Հաստատվել են հանրակրթության նոր չափորոշիչները, հրապարակվել են նաեւ առարկայական չափորոշիչները, հավանաբար, շուտով կհայտարարվի նաեւ որոշ դասարանների դասագրքերի մրցույթ:
Բոլորիս հիշողության մեջ է այն աղմուկը, որ ոչ վաղ անցյալում՝ 2019-2020 թթ., նոր չափորոշիչների առաջադրմամբ տարածվեց հատկապես «Գրականություն» (7-9 դասարաններ), «Հայ գրականություն» (10-12-րդ դասարաններ), «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» եւ այլ առարկաների շուրջ: Անտեսված էր գրա¬պատմական մոտեցումը, խախտված էր գեղարվեստի արժեքային համակարգը, շրջանցված էր ազգային նշանակությունը… 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքից հանվել էր «Հայ» բառը: Առաջարկվում էր դասագրքային դարձնել ժամանակակից գրականության մեջ իրենց պատշաճորեն չդրսեւորած անհայտ հեղինակների: Հիմա «Հայ» բառը վերականգնվել է, բայց հայ գրականության բովանդակային ընդգրկման վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Նշված առարկաների, ինչպես նաեւ որոշ բնագիտական առարկաների (օրինակ՝ քիմիայի) չափորոշիչները ենթարկվել են սոսկ թեթեւակի խմբագրման (վերջինները՝ նաեւ բարդացման): Այն, ինչ առաջարկվում է, լիարժեք ու անթերի չէ: Կարծես ամեն ինչ արվում է կյանք մտնող երիտասարդությանը զրկելու ազգային ոգուց, դիմագծից, հիշողությունից ու լիարժեք գիտելիքներից: Առարկայական իմացությունների փոխարեն գերիշխում է մեթոդական կողմը:
Վերջերս հրապարակված առարկայական չափորոշիչները թերի են, քանի որ հիմնական եւ ավագ դպրոցում միայն 7-րդ եւ 10-րդ դասարաններն են: Մինչդեռ պետք էր հրապարակել նաեւ 8-9-րդ եւ 11-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչները՝ դասավանդվող նյութերի ամբողջական ընդգրկման մասին պատկերացում կազմելու համար:
Հրապարակված առարկայական չափորոշիչների վերաբերյալ արդեն իսկ կան խնդիրներ (դրանց վերլուծությամբ առիթ կունենանք հանդես գալու), ուստի՝ դրանց հիման վրա, առանց հաջորդ դասարանների առարկայական չափորոշիչների առկայության, դասագրքերի մրցույթ հայտարարելը մեծ հարված կլինի հանրակրթական դպրոցին, ազգային վտանգված վիճակին, հայ ժողովրդի գալիք օրվան:
Շտապողականությունն այս հարցում գործի օգտին չէ:
Առաջարկում ենք հարցի պարզ լուծում՝
ա) հրապարակել հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ՝ 1-12-րդ դասարաններ,
բ) առայժմ դասագրքերի մրցույթ չհայտարարել,
գ) առարկայական չափորոշիչները դնել հանրային շահագրգիռ քննարկման,
դ) քննարկումն ամփոփել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ եւ նոր միայն գործադրել:
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ, բ. գ. դ., պրոֆ., ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող,
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ, բ. գ. դ., պրոֆ., ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ,
Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ակադեմիկոս, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,
Լիդա ՍԱՀԱԿՅԱՆ, մ. գ. դ., պրոֆ., ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ,
Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, բ. գ. դ, պրոֆ., ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ,
Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, բ. գ. դ., ԵՊՀ հայ նորագույն գրականության եւ գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր,
Նարինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ, բ. գ. թ., Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: