30 տարի առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն բնակավայրի ազատագրության համար մղվող ծանր մարտերում հերոսաբար նահատակվեց նոր կազմակերպված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին վաշտի լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանը (Բեկոր):
Արցախյան գոյամարտի առաջին օրերին, երբ վտանգվել էր երկրամասի ճակատագիրը, Աշոտն առաջիններից էր, որ հավաքագրեց քաջարի տղաներին, ում համար թանկ է հայրենիքի մի պտղունց հողը, եւ ստեղծեց կամավորականների իր ջոկատը՝ դառնալով մեծ պայքարի անմնացորդ նվիրյալը: Հրամանատարի կոչով եկան ու համալրեցին վաշտի շարքերը: Անմնացորդ նվիրվեցին ազգային-ազատագրական պայքարին՝ չխնայելով իրենց կյանքը, հայտնվեցին դաժան փորձությունների ու զրկանքների հորձանուտում, եւ հաճախ, գիտակցելով իրենց մոտալուտ մահը, երբեք հուսախաբ չեղան, ընկան հանուն գաղափարի, հանուն Արցախ աշխարհի: Գիտակցաբար նահատակվեցին անհավասար մարտերում: Իրենց արյամբ սրբացնելով ու զորացնելով հնամյա մայր հողը՝ հավերժացան դարի շուրթերին: Այդ բացառիկ երեւելիներից էր Բեկորը՝ Արցախի լեգենդար հերոսը, մեր ժամանակների հայդուկապետը:
Բնավորությամբ լինելով զորեղ կամքի ու փխրուն հոգու տեր, միաժամանակ չափազանց համեստ անձնավորություն, նա տագնապում էր յուրաքանչյուր զինվորի համար, ահեղ կռիվների ժամանակ ձգտում առավելագույնս խուսափել կորուստներից՝ վտանգավոր գծից ետ պահելով ջահելներին… Իսկ վաշտի զինվորներն անսահման սեր ու պատկառանք էին տածում քաջարի հրամանատարի ու մեծ հմայքի տեր մարդու նկատմամբ, որը հզոր արծվի պես իր լայն թեւերի տակ էր առել բոլորին եւ հոգատարությամբ շրջապատել:
Երբ թշնամին գրավել էր Շահումյանն ու Մարտակերտը, Աշոտն իր վաշտի կտրիճ տղաներով մշտապես պատերազմի թեժ կետերում էր՝ մահապարտների գումարտակի անդամների հետ փորձելով կասեցնել ազերիների առաջխաղացումը դեպի Խաչեն: Ականատեսների վկայությամբ՝ Դրմբոն-Վաղուհաս, Չլդրան-Կիչան ուղղություններում հայկական ուժերի եւ հակառակորդի լավ զինված բանակի զորամիավորումների միջեւ ծանր մարտեր էին տեղի ունենում: Եվ օրհասական պայքարում հայորդիներից շատերն էին իրենց կյանքը դնում հայրենիքի զոհասեղանին: Դժվար չէր պատկերացնել, թե բարոյահոգեբանական ինչպիսի վիճակ կստեղծվեր, եթե հակառակորդին հաջողվեր մոտենալ Խաչենի մատույցներին: Վաշտի հրամանատարն իր առաջիկա ծրագրերը հստակեցնում էր Գանձասար վանքում տեղակայված մահապարտների հետ: Հաճախ էին նրանց հարձակումները հանկարծակիի բերում թշնամուն՝ խուճապի մատնելով, որպես ավար հաջողացնելով մեծաքանակ զենք ու զինամթերք:
Վանքի երիտասարդ վանահայրը՝ տեր Հովհաննեսը, վտանգի պահին ստիպված էր հաճախ հնչեցնել զանգերը եւ աղոթք շշնջալ:
-Խոսքի մեջ հաստատակամ էր, վճռական,- հիշում է տեր Հովհաննեսը,- զորեղ կամքի տեր անհատների քիչ եմ հանդիպել կյանքում: Հայրենիքի, ազգի երդվյալ նվիրյալ էր Աշոտ Ղուլյանը: Նա հավատացած էր, որ անպայման հաղթելու ենք, եւ Արցախը մի օր հայտնվելու է Հայաստանի գրկում…
Ազերիները Վաղուհասն ավերել, անտառի միջով շարժվում էին դեպի Գանձասար: Ամեն ինչ պիտի արվեր բարբարոսին հարված հասցնելու համար, որպեսզի նա հնարավորություն չունենար բարձունքում ամրանալ եւ ուժերը կենտրոնացնել Ստեփանակերտի ուղղությամբ: Բեկորը, որ շատ մարդամոտ էր, իրեն հատուկ բնավորությամբ սրամտում էր, կատակում, ոգեւորում տղաներին՝ կարծես նրանց հոգեբանորեն նախապատրաստում սպասվող մարտին: Ունենալով կազմակերպելու, ռազմական գործողությունները խելացիորեն մշակելու եւ մարտը համարձակ վարելու բացառիկ ընդունակություններ, նա դժվարության առաջ երբեք չէր ընկրկում եւ մարտում արագ կողմնորոշվելու համար միշտ էլ ելք էր գտնում, զինվորներին առաջնորդում անտանգ դիրքեր: Եվ պատահական չէ, որ պաշտպանության բանակի հրամանատարությունը, զինակիցները, բարձր գնահատելով Աշոտի խիզախությունն ու զուտ մարդկային հատկանիշները, նրա սխրանքը հաճախ էին համեմատում Նիկոլ Դումանի քաջագործությունների հետ:
Անչափ հատկանշական է եւ հերոսի՝ ներողամիտ, մեծահոգի լինելու բնավորությունը: Մարտական ընկերները պատմում են, որ Խոջալուի մարտական ռազմագործողությունից մեկ օր առաջ Ա. Ղուլյանը վաշտի տղաներին հրամայել էր. «Գյուղում խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ ու ծերեր կան: Թող ոչ ոք չփորձի ձեռք բարձրացնել նրանց վրա…»: Եվ հրամանատարի խոսքն օրենք էր բոլորի համար: Ահավասիկ, պատերազմն իր ողջ դաժանությամբ այդպես էլ չկարողացավ հրամանատարի մեջ սպանել առաքինի, զուլալ հոգու տեր մարդուն:
Լեգենդար հրամանատարն առաջիններից էր, որ իր վաշտով ճեղքեց թշնամու պաշտպանությունը եւ մտավ Շուշի՝ մոմ վառելով եւ աղոթելով Ղազանչեցոց եկեղեցում: Չնայած վիրավորվել էր մարտում, սակայն շարունակում էր կռվել եւ հաղթանակի ոգեկոչել զինվորներին: Տասնմեկերորդ անգամ էր արդեն վիրավորվել եւ տեղիք չտալով ընկերների հորդորներին՝ նրանց համոզում էր, որ բուժման կգնա միայն Լաչինի միջանցքը բացվելուց հետո… Սակայն Դրմբոնի մոտ մղվող կռիվները ճակատագրական եղան Աշոտի համար: Իսկ նա այնպե՜ս էր երազում ազատագրված տեսնել Արցախը, իր պապերի հնամյա երկիրը:
Թշնամին ամեն կերպ փորձում էր ամրանալ Դրմբոնի բարձունքներում եւ շարունակել առաջխաղացումը: Մղձավանջային այդ օրը, լուսադեմին թշնամու գնդակը խոցեց Բեկորի սիրտը՝ խորունկ վիշտ եւ տրտմություն պատճառելով հարազատներին, զինակիցներին, արցախահայությանը: Ինչպես ասում են՝ նա հերոսաբար տարավ իր խաչը: Դարեր անցնեն անգամ, նրա պայծառ հիշատակը չի խամրի, նրա սխրանքը երբեք չի մոռացվի, քանզի վաղուց է համալրել հավերժական սրբերի շարքը: Ըստ արժանվույն գնահատելով Ա. Ղուլյանի մարտական ծառայությունը, հայրենիքը նրան արժանացրել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանների շքանշանների ու մի շարք այլ պարգեւների: Իսկ որ ամենահատկանշականն է, նրան շնորհվել է «Արցախի հերոս» բարձր կոչումը:
Աշոտն անխոս ու լուռ հեռացավ՝ մեզ թողնելով իր զարմանահրաշ հոգու բեկորները, իր արարքներով ձուլելով մեր ժողովրդի միասնությունը: Նա այն սյունն էր, որն իր ուղուց մաքրելով ավելորդը, անշեղորեն գնում էր իր նպատակին: Զինակից ընկերոջ՝ Արմեն Դանիելյանի համոզմամբ՝ Բեկորը պարզապես բարոյականության, ազնվության, նվիրվածության, ընկերասիրության եւ հանրագումարային՝ աստվածային ներդաշնակություն էր: Ահա թե ինչու նրա զինակիցներն ու ողջ արցախահայությունն այնքան ծանր տարան սիրելի հրամանատարի մահը: Աշոտը վաշտի տղաների զուլալ հոգու ակունքն էր, նրանց հավատի սյունը…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ