Օրեր առաջ էր՝ զանգահարեցի. թույլ էր ձայնը, երերացող, գրեթե անճանաչելի: «Հովհաննես ջան,- ասի,- ախր…»: «Ախր չկա,- ասաց,- ես լավ եմ, կողքիս ինձ նայող լիքը մարդիկ կան, դեղեր է, որ ուղարկում են հեռու Ամերիկաներից, բայց մարմնիս վրա արդեն սրսկելու տեղ չի մնացել…»: Քիչ դադարից հետո՝ Դո՞ւ ոնց ես, Հակոբ ջան, ընկերոջս՝ Արծրունի համար խնդրանքս հո չե՞ս մոռացել…»:
Այսպիսին էր նա՝ խորհրդային ժամանակներից ի վեր իմ ճանաչած հայ լրագրության ամենակիրթ ու չափազանց զարգացած, մարդկային առաքինություններով իր վեհանձն եսը փառավորած, օգնության կարիք զգացողին հարեհաս, ճշմարտախոս ու արդարության համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստ իմ ավագ ընկերը՝ Հովհաննես Այվազյան խնկելի անունով: Տողերիս հեղինակին բախտ էր վիճակվել տարիներ շարունակ աշխատել նրա հետ, ժուռնալիստիկայի այբուբենը սովորել նրանից, վարժվել նրա խստապահանջությանը, ժամանակի հետ իր «ձեռքի տակ» հղկվել որպես լրագրող ու երբեմն-երբեմն արժանանալ նրա ժլատ գոհունակությանը: «Չեղավ,-ասում էր,- նորից գրի, խմբագրի, վերախմբագրի քո իսկ գրածը, ջնջիր ավելորդ, քաղցր-մեղցր բառերը… Նույնը եւ օտար հեղինակների պարագայում…»:
Սիրված էր ամենքից եւ ամենուր: Մտերիմ ու հավասար զրուցակից էր երեւելիներից շատ-շատերի հետ, որոնց հանդեպ, անկախ մտերմության աստիճանից, պատկառանք ուներ ու չափի զգացում: Չափազանց էր զգայուն, վիրավորել չուներ, անգամ եթե նման առիթներ էին ստեղծում կիրթ ու անկիրթ, ծանոթ կամ անծանոթ մարդիկ: Աշխատասիրությունը նախանձելի էր, եռանդը՝ անհատնում, բառուբանը՝ ոսկեղենիկ: Վստահելի էր, խորունկ հոգի, հավատավոր, անոխակալ: Բարության խտացում էր, Աստծո զավակ…
Եվ հիմա գնաց այնտեղ՝ երկնային թագավորություն: Գնաց անժամանակ՝ բյուր երազանքների պսակն իր հետ տանելով: Թափուր մնաց ու բաց իր տեղը՝ ուր էլ որ լինում էր: Համբուրելի հիշատակ թողեց, վաստակ, լրագրողական ու թարգմանական մեծարժեք ժառանգություն: Նրա մտերմությունը վայելածներիս համար օդը պակասեց: Ասելիք խոսքեր էլ չկան: Մնում է միայն մի ծանր հառաչանք.
-Արածդ չեղավ, սիրելի եղբայր, արածդ չեղավ…
Խմբագրության կողմից.- «ՀՀ» օրաթերթի աշխատակազմը խորապես սգում է սիրելի գործընկերոջ՝ Հովհաննես Այվազյանի մահը եւ իր անկեղծ ցավակցությունը հղում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: