Երեւանի Արշավիր Շավարշյանի անվ. թիվ 40 հիմնական դպրոցում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» (ԻՀՄԱ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» խորագիրը կրող հայրենասիրական-մշակութային երեկո։ Դպրոցի նախկին սաներից Համլետ Աշոտի Հովհաննիսյանն ու Արման Խաչատուրի Խաչատրյանը հերոսաբար նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին հերոսների անվան դասարաններ բացվեցին դպրոցում։ Հ. Հովհաննիսյանի անվան դասարանում կայացավ երեկոն, որին ներկա էին պատերազմում զոհվածների հերոսածին մայրեր, այրիներ, հարազատներ, զինվորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, հյուրեր։
ԻՀՄԱ նախագահ Խաչատուր Մարոզյանը ողջունեց ներկաներին, նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակ քաջորդիների հիշատակը։ Խ. Մարոզյանը կարեւորեց նման միջոցառումները մեր երկրում հատկապես այս օրերին, երբ մեր ազգին, ժողովրդին միավորվել է պետք։ Տեղեկացրեց, որ «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» ծրագիրը ծնունդ է առել 2020 թ. կործանարար պատերազմից հետո, եւ իրենց կազմակերպության կողմից նկարահանվում է նաեւ պատերազմի եւ խաղաղության մասին պատմող՝ «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմը, որի գաղափարի շուրջ համախմբվել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորների եւ զինծառայողների բազմաթիվ ընտանիքներ: Նշեց նաեւ, որ դասարանում ներկաների մեծ մասը ծրագրի հիմնադիրներ են, եւ շնորհավորեց այդ առթիվ, ներկայացրեց հիմնադիրներին, որոնց թվում է նաեւ դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանը։ Արցախյան գոյամարտի մասնակից, զինվորական բժիշկ, բ. գ. թ., գեներալ-մայոր Միշա Գրիգորյանը, ով նույնպես «Ապրե՛նք եւ ապրեցնե՛նք» ծրագրի հիմնադիրներից է, իր խոսքում ասաց. «Կարեւոր ու արդյունավետ գործ է մեր ծրագիրը, որ նեցուկ լինենք նահատակ մեր հերոսների ընտանիքներին, մեր զինվորներին, ովքեր այժմ դիրքերում են։ Մենք պետք է աշխատենք մեր ժողովրդի, խաղաղության համար։ Ցավոք, մեր 18-20 տարեկան զավակները զոհվում են, գերեվարվում ու սպանվում։ Իսկ դրա դեմն առնելու համար պետք է միասնություն…»։ Արցախյան ազատամարտի օրերից մինչ այժմ հայոց բանակի կողքին է ազգությամբ էստոնացի Ֆելիքս Գուրմանը, ով իր ելույթում նշեց, որ հպարտ է, որ այս դասարանում է, որն իր համար եկեղեցի է. այստեղ լսեց Կոմիտաս եւ պատրաստ է մինչեւ կյանքի վերջ ծառայել հայ ժողովրդին։
«Ես երդվել եմ Եռաբլուրում, որ միշտ մնալու եմ հայ զինվորի կողքին, եւ այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը եւ լինել ծրագրի հիմնադիր ու աջակից»,- ասաց Ֆելիքսը։ Նշեց նաեւ, որ Ամերիկայի հայությունն իրեն հրավիրել է ԱՄՆ, եւ ինքը կհանդիպի շատ հայերի եւ կպատմի հայ քաջազուն զինվորների՝ իր մարտական ընկերների մասին։ Լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, ով ծնվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղում, անդրադարձավ մեր ժողովրդի ներկայիս վիճակին։ Ասաց, որ ինքը հավատում է միայն Աստծուն, որ Տերն է հայոց միակ պաշտպանը եւ մեր ժողովրդի միասնությունը։ «Մենք պետք է բռունցվենք»,- ասաց Լ. Միրզոյանը եւ ներկայացրեց իր ծննդավայրը, որը սահմանին է։ Այստեղ են ծնվել նշանավոր մարդիկ։ Տեղեկացրեց, որ Տավուշը ռազմական առումով բավականին ներուժ ունի։ Պատմեց, որ իր հայրական տունը թշնամու հրետակոծությունից ավերվել է, հայրը զոհվել է, մայրը 3 անգամ վիրավորվել է եւ երբ խրամատ փորելիս է եղել, թուրքերը նկատել եւ սպանել են։ Ելույթի վերջում իր հեղինակած «Չորաթան» գիրքը, որում նաեւ Արցախյան գոյամարտում նահատակված 14 քաջորդիների մասին է գրված, նվիրեց Խ. Մարոզյանին։
Երեկոյի ընթացքում եղավ նաեւ մշակութային մաս։ Կոմիտասի երգերի կատարումով հանդես եկավ «Բյուրական» համույթը՝ գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ-խմբավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ։ Հայրենանվեր գործունեության համար Խ. Մարոզյանը ԻՀՄԱ պատվոգիր հանձնեց Գ. Հարությունյանին։ ԻՀՄԱ-ի կողմից «ՀԱՅԸ» հուշամեդալով հետմահու պարգեւատրվեց հավերժ զինվոր Գեւորգ Գեւորգյանը: Անմահ հերոս Գ. Գեւորգյանը բնակվել է Գերմանիայում, եղել է ճանաչված մարզիկ։ Լսելով պատերազմի մասին՝ Գեւորգը այնտեղ թողել է նշանածին, ով գերմանուհի է, իր ապագան, եկել է հայրենիք, մասնակցել մարտերին եւ նահատակվել հերոսաբար։ Խ. Մարոզյանը հուշամեդալը հանձնեց հերոսի մորը՝ Թամարա Գեւորգյանին։ Ասմունքով հանդես եկավ բանաստեղծուհի Կարինե Ամիրյանը, իսկ Աշուղ Աստղանուշը կատարեց իր երգերից, կարեւորեց նման նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ կփոխվի իրավիճակը, եւ մեր ժողովուրդը կհամախմբվի։ Եղբոր անվան դասարանում էր նաեւ Դավիթ Հովհաննիսյանը, ով մոր՝ նույն դպրոցի ուսուցչուհի Գոհար Կիրակոսյանի հետ նույնպես ծրագրի հիմնադիրներից է։ Ներկա էին նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից նահատակված հերոսներ Ժորա Սարգսյանի մայրը՝ Արմինեն, եւ Ռոբերտ Գալստյանի այրին՝ Ժենյա Գալստյանը։ Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, նույնպես կարեւորեց նախաձեռնությունը։ Նախաձեռնության հիմնադիր անդամներ դարձան նաեւ հերոսածին այլ մայրեր, եւ բոլորի նպատակը մեկն է՝ բռունցքվել, որ այլեւս զոհեր չունենանք։
«Մեր օրերում, երբ հասարակության պառակտվածությունն ու հուսալքությունը հասել են վտանգավոր եզրագծի, օրախնդիր է դառնում հասարակական լայն շրջանակների համար ապահովել այլընտրանքային տեսադաշտ, դառնալ նրանց համար կողմնորոշիչ եւ խթանող ուժ, առողջացնել եւ կոնսոլիդացնել հասարակության տարբեր հատվածները։ Այս կարեւոր առաքելությամբ «ԱՊՐԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՑՆԵՆՔ» հասարակական կառույցը բավականին գրավիչ կազմով այսօր մտավ հանրային դաշտ»,- երեկոյի վերջում ասաց Խ. Մարոզյանը։