Այսօր մեզ հուզող խնդիրներից են Արցախի էներգետիկայի վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը տասնյակ տարիներ զբաղվում է Արցախի էներգետիկայի խնդիրներով եւ մեծ ներդրում ունի այս ոլորտում: Ստորեւ ներկայացնում ենք «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը նրա հետ:
-Ինչպե՞ս կբնութագրեք Արցախի էներգետիկայի արդի վիճակը:
-Պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործման մեջ գտնվող հիդրոէլեկտրակայանների դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 մլն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն էին աշխատում ոռոգման համակարգի համար, մյուսները տեղադրված են գետերի բնական ջրահոսքի վրա: Ներկայում գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում են մնացել վեցը` Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն` 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է 75 ՄՎտ գումարային հզորություն: Տարեկան մոտ 4000 ժամ աշխատելու դեպքում կարող է արտադրվել մոտ 300 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ եւ դժվարին զարգացումները՝ անհրաժեշտություն է առաջանում Արցախի էներգետիկայի զարգացումը դիտարկել էներգետիկ անվտանգության տեսակետից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ գյուղական բնակավայրերի փոքր գետերի բնական ջրհոսքերի վրա նախատեսել միկրո-հիդրոէլեկտրակայանների` 20-ից մինչեւ 100 ԿՎտ հզորությամբ շինարարություն: Մոսկվայում եւ Չինաստանում այսպիսի փոքր հզորությամբ հիդրոագրեգատներ արտադրվում են: Դրանց տեղադրումը եւ շահագործումը հեշտ է, դժվարությունների հետ կապված է, ունեն համեմատաբար փոքր չափեր: Անհրաժեշտ է կազմել համապատասխան ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ հետագայում, անշուշտ, կառաջանա նոր հզորությունների անհրաժեշտություն: Հնարավոր է դիտարկել Ստեփանակերտ քաղաքում 12 ՄՎտ հզորությամբ գազային տուրբիններով կահավորված ՋԷԿ-ի կառուցում: Այն հնարավորություն կտա բնակարանների բնականոն ջեռուցումն էժանացնել եւ լուծել մի շարք կարեւոր էներգետիկ հարցեր:
-Պրն Պապիկյան, մեր նախնական զրույցից հասկացանք, որ Արցախում էլեկտրաէներգիայի պակաս է զգացվում: Ի՞նչ է արվում վիճակը կայունացնելու համար:
-Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի էներգետիկայի բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելը: Այս նպատակով աշխատանքներ են կատարվում Մարտակերտի Գետավան համայնքում «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման համար: «Գետավան 1»-ի հզորությունը կկազմի 17.6 ՄՎտ, եւ նախնական ցուցանիշներով տարեկան կարտադրի ավելի քան 93 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար կծախսվեր ավելի քան 20 հազար տոննա օրգանական վառելիք: Այսօր կատարվում են նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակման աշխատանքներ: ՀԷԿ-ի կառուցման տեղանքը բարդ է: Հողային աշխատանքներ են կատարվում «Գետավան-1» ՀԷԿ-ի հիմնական կառույցների տեղակայման համար: «Գետավան-1» ՀԷԿ-ը ամենահզոր փոքր ՀԷԿ-ը կլինի Արցախի՝ երբեւիցե գործող փոքր ՀԷԿ-երից: Ներկայում Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 ՄՎտ հզորությամբ «Սարսանգն» է:
-Արցախում սկսում է զարգանալ նաեւ հելիոէներգետիկան:
-Արցախի Հանրապետությունում կարեւոր նշանակություն ունի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Այն հնարավորություն կտա լուծելու բազմաթիվ էներգետիկական եւ բնապահպանական խնդիրներ: Օրինակ՝ Արցախի Խաչեն գյուղում տեղադրվել է 3 ԿՎտ հզորությամբ արեւային կայան, որը հնարավորություն կտա տարեկան արտադրել մինչեւ 5 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա եւ լուծել բազմաթիվ հարցեր: Տեղադրվում են նաեւ արեւային ջրատաքացուցիչներ:
-Կառուցվում է Պատարայի ջրամբարը:
-Կարեւոր նախաձեռնություն է: Պատվարի հատակի նիշը 902 մետր է, կատարինը՝ 955 մետր: Պատվարի բարձրությունը 53 մետր է, որից ջրի առավելագույն բարձրությունը 51 մետր է: Այդ դեպքում ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 40 հեկտար: Պատարայի ջրամբարն Արցախի անկախության տարիների ամենամեծ տնտեսական ծրագիրն է: 22 կիլոմետրանոց խողովակաշարի անցկացման համար ծախսվել է 5 միլիարդ դրամ: Խողովակաշարը Պատարա գետից ձգվում է Ստեփանակերտ՝ ջուր մատակարարելով ավելի քան 10 բնակավայրի եւ ոռոգելով 2500 հա տարածք: Այն կարող է ունենալ նաեւ էներգետիկ նշանակություն: Աշխատանքները կավարտվեն 2025 թ:
-Արցախի էներգետիկայի զարգացման համար, անշուշտ, առաջարկներ ունեք:
-Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Անհապաղ սկսել փոքր եւ միջին հզորությամբ ջրամբարների նախագծման եւ կառուցման աշխատանքները: Զարգացնել ոռոգման համակարգերը, դրանք օգտագործել նաեւ էներգետիկ նպատակներով: Ավելացնել անտառների մակերեսները: Էներգետիկայի զարգացումը պետք է կապված լինի հիմնականում էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ էներգախնայողության հետ: Արցախում զարգացնել տնտեսության ոչ էներգատար ճյուղերը: Կազմել քաղաքների եւ բոլոր բնակավայրերի համար էներգետիկական անձնագիր եւ խիստ հսկողություն սահմանել դրա իրականացման համար: Կազմել Արցախի բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը, բայց կծախսվեն քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Առաջարկում եմ օգտագործել արեւային էներգիան՝ համատեղելով կենսազանգվածով կամ արեւային էներգիան համակցել թափոններից ստացված էներգիայով: Այսպիսի հիբրիդ համակարգերի արդյունավետությունը կավելանա առնվազն 20 տոկոսով: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ Արցախի Հանրապետության համար էներգետիկ դիվանագիտության տարրերի մշակումն ու զարգացումը: Այս նպատակին հասնելու համար կարելի է ստեղծել Արցախի էներգետիկայի զարգացման հիմնադրամ եւ հասարակական կարգով աշխատող մասնագետների հանձնաժողով: Կարեւոր խնդիր են նաեւ էներգախնայող տեխնոլոգիաների` ԼԵԴ լամպերի զանգվածային օգտագործումը, արեւային լուսավորման լամպերի տեղադրումը եւ այլն: Այստեղ մեծ օգնություն կարող են ցույց տալ բարեգործական միությունները եւ գործարար մարդիկ: