Աղավնո գյուղը փռված է համանուն գետի 2 ափերին։ Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի արեւմտյան վտակ Աղավնոյի ձախակողմյան մասում հիմնականում նորակառույց գեղեցիկ առանձնատներ են, որոնք կառուցվել են ԱՐԻ ծրագրի շրջանակներում, Արցախի կառավարության հետ համագործակցությամբ՝ սկսած 2014 թվականից։ Այն շահագործման հանձնվեց 2016 թ. սեպտեմբերի 3-ին՝ ԱՀ անկախության հռչակման օրվա առթիվ։ Նորակառույց թաղամասը կոչվում է ԱՐԻավան։
Աղավնոն արցախյան գոյամարտում ազատագրված Հայոց պատմական բնակավայրերի շարքում Բերձորի հետ առաջինն է։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի այս բնակավայրը, ըստ որոշ գիտնականների, պատմական Շաբակին է։ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում հիշատակում է Շաբակի բնակավայրն Աղահեճք գավառի կազմում։ Գյուղը 7 միավոր հարկ է վճարել Տաթեւի վանքին։ Սա խոսում է այն մասին, որ եղել է ոչ մեծ բնակավայր։ Մինչեւ 18-րդ դարավերջ գյուղը եղել է հայաբնակ, այնուհետեւ, ինչպես Հակարիի ավազանի շատ բնակավայրեր, այնպես էլ Շաբակին՝ ներկայիս Աղավնոն, հայաթափ են եղել։ Մեր պատմության ցավոտ ժամանակաշրջան էր 18-րդ դարի երկրորդ կեսը, երբ թշնամին տիրեց մեր երկրին։ 1992 թ. մայիսի 18-ին Լաչին-Բերձորի հետ ազատագրվեց Զաբուղ անվանափոխված Շաբակի-Աղավնոն, եւ շուտով այստեղ բնակություն հաստատեցին արցախյան գոյամարտի ընթացքում թշնամու տիրապետության տակ մնացած հայկական բնակավայրերից գաղթած մեր հայրենակիցներ։ Ու այդ ժամանակ ԱԻՄԱՎԱՆ-1 կոչվող գյուղը դարձավ մայր հայրենիքից Արցախ մտնող Կյանքի ճանապարհի դարպասը։ Այսօր էլ նույն կարգավիճակում է Աղավնոն։ Առայժմ միայն Աղավնոյում ու շրջկենտրոն Բերձորում են մեր հայրենակիցները բնակվում…
Շատ է խոսվում այն մասին, որ շուտով շահագործման կհանձնվի Արցախը մայր հայրենիքին կապող նոր ճանապարհը, որը շրջանցելու է Աղավնոն ու Բերձորը։ Սակայն մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են այս բնակավայրերում, վճռական են, մնալու են տեր իրենց տներին։ Իհարկե, ազգովի պետք է պայքարենք, որ չփակվի Աղավնո-Բերձոր-Բերդաձոր-Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհը, որ իր տանը մնա Աղավնոյի բնակիչը, բերձորցին։ Պայքարի լավագույն ձեւերից է նաեւ այն, որ Աղավնոյում ու Բերձորում հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, հոգեւոր արարողություններ։ Այսպես՝ հուլիսի 20-ին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ՝ նվիրված Վարդավառի տոնին։ Նույն օրը եկեղեցում կայացավ նաեւ մկրտության արարողություն։ Արդեն Երեւանում բնակվող Աշոտ եւ Սեդա ամուսիններն իրենց զավակների մկրտությունը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կատարեցին՝ հավատով՝ այս սրբատան կամարների տակ միշտ է հնչելու շարական ու Տերունական աղոթք։ Հուլիսի 23-ին դարձյալ սուրբ մկրտություն կայացավ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում։ Տեր Բենիամինը տեղեկացրեց, որ երեւանցի ընտանիքի զավակների կնքեց՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի կնքահայրությամբ։
Վարդավառի տոնը մեծ շուքով նշվեց Աղավնոյում։ Գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի տեղեկությամբ՝ բացառիկ օր էր Աղավնոյի համար։ Կար մեծ ոգեւորություն, ամեն ինչ տոնական էր։ Ողջ գյուղն էր մասնակից ժաղովրդական այս տոնին, որին ներկա էին շատ հյուրեր Երեւանից ու Ստեփանակերտից, մեր երկրի տարբեր վայրերից։ Տոնին մասնակից են եղել նաեւ ռուս խաղաղապահները։ Այն կայացել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։ Ներկա է եղել նաեւ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը, ով միջոցառումը համարել է կայացած եւ սպասվածին համահունչ։ Հոգեւոր եւ ժողովրդական արմատներով Վարդավառն սկսվել է Աղավնո գյուղում դեռ նախորդ օրվանից, արդեն նշել ենք, Բերձորի եկեղեցում տեղի ունեցած մկրտության արարողությամբ։ Այնուհետեւ Աղավնոյում կայացել են խարույկահանդես, թեյախմություն, վրանային ճամբար՝ գիշերակացով։ Վարդավառին մասնակից են եղել նաեւ արտիստներ, մտավորականներ։ Իր հումորային ելույթներով հանդես է եկել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը՝ մասնակցելով նաեւ ջրոցիին։
Գյուղում կազմակերպվել է նաեւ տոնավաճառ, որտեղ ներկայացվել են ժենգյալով հաց, քաղցրավենիք, գյուղացիների ստեղծած բերքուբարիքը, լիբանանյան խոհանոց։ Տիկնիկային ներկայացմամբ հանդես է եկել Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնը։ Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, ով իր մանկահասակ 5 զավակների հետ ապրում է հայրենի գյուղում եւ պահում գյուղը, շատ է կարեւորում նման միջոցառումները, որոնք տեղի բնակչությանն ամուր են պահելու հարազատ հայրենիքում։ «Մասնակիցները շատ էին, չեմ հասցրել բոլորի հետ շփվել,- հեռախոսազրույցում ասաց Ա. Չավուշյանը,- բայց ամեն ինչ շատ լավ էր։ Այս եւ ազգային այլ արարողություններն ավելի են ոգեւորում մեզ՝ խորհուրդ ունենալով, որ հայը պիտի ապրի հայեցի՝ պահպանելով իր սովորույթներն ու ավանդական տոները»։ Հավելեց նաեւ՝ կազմակերպված էր նաեւ անվտանգությունը։ Տոնին մասնակից են եղել նաեւ բերձորցիներ՝ քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։