Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ Ճապոնիայի դեսպանատունը մարտին ստորագրեցին համաձայնագիր՝ «Լոռու մարզի հասարակական տրանսպորտի համար ավտոբուս տրամադրելու» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով: Համաձայնագրով Ճապոնիայի դեսպանատունը փոխանցեց ավելի քան 90.000 ԱՄՆ դոլար՝ նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնման, տրանսպորտային ցանցի ընդլայնման եւ ենթակառուցվածքների բարեկարգման նպատակով։ Ավտոբուսը շուտով ձեռք բերվեց, այն Փամբակի համայնքապետարանին հանձնվեց ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում։
Լոռու Դսեղ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Վանաձոր բնակավայրերի բնակիչները, ինչպես նաեւ Դսեղի առողջության եւ ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնների շահառուներն այսուհետ կերթեւեկեն նոր ու ժամանակակից ավտոբուսով: Ծրագրի շնորհիվ Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 բնակավայրերի համար ստեղծվեց միջհամայնքային տրանսպորտային կապ։