են պահելու Արցախ-Մայր հայրենիք կապող կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն «Լաչինի մարդասիրական միջանցքը»։ Հրամանատարի համար թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանք, եւ ստեղծել էր հնարավոր պաշտպանական պայմաններ, որ խուսափեն կորուստներից, որ ապահով լինեն զինվորները խրամատում։ Այս մասին ներկայացրի նաեւ ներկաներին, հատկապես աշակերտներին, ովքեր յուրաքանչյուր օր, գալով դպրոց, անցնում են բակում հերոսներին նվիրված պուրակով, նորատունկ եղեւնիների մոտի ցուցանակներին կարդում հերոսների անունները եւ նրանցով ոգեշնչված՝ սկսում դասերը։ Հանդեսից հետո զրուցեցի դպրոցի տնօրենի հետ, ով ներկայացրեց իր ղեկավարած կրթօջախի ձեռքբերումները, հաջողությունները։ Առավել կարեւորեց, որ շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է տարբեր կրթական հաստատություններում, հիմնականում՝ բարձրագույն։ Ներկայումս դպրոցականների մոտ 15 տոկոսը սովորում է գերազանց առաջադիմությամբ։ Ուրախությամբ նշեց՝ բարձր առաջադիմությամբ սովորողներ կան նաեւ ավագ դպրոցում։ Կարեւորեց դպրոցական առարկայական օլիմպիադաներում իր սաների մասնակցությունը, մրցանակների արժանանալը։ Հատկապես ուրախալի է, որ իր սաներն աչքի են ընկել հումանիտար եւ ՆԶՊ առարկաների օլիմպիադաներում։ Նրա աշխատասենյակում արտադպրոցական միջոցառումների ընթացքում ստացած գավաթներն են, պատվոգրեր, հավաստագրեր։ Գավաթներից մեկի վրա գրված է. «ՀՀ եւ ԱՀ դպրոցների աշակերտների սպարտակիադա 1-ին տեղ, 2022 թ.»։ ՀՀ դպրոցականների հրաձգության մրցույթում 2018 թ. դպրոցի տղաների թիմը գրավել է 2-րդ, իսկ աղջիկներինը՝ առաջին տեղ։ Սա խոսում է այն մասին, որ դպրոցում ՆԶՊ առարկան լավ է դասավանդվում։ Լավ վիճակում է նաեւ ֆիզկուլտուրայի դասավանդումը։ Դպրոցի թիմը «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» կողմից իրականացվող «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթում ճանաչվել է հաղթող, եւ որպես մրցանակ՝ դպրոցին հատկացվել է մարզագույք։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմակերպած «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ռ. Գեւորգյանի անվ. թիվ 1 միջնակարգը ճանաչվել է 1-ին մրցանակակիր։ Փետրվարին կազմակերպվել է «Բեկանեմ շանթեր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված քասախցիների հիշատակին։ Դպրոցի շենքը ներկայումս նորոգման ընթացքում է։ Կրթօջախն ունի գրադարան, ՆԶՊ դասասենյակ՝ հագեցված անհրաժեշտ իրերով, համակարգչային դասասենյակ, բնագիտական առարկաների լաբորատորիա, արհեստանոց, այգի: Դպրոցի 8-րդ դասարանից 2 աշակերտ մայիսի 7-ին ԵՊՀ-ում մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ եւ ԵՊՀ համատեղ կազմակերպած աշակերտական աշխատաժողովին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը բնագիտությունից (ֆրանսերենով)։
Դպրոցում բացվել է նաեւ դասարան՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին։ Այստեղ հերոսի մեծադիր լուսանկարն է եւ այն պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնք ստացել է ծառայության ընթացքում։ «Փառք հերոսներին, Փառք հավերժական» մակագրությամբ անկյուն կա՝ նվիրված 44-օրյայի ընթացքում Քասախ գյուղից նահատակված 9 հերոսներին։ Նրանց լուսանկարների վերեւում Նժդեհի խոսքն է. «Քաջերի հարությունն է մահը…»։ Դպրոցի շրջանավարտ Արամ Գալստյանի անունով է կոչվում ընթերցասրահը։ Դպրոցի շենքից քիչ հեռու է Սեթո-Սեդրակ Սարգսի Ջալալյանի հուշարձանը։ Հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, Ապարանի գավառամասի գավառապետ (1917-1918 թթ.), Էջմիածնի գավառի գավառապետ (1918-1919 թթ.), Երեւանի միլիցիայի պետ (1919-1920 թթ.)։ Սեդրակ Ջալալյանը ծնվել է Ապարանի գավառի Չամռլու (Քասախ) գյուղում 1884 թ., վախճանվել է ԱՄՆ-ում 1959 թ.։ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործում մեծ է նաեւ ապարանցիների դերը. Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթանակը դրա ապացույցն է, եւ հերոսների սերունդները շարունակում են տեր կանգնել հայրենիքին։