ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը պաշտպանության նախարարության աջակցությամբ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների համար յուրաքանչյուր տարի աշնանը կազմակերպում է հանրապետական ռազմամարզական խաղեր:
Խաղերն անցկացվում են 4 փուլով. 1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ, որոնք կայացել են մինչեւ սեպտեմբերի 25-ը, 2-րդ փուլ` տարածաշրջանային եւ Երեւանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը), 3-րդ փուլ` ՀՀ մարզերի եւ Երեւանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը), 4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ ՊՆ որեւէ զորամասում): Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձեւավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ եւ 1 մարզիչ ներկայացուցիչ): Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետեւյալ մարզաձեւերը` նռնակի նետում (Ղ-1 ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4×50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում։ Ռազմամարզական խաղերի 2-րդ եւ 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցներին տրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցներին՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկներին` մրցանակներ եւ համապատասխան կարգի հավաստագրեր: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձեւերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին:
Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվ. միջն. դպրոցում նախօրեին տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների մարզային մրցույթը, որին մարզի Արտաշատ, Վեդի եւ Մասիս խոշորացված համայնքներից մասնակցեցին 2-ական թիմեր։ Արտաշատից մասնակցեցին Այգեստան եւ Ոստան գյուղերի, Վեդիից՝ Նոյակերտ եւ Վանաշեն գյուղերի, իսկ Մասիսից՝ Նոր Խարբերդ ավանի եւ Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցների 9-12-րդ դասարանների պատանիները՝ իրենց զինղեկների գլխավորությամբ։ Մրցույթի կազմակերպիչ, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ավագ մասնագետ Սուրեն Շահինյանը տեղեկացրեց, որ մարզի դպրոցներում արդեն կայացել են առաջին 2 փուլերը, մարզայինը կայանում է մարզպետարանի աջակցությամբ։ Ռազմամարզական խաղերի մրցավարական կազմում յուրաքանչյուր համայնքից ընդգրկված էին 1-ական ավագ զինղեկ՝ Գեղամ Սարգսյան (Արտաշատ), Ռոբերտ Հարությունյան (Վեդի) եւ Հովհաննես Հարությունյան (Մասիս)։ «Ձգում» մարզաձեւում 1-ին տեղը գրավեց Այգեստանի թիմը, 2-րդ տեղում Նոյակերտն էր, երրորդում՝ Նոր Խարբերդը։ Նռնակի նետումում ուժեղ էին վանաշենցիները, մարմարաշենցիները երկրորդն էին, երրորդը Նոյակերտի թիմն էր։ Կրոսավազքում Նոր Խարբերդի թիմը հաղթողն էր, երկրորդ տեղում մարմարաշենցիներն էին, երրորդում՝ նոյակերտցիները։ Առավել հետաքրքիր ու ոգեւորիչ էին «Ինքնաձիգի քանդում-հավաքում», «Փոխանցումավազք» եւ «Կրակային պատրաստություն» մրցաձեւերը։
Մարմարաշենի Հարություն Բարությանի անվան միջնակարգի սաները, իրենց համագյուղացի հերոսի անունով ոգեւորված, ինքնաձիգի քանդում-հավաքում մրցույթում գրավեցին առաջին տեղը։ Դպրոցի սաներից Գոռ Վարդանյանը 26 վայրկյանում քանդեց-հավաքեց ինքնաձիգը։ Նման արդյունք ցուցաբերեցին նաեւ Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգի սաներ Հարությունը եւ Տիգրանը։ Այս մրցաձեւում Նոր Խարբերդի թիմը դրավեց 3-րդ տեղը, երկրորդը նոյակերտցիներն էին։ Կրակային պատրաստությունում բարձր միավորներ ապահովեցին նորխարբերդցիները, երկրորդ տեղում դարձյալ նոյակերտցիներն էին, երրորդում՝ մարմարաշենցիները։ Փոխանցումավազքում ուժեղը Վանաշենի թիմն էր (զինղեկ՝ Գոռ Եղյան), Նոր Խարբերդի թիմը գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդը նոյակերտցիներն էին։ Ինչ խոսք, Նոյակերտի դպրոցականները (զինղեկ՝ Յուրա Հարությունյան) բավականին լավ հանդես եկան եւ ընդհանուր 15 միավորով դարձան երրորդ մրցանակակիր։ Ի դեպ, այս մրցույթում ցածր միավոր ստացող թիմերն են ճանաչվում հաղթող։ Նոր Խարբերդի եւ Մարմարաշենի թիմերը հավաքեցին հավասար՝ 14 միավոր։ Սակայն, ըստ կանոնակարգի, քանի որ Նոր Խարբերդի թիմը 2 մարզաձեւում էր դարձել հաղթող, իսկ Մարմարաշենինը՝ 1, ուստի 2022 թ. նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների համար ռազմա-մարզական խաղերում Արարատի մարզային (3-րդ) փուլի հաղթող ճանաչվեց Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորած թիմը։ Իսկ Մարմարաշենի Հ. Բարությանի անվ. միջնակարգի սաները՝ զինղեկ, փոխգնդապետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, գրավեցին երկրորդ տեղը։
Մրցույթի մասնակիցներին ողջունեց Ս. Շահինյանը, շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց զինղեկներին, որ լավ են աշխատել ապագա զինվորների հետ։ Նա նաեւ պատվոգրեր ու հավաստագրեր հանձնեց նախորդ փուլերում մրցանակային տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչներին։ Ընթացքում զրուցեցինք դպրոցականների հետ։ Պարզապես հիանալ է պետք մեր այս տղաներով, բոլորն էլ պատրաստ են դառնալ հայրենիքի զինվորներ։ Մարմարաշենի դպրոցի 12-րդ դասարանից Նարեկը որոշել է ընդունվել համալսարան եւ մեկնել Հայոց բանակ։ Ոստանի դպրոցից ժորա Անտոնյանը, ով ինքնաձիգը քանդեց-հավաքեց 29 վայրկյանում, դժգոհ էր՝ շատ ժամանակ ծախսեց։ Վանաշենի դպրոցի 11-րդ դասարանում է սովորում Էդգար Մարգարյանը, ով ծնողների հետ այստեղ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից 2020 թ. 44-օրյա պատերազմի պատճառով։ Կովսականում Էդգարը սովորում էր Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում եւ այնտեղ եւս շատ ակտիվ էր տարբեր միջոցառումների ժամանակ։ Այն երանելի օրերին հաճախ էի լինում Կովսականում, հանդիպում դպրոցականների հետ։ Հիշեցինք քաշաթաղյան օրերը…
Նշենք, որ հյուրընկալող դպրոցը 2020 թ. պատերազմի ժամանակ մինչեւ 60 արցախցի աշակերտ է ընդունել։ Տնօրեն Ք. Մաթեւոսյանը շատ սիրով է խոսում արցախցի երեխաների մասին, ովքեր, չնայած տեղահանությանը, տեսած սարսափներին, իրենց դրսեւորել են պատշաճ ու իսկական արցախցու պես։ Այսօր 6 արցախցի է մնացել դպրոցում։ Տնօրենն ուրախ է, որ շատերը վերադարձան Արցախ՝ իրենց բնակավայրերը, նաեւ կարոտով է հիշում նրանց։ Տեղեկացրեց, որ կապը պահպանում են արցախցի դպրոցականների հետ։ Մարտունուց Լիլիթ Առաքելյանը սովորել է 12-րդ դասարանում, եղել է ընթերցասեր, լավ է սովորել, բոլոր աշակերտներին օգնել։