Ժամանակակից հասարակությունը գերադասում է ամեն ինչի այսպես ասած «ֆասթ ֆուդը»՝ «արագ սնունդը», գերադասում է ուտելիս, մտածելիս, խոսելիս, ընտրելիս…
Մասնագետ ու ոչ մասնագետ հազար անգամ են ասել ու լսել, կարդացել ու նաեւ իրար փոխանցել, թե՝ «ֆասթ ֆուդ» ասվածը վնաս է՝ մի՛ կերեք կամ մի՛ չարաշահեք… Բայց ինչպես ծխելու պարագայում է, այս դեպքում եւս, հասկանալով, գիտակցելով, կարդալով, որ վը-նաս է, ուտում ենք: Երեւի մտածում ենք, թե երբ որ Եղիշեն 5-րդ դարում ասում էր՝ «մահ իմացյալ անմահություն է», դա վերաբերում է նաեւ «ֆասթ ֆուդ» ուտելուն:
Բայց «ֆասթ ֆուդը» ոչ միայն առողջությանն է վերաբերում. նախեւառաջ այն բիզնես է: Բացի այդ, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ ուտել, ինչպես ուտել կամ նույնիսկ ումով ուտել, ինչպես ժամանակին իր կուսակցության մասին սիրում էր ասել մեր քաղաքական գործիչներից մեկը: Ի դեպ, քաղաքական եւ իրական «ֆասթ ֆուդի» բառացի համատեղման օրինակներից մեկը 1997 թ. թողարկված հայտնի պիցցերիաների ցանցի գովազդն է, որում նկարահանվել է ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը. նրա մասնակցության վճարը կազմել է 160 հազար դոլար…
Երբ «ֆասթ ֆուդը» այլակերպվում է եւ դառնում գործունեության ուղենիշ, այստեղ արդեն սպառնալիքը դառնում է ավելի քան ակնհայտ: Մանավանդ որ «ֆասթ ֆուդը» համեմատաբար կամ նույնիսկ անհամեմատ էժան է, գրեթե բոլորին հասանելի ու արագ հագեցնող, այսինքն՝ արագ արդյունք է տալիս, նույնիսկ եթե այդ արդյունքը կարճ ժամանակ հետո անհետացող թանաքի նման կարող է չքանալ կամ վերածվել առնվազն վնասակար նյութի…
Ժողովրդական հայտնի խոսք է՝ «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»: Սիրում ենք սա կրկնել, ընդգծել, որ ժողովուրդն իմաստուն է, եւ հաճախ անում ենք հակառակը: Ընդ որում՝ եթե դա մեկ անգամ լինի, գուցե թե ներելի է: Բայց արդեն սովորույթ ու սովորական է դարձել կտրել, հետո միայն սկսել կտրածը յոթ անգամ չափել ու այնուհետեւ ճարահատյալ անցնել… կարկատելու: Պատճառը հենց «ֆասթ ֆուդի» հոգեբանությունն է՝ ամեն ինչ արագ անել ու հետո միայն սկսել մտածել հետեւանքի մասին: Օրինակ՝ արագ ինտերնետը լավ բան է, բայց բոլորովին էլ լավ բան չէ այդ արագությամբ հիմարություններ անելը… Արագ մտածելը լավ բան է, բայց ավելի հաճախ այսօր ստացվում է այնպես, որ արագ մտածելու արդյունքում որակը եւ հետեւանքը մղվում են երկրորդ պլան: Հատկապես 21-րդ դարի խելահեղ արագության ժամանակներում, երբ բոլորը ձգտում են իրարից առաջ ընկնել, հաճախ է լինում այնպես, ինչպես Ռուսաստանի նախկին վարչապետներից Վիկտոր Չեռնոմիրդինն էր ասում՝ ցանկանում էինք հնարավորինս լավ, բայց ստացվեց ինչպես միշտ: Այդ «ինչպես միշտը» միշտ չէ, որ լավն է, եթե չասենք՝ ավելի հաճախ հակառակը: Սա վերաբերում է ինչպես որեւէ երկրի ներքին կյանքին կամ արտաքին քաղաքականությանը, այնպես էլ աշխարհաքաղաքական իրադարձություններին:
Կարեւոր չէ, թե «ֆասթ ֆուդ» ասվածը որ երկրում է ծնվել կամ որտեղ է ավելի շատ տարածված: Այսօր այն տարածում ունի ամբողջ աշխարհի բոլոր մասերում՝ միգուցե բաղադրիչների որոշ տարբերությամբ կամ համադրությամբ, սակայն բովանդակությունը նույնն է, բովանդակություն թե՛ որպես սնունդ, թե՛ որպես քաղաքական տարր կամ հասարակական մտածողություն:
Բայց, ինչպես բազմիցս է ասվել, եթե այլ երկրներ կամ ժողովուրդներ ուզում են կամ կարող են իրենց նման «շքեղություն» թույլ տալ եւ ամեն ինչում առաջնորդվել «ֆասթ ֆուդի» հոգեբանությամբ, մեր պարագայում դա իսկապես շքեղություն է: Հայաստանում ամեն քայլափոխի արագ սննդի կետեր կան, էլի կբացվեն ու թող բացվեն՝ պահպանելով սանիտարահիգիենիկ եւ օրենքով նախատեսված մյուս նորմերը: Բայց երբ խոսքը վերաբերում է փոխաբերական իմաստով «ֆասթ ֆուդին»՝ այն տարածելով այլ ոլորտների վրա, այստեղ անհատի եւ ազգի հոգեբանությանը, մտածողությանը եւ բարոյականությանը վնասելու լուրջ վտանգ կա:
«Ֆասթ ֆուդի» մտածողության պատճառով հասարակության մեջ լուրջ, խորհելու տեղիք տվող խոսքն արժեզրկվում է: «Ֆասթ ֆուդի» հոգեբանության պատճառով հասարակության մեջ արմատավորվում է ամեն ինչից միանգամից ու արագ օգուտ քաղելու մոլուցքը, որի համար մարդը պատրաստ է հատել բոլոր սահմանները: «Ֆասթ ֆուդին» նախապատվություն տալու պատճառով հասարակությունը սպասում է միայն կարճաժամկետ կամ կարճ ժամանակում արդյունք ապահովող գործողությունների՝ մոռանալով, որ ամեն ինչ չէ, որ արագ է հնարավոր անել, ամեն ինչ չէ, որ արագության դեպքում ցանկալի արդյունք է տալիս: Վանո Սիրադեղյանն ասում էր, որ «Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը», «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է»: Իսկ մանրամասն սիրելու համար հանդարտ ընթացք է պետք… Մենք փորձում ենք փոքր տարածության մեջ մեծ, նույնիսկ մեծագույն արագություն զարգացնել ու հայտնվում ենք նպատակի, մտադրության, ցանկության եւ, որ ամենասարսափելին է, բարոյականության տարածքի սահմաններից դուրս…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ