Դպրոցական էի, որ սկսեցի ընթերցել այնպիսի գեղարվեստական գործեր, որոնք պատմում էին 20-րդ դարասկզբին մեր կորուսյալ հայրենիքի ու թուրքական ոճրին զոհ գնացած բյուրավոր հայերի մասին։ Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում», Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն», Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու հիշողությունների, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Հրաչյա Քոչարի «Նահապետ» եւ «Կարոտ», Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան», Բակունցի «Լառ Մարգար» եւ այլ նմանատիպ գործերի կողքին էին Ստեփան Ալաջաջյանի «Անապատում», «Փյունիկ», «Առանց հայրենիքի», «Եղեգները չխոնարհվեցին», «Անառագաստ նավակներ», «Ապառաժները արտասվել գիտեն» գործերը։ Այնուամենայնիվ, իր նոր խոսքով առանձնանում է «Եղեգները չխոնարհվեցին»-ը, որը նշված ժամանակում ձեռքից ձեռք էր անցնում։ Հիշում եմ՝ պապիս եւ իր տարիքի մեր հարեւանների համար հաճախ էի հայոց պատմությանը վերաբերող գրքեր, հատկապես՝ պատմավեպեր ընթերցում։ Մի օր մոտ 7-8 ժամ չթողեցին դադարեցնեմ «Եղեգները չխոնարհվեցին» վեպի ընթերցումը, որ իմանային՝ ինչ եղավ վերջում… Ինչպես այսօր, նաեւ այն ժամանակ՝ 1921 թ., դրանից առաջ, հավատացել ենք՝ օտարը, հատկապես եվրոպացին մեզ կօգնի, սակայն այսօր էլ մեր միակ բարեկամը մենք ենք։ «-Վարժապետ,- ասաց Սիմոնյանը,- ո՞ւմ ենք ապավինում։
-Մեր զենքին ու Աստծուն»։
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում օրերս կայացավ Ստ. Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպի վերահրատարակման շնորհանդեսը։ Վեպում հեղինակը պատմում է իր պապերի հայրենիք Զեյթունի հայության, այդ թվուն նաեւ իր հոր ու հարազատների հերոսական պայքարը թուրքական հրոսակների դեմ 1919-21 թթ.։ 1915 թ. Մեծ եղեռնից հետո զեյթունցիները վերադարձել էին հայրենիք եւ ստեղծել Կիլիկիայի հայկական ինքնավարություն՝ հավատով՝ Եվրոպական տերությունները, հատկապես Անգլիան ու Ֆրանսիան, տեր կկանգնեն այդ ինքնավարությանը։ Սակայն, այդպես չեղավ։ Նույն ինքնավարության անդամներին աքսորեցին, իսկ Թուրքիան շարունակեց եղեռնը արդեն Կիլիկիայում։ Բայց այս անգամ զեյթունցիները բարձրացան լեռներ, կռվեցին, նահատակվեցին, այնուամենայնիվ, չխոնարհվեցին, շատերը փրկվեցին, եւ այս հերոսների մասին է վեպը։ Գրքի վերահրատարակումը հովանավորել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (նախագահ՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյան)։ Գիրքը խմբագրել եւ առաջաբանը գրել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանը։ Նույն հիմնադրամի հովանավորությամբ 2020-ին տպագրվել է Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատորը, որի շնորհանդեսը կայացել է անցած տարի։ Այդ առիթով գրողի դուստրը գրել էր. «Հայրս այս գիրքն սկսեց գրել արցախյան առաջին պատերազմի օրերին: Ավարտեց, երբ պատերազմում մենք հաղթանակ էինք ունեցել: Այս անգամ, վերահրատարակեցինք եւ ներկայացրինք վերջին պատերազմի օրերին, սակայն, ցավոք, պարտություն ունեցանք»։
«Եղեգները չխոնարհվեցին»-ի շնորհանդեսին, որը կայացավ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի եւ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի համագործակցությամբ, ներկա էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը։ Իր ելույթում Ա. Ավագյանն ասաց. «Վերջին տարիներին արդեն երկրորդ անգամ ենք հավաքվում մեր հարգանքի տուրքը մատուցելու հայ գրականության պայծառ դեմքերից մեկի, տաղանդավոր գրող Ստ. Ալաջաջյանի վաստակին։ Տասնյակ ու տասնյակ գրքերի հեղինակ, հասարակական ու մշակութային գործիչ, մեծ մտավորականի տասնյակ տարիներ առաջ գրած գիրքը շատ ժամանակակից է, գեղարվեստորեն բարձր քննություն է բռնել եւ ուղղված է ամեն մի հայի…»։ ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարեւորեց այս գեղեցիկ վեպի վերահրատարակումը, որն էլ առիթ է դարձել նման հանդիպման։ Նշեց, որ վեպում սեւի ու սպիտակի, լավի ու վատի բաժանումներ չկան, այլ կան մտածող հերոսներ, ինչպիսին Փառենն է, նրա ընկերները։ Գրքում դառը ճակատագիր կրած մարդու գրիչն է խոսել, հավելեց Էդ. Միլիտոնյանը՝ ասելով, որ նրա գրքերի վերնագրերն արդեն խոսուն են, տպավորիչ եւ բանալի բառեր։ Գրքի սյուժեին ու հերոսներին, գաղափարախոսությանը, նպատակին անդրադարձավ Ա. Ավագյանը՝ նշելով, որ գրքում արծարծված խնդիրները հրատապ են նաեւ այսօր. «Շարունակել պայքարելով ապրե՞լ, թե ընկնելով գոյատեւել»։ Տեղեկացրեց՝ վեպն առաջին անգամ լույս է տեսել 2 գրքով՝ առաջինը՝ 1966-ին, երկրորդը՝ 1967-ին՝ մի քանի տասնյակ հազար տպաքանակով։ Չնայած այդ քանակին՝ գիրքը դարձել էր այն որոնված հրապարակումներից մեկը, որի համար գրախանութների մոտ մարդիկ նաեւ գիշերով հերթ էին կանգնում։ Վեպը մեծ սիրով է ընդունվել նաեւ սփյուռքում։
Գրող-գրականագետ Կարո Վարդանյանը գրքի նոր հրատարակումը համարեց ոչ պատահական, քանի որ հայ մարդը պետք է կարդա Ստ. Ալաջաջյան, Գուրգեն Մահարի, Մկրտիչ Խերանյան…, զգա հայրենի երկրի կորստի կսկիծը եւ դուրս գա պայքարի։ Այս նպատակով էլ շուտով լույս կտեսնի նաեւ Խ. Դաշտենցի «Խոդեդանը» հերոսապատում վեպը։ Կ. Վարդանյանը նշեց նաեւ՝ եթե խորհրդային տարիներին նույն հեղինակները համարվում էին ազգայնամոլ, հալածվում էին, այժմ նույն հեղինակների ստեղծագործությունների հանրայնացումը մնացել է նրանց ժառանգների ուսերին։ Այս առումով կարեւորեց շնորհանդեսին ներկա Թերեզա Ալաջաջյանի դերը, ով մեծ ջանք է թափում հոր թողած ժառանգությունը հանրայնացնելու համար։ Նշեց՝ «Ալաջաջյան հիմնադրամի» եւ «Կայարան» հանդեսի կողմից գործում է Ստ. Ալաջաջյանի անվ. մրցանակաբաշխություն, որը շնորհվում է վիպասանության ժանրում աչքի ընկած գրողներին։ Այս անգամ մրցանակի էին արժանացել Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը», Հովիկ Աֆյանի «Քաղցր կյանք» եւ Մեսրոպ Հարությունյանի «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» վեպերը։ Գրողի դուստր Թ. Ալաջաջյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ գիրքը վերահրատարակողներին։ Կարեւորեց, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում է կայանում գրքի գինեձոնը, եւ անդրադարձավ վեպի այսպես ասած «չբացված տողեր»-ին։ Գրքում Եղիան եղել է իր պապը՝ հոր հայրիկը, ով իր ջոկատով կռվել է թշնամու դեմ, երկամյա Մարիամ քույրը կա, ում շատ այլ երեխաների հետ թուրքերն այրել են եկեղեցում։ Թերեզա տատի կերպարը կա, ով հղի վիճակում լեռներով անցել է երկար ճանապարհ… Տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ-ում հանդիպել է զեյթունցի մի կնոջ, ով եղել է վեպի գլխավոր հերոսներից Արամի թոռը։ Այսպիսով՝ «Եղեգները չխոնարհվեցին»-ը հիմնված է փաստերի վրա, որոնք հեղինակը հավաքել է զեյթունցիներից, ովքեր մասնակցել են հերոսամարտերին, ողջ մնացել եւ բնակություն հաստատել տարբեր երկրներում։ Ստ. Ալաջաջյանը Զեյթունում երբեք չի եղել, սակայն լսելով իր հայրենակիցների պատմությունները, երկիր-հայրենիի նկարագրությունը, կարողացել է ճիշտ ներկայացնել պապերի ոստանը։ Ծնվել է Հալեպում 1924 թ. հունվարի 3-ին։ 1946 թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1951-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության եւ տրամաբանության բաժինը։ 1957-1963 թթ. աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ, 1966-1967 թթ. եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը, 1967-1975 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1980-ից աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն։ 1992-ից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ հրատարակել է «Առագաստ» գրական պարբերաթերթը։ 2008 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է Ոսկե մեդալով։ Վախճանվել է Լոս Անջելեսում 2010 թ. դեկտեմբերի 23-ին։
«Եղեգները չխոնարհվեցին» գրքի վերահրատարակման առթիվ լրագրողների հետ զրույցում Գուրգեն Մելիքյանն ասաց. «Հավատացեք՝ գիրքը մեր օրերի համար է գրված։ Թշնամու հանդեպ ատելությունը զենք է, եւ այդ զենքը չպետք է վար դնենք։ Կարողանանք մեր արժանապատվությունը պահել Ալաջաջյանի ոգով։ Անձամբ ճանաչում էի Ալաջաջյանին, մտերիմ էինք։ Համեստագույն մի անձնավորություն էր նա, նվիրված իր հայրենիքին, որով ապրում ու շնչում էր, նույնիսկ, երբ ապրում էր արդեն արտասահմանում։ Միայն կորցրածի մասին չէր խոսում, խոսում էր մեր օրերի, հայրենիքի սիրելու ու պահելու մասին…»։ Գ. Մելիքյանը տեղեկացրեց նաեւ՝ գիրքը տպագրվել է 500 օրինակով եւ հիմնականում նվիրվում է ընթերցողներին։ Շնորհանդեսը եզրափակվեց ուսանողների կողմից գրքի հատվածների ընթերցանությամբ, ինչպես նաեւ՝ երգիչներ Տիգրանի եւ Դավիթ Ամալյանի կատարումներով։
«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կողմից Ստ. Ալաջաջյանին նվիրված պուրակ էր հիմնվել Բերձորում՝ ճանապարհի եզրին։ Բացումը եղավ մեծ շուքով, հեղինակի հարազատների մասնակցությամբ։ Վերջերս, երբ մեծ կսկիծով, առանց կրակոցի թշնամուն թողեցինք Աղավնոն ու Բերձորը, նույն պուրակն էլ մնաց գերության մեջ։