Նախորդ հրապարակման մեջ խոստացել ենք անդրադառնալ հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների «Գրականություն» եւ 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» առարկաների ծրագրերին. ի՞նչ են դրանք, եւ որքանո՞վ է նպատակահարմար դրանցով դասագրքերի մրցույթ հայտարարել:
7-9-րդ դասարաններում ուսուցանվող նյութը՝ որպես «թեմա», խմբավորված է ըստ գրական տեսակների. 7-րդում՝ «Բանաստեղծություն», «Պատմվածք», «Ինքնակենսագրական վեպ», 8-րդում՝ «Բանաստեղծություն, բալլադ, պոեմ», «Պատմվածք, նորավեպ», «Վեպ, վիպակ», 9-րդում՝ «Առասպել, վիպերգ, էպոս», «Բանաստեղծություն (տաղ, շարական, հայրեն, խաղ)», «Վեպ», «Ողբերգություն»: Նախ՝ ակնհայտ են անցանկալի կրկնողությունները, ապա անճշտությունները՝ տաղը առանձին գրատեսակ չէ, այլ միջնադարում չափածո ստեղծագործությունների ընդհանուր անվանում, այստեղից՝ տաղասաց, տաղերգություն, տաղարան: Ինչո՞ւ «Ողբերգություն» եւ ոչ թե «Թատերգություն», որտեղ ընդհանուր պատկերացում կտրվի թատրոնի եւ նրա առանձին տեսակների, այդ թվում՝ ողբերգության մասին: Նույն գրողը ստեղծագործում է ոչ թե մեկ, այլ մի քանի գրատեսակներով, օրինակ՝ Աբովյան, Րաֆֆի, Թումանյան, Իսահակյան, Չարենց… Մինչդեռ, ըստ այս մոտեցման, աշակերտը նրան պետք է ճանաչի կա՛մ որպես բանաստեղծ, կա՛մ որպես արձակագիր:
Ավագ դպրոցում եւս նյութը բաժանված է «թեմաների»: 10-րդ դասարանում՝ «Ինքնություն եւ մշակույթ», «Փոփոխություն եւ հեռանկար», 11-րդ դասարանում՝ «Մշակույթ եւ բարքեր, անհատ եւ հասարակություն», «Արժեքային համակարգ, աշխարհայացք», «Արվեստ, գիտություն, երեւակայություն», «Քաղաքականություն, ուժ, արդարություն», 12-րդ դասարանում՝ «Մարդ, բնություն, տեխնոլոգիա», «Ժամանակակից եւ սփյուռքահայ գրականություն (ընտրովի նմուշներ)»:
Սա մի անկազմակերպ «նորարարություն է»: Ոչինչ չասող այս «թեմաները» ինքնին ավելորդություն են, որովհետեւ նույն գրական երկում միասին հանդես են գալիս տարբեր «թեմաներ», որոնք ամենեւին ենթակա չեն ծրագիրը կազմողների այս չափազանց պարզունակ սահմանափակումներին, որոնցում բացակայում են անգամ գրականության հիմնական «թեմաները»՝ սեր եւ հայրենիք:
Եվ ապա՝ ավագ դպրոցում, որի դասագիրքը վերնագրված է «Հայ գրականություն», հայ գրողների հետ հավասար տեղ են գտել արտասահմանյան գրողներ՝ «Լրացուցիչ» պայմանական ձեւակերպումով. 10-րդում՝ Եզոպոս, Խայամ, Դանտե, Շեքսպիր, Բալզակ, 11-րդում՝ Մոպասան, Չեխով, Օ՛Հենրի, Հյուգո, Սենկեւիչ, Պուշկին, Բլոկ, Շուկշին, Ցվայգ, Հոֆման, Սոլժենիցին, Վերֆել: Ոչ ոք դեմ չէ, որ հանրակրթական դպրոցում ուսուցանվի համաշխարհային գրականություն, բայց ոչ թե խառնաշփոթ ստեղծելով: Արտասահմանյան գրականություն կարելի է ուսուցանել առանձին դասագրքով եւ լրացուցիչ դասաժամերի հաշվին եւ ոչ թե այսպես եւ հեղինակների ա՛յս ընտրությամբ, որովհետեւ կան անուններ, որոնք պետք է փոխարինվեն: Արտասահմանյան գրականության ուսուցման նախկին փորձ կա. ժամանակին համապատասխան դասագրքեր են կազմել Եղիշե Չարենցը եւ Սողոմոն Սողոմոնյանը:
Մինչդեռ ավագ դպրոցում հայ գրականությունը պետք է անցնել որպես հայ գրականություն՝ պահպանելով ժամանակագրությունը, զարգացման օրինաչափությունները եւ հիմնական դեմքերի կյանքն ու գործունեությունը՝ ծրագրային երկերի առանձնացումով: Բացի դա, շատ սահմանափակ ու աղքատիկ է ներկայացված սփյուռքահայ գրականությունը: Իսկ Զահրատը ամենեւին դասագրքային հեղինակ չէ, որ զետեղել են այս «նորարարները»: Այնուհետեւ՝ անտեսված է գրականության տեսությունը, առանց որի նվազագույն իմացության աշակերտը անպայման կհանդիպի առարկայի յուրացման դժվարությունների:
Կան հեղինակներ եւ գործեր, որոնք ուսուցիչը պետք է անցնի աշակերտի հետ «ընտրությամբ», ինչը անորոշության, անհստակության նախադրյալ է: Ո՞վ պետք է ընտրի, երբ ծրագիր կազմողները դժվարանում են, որ իրենց պարտականությունն է: Ընտրել՝ նշանակում է ամբողջը իմանալ եւ այդ ամբողջից առանձնացնել ցանկալին: Այնպես որ, այս առաջարկն էլ դպրոցի համար չէ: Նույն տեսանկյունից՝ հապա մի տեսեք, թե 11-րդ դասարանում «Միջառարկայական կապեր» բաժնում ի՞նչ են գրել. «Բնագիտություն, մաթեմատիկա: Գրական սեռերը, ժանրերը դիտարկել օրինաչափությունների, համակարգի եւ կառուցվածքի տեսանկյունից: Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտական համակարգերի, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների հետ»: Այս տողերի հեղինակները, հավանաբար, լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ են սեռն ու ժանրը, անծանոթ են դրանց պատմական ձեւավորմանն ու զարգացմանը նվիրված հսկայական գրականությանը, հակառակ դեպքում բնագիտության ու մաթեմատիկայի հետ համեմատելու պահանջ չէին դնի, որովհետեւ համեմատելի չեն:
Այս հախուռն փորձարարությունը ոչ թե օգնում, այլ միայն վնասում է դպրոցին: Հապա մի թերթեք Տավուշի մարզում փորձարկված նախագծային տետրերը, որոնք վերնագրված են «Ուսումնական նյութեր աշակերտների համար» (7-րդ դասարան), «Ուսումնական նյութեր եւ առաջադրանքներ» (10-րդ դասարան), այնուհետեւ խոսեք դպրոցի ապագայով ու աշակերտի լիարժեք կրթությամբ մտահոգված մանկավարժների ու ծնողների հետ, կհամոզվեք, որ փորձը փորձանք է դարձել եւ ձախողվել, թեեւ ներդրողները ամեն կերպ ուզում են դրական կողմով ներկայացնել: Նախ՝ սխալաշատ են որպես դասագիրք աշակերտներին մատուցված այդ տետրերը, հեղեղված են վրիպակներով եւ ապա՝ մեթոդական կողմը, որ ընդամենը պետք է նպաստի դասի արդյունավետ ուսուցմանը, դարձել է գերակա, ինքնանպատակ, ինքնիշխան:
Դպրոցներին կարծիքի համար փորձարկման ուղարկվեց նաեւ 7-րդ դասարանի գործող դասագրքին զուգահեռ մի ձեռնարկ, որը անհաջող կրկնություն է, նորությունը միայն տեխնիկական միջամտությունն է՝ QR մուտքադրոշմների կիրառմամբ: Լրիվ ավելորդություն, որովհետեւ եթե այդ ամենից աշակերտը պետք է օգտվի հեռախոսով, ապա հեռախոսով միանգամից կարող է օգտվել համացանցից: Էլ ինչո՞ւ մի գործը երկու անել: Այսինքն՝ այդ «նորամուծությունն» էլ իր հերթին հնացած եւ ավելորդ «հայտնագործություն» է: Իսկ դպրոցն ու կրթությունը, իրոք, ունեն չլուծված հարցեր: 9-րդ դասարանի գրականությունն ընդգրկում է հին եւ միջնադարյան շրջանը, նույնը նաեւ 10-րդ դասարանում: Ինչո՞ւ, որովհետեւ 7-9-րդ դասարաններում նախկինում անհարկի խախտվել է ժամանակագրական հաջորդականությունը: Պե՞տք է ուղղել, այո՛:
Մեկ այլ կարեւոր հարց՝ 12-ամյա ուսուցումը չի արդարացվում, պետք է անցնել 10-ամյա ուսուցման: Ինչո՞ւ, որովհետեւ կյանք մտնող երիտասարդից անհարկի կրճատվում է երկու տարի ժամանակ, իսկ 12-րդ դասարանի տղաների մի ոտքը դպրոցում է, մյուսը՝ զինկոմիսարիատում: Պե՞տք է մտահոգվել այս հարցով, այո՛: Ելքը տասնամյա կրթությունն է: Այո՛ ու նորից՝ այո՛, որովհետեւ մաթեմատիկայի եւ գրական սեռերի ու ժանրերի միջեւ միջառարկայական կապեր գտնելու առաջադրանքը պարապ զբաղմունք է: Մինչդեռ դպրոցն ու կրթությունը լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած: Մտահոգիչ է, որ բուհ ընդունվող դիմորդը մայրենի լեզվի փոխարեն հավասար իրավունքով քննություն կարող է հանձնել անգլերենից: Անգլերենն իր տեղն ունի, մայրենին՝ իր: Հայաստանի հանրակրթական դպրոցն ավարտած դիմորդը պետք է քննություն հանձնի միմիայն մայրենի լեզվից: Բացառություն կարելի է անել օտար քաղաքացիների եւ այլ երկրներում կրթություն ստացածների համար: Ի վերջո, մի պարզ հարց պիտի տանք՝ ո՞ւմ համար են ղողանջում հայոց դպրոցների զանգերը…
Կրթական գործառույթների հետ կապված եւս մի հարց. բավակա՛ն է ահաբեկության մեջ պահել բուհական համակարգը. քանի կար առաջարկում էին Երեւանի (գուցեեւ ամբողջ հանրապետության) բուհերը տեղափոխել հանրապետության երկրորդ քաղաք եւ այն դարձնել ուսանողական քաղաք, հիմա էլ …: Ո՛չ եւ ո՛չ՝ բուհերը պատմականորեն ինչպես եւ որտեղ ձեւավորվել, այդպես էլ պետք է մնան իրենց տեղերում, հարցը միայն շենքն ու տարածությունը չեն, որովհետեւ գլխավորը միջավայրն է՝ գրադարաններ, մշակութային հաստատություններ… Պետք է մտածել ոչ թե դրանց տեղափոխման ու օպտիմալացման մասին, այլ զարգացման, բարգավաճման, կրթական որակի բարելավման:
Եվ հետո՝ ծրագրերով, դասագրքերով սկսել են զբաղվել պատահական անձնավորություններ, որոնց ամուսինները, երեխաները, հարսները, փեսաները եւ հավատարիմ համագյուղացիները նշանակալի դիրքեր են զբաղեցնում կառավարության տարբեր ստորաբաժանումներում եւ փորձում յուրայիններին ներգրավել գործի մեջ՝ առանց հաշվի առնելու նրանց կարողություններն ու հնարավորությունները: Արդարացումը մեկն է՝ դե՛, տուն են պահում… Վերջ պետք է տալ այս ստորաքարշ գարշելի վիճակին եւ կազմակերպել չափորոշիչների ու ծրագրերի նախ՝ հանրային, այնուհետեւ՝ մասնագետների (եւ ոչ թե սիրողական խմբերի) լուրջ քննարկումներ:
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բ. գ. դ., պրոֆեսոր, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող