Միշտ մարդաշատ է սրբավայր «Եռաբլուր» պանթեոնը։ Իսկ արդեն երրորդ տարին է՝ առավել մարդաշատ է այստեղ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր քաջորդիներ նահատակվեցին այդ ամիսներին։
Հոկտեմբերի 23-ին Արցախյան գոյամարտի մարտական ընկերների հետ դարձյալ տղերքի մոտ էինք. այս տարվա սեպտեմբերի մարտերի ընթացքում Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվեց «Վարդանանք» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ 7 զինակիցների հետ։ Ջոկատն ունեցավ նաեւ վիրավորներ։ Հերոսի զոհվելու քառասունքի կապակցությամբ էինք սրբավայրում։ Հոգեւոր հայրը կատարեց հոգեհանգստի արարողություն։ Ներկաները՝ հերոսի հարազատները, բարեկամները, մարտական ընկերները, խնկարկեցին նահատակ քաջորդու հիշատակը։ Այստեղ էին նաեւ նույն օրը վիրավորված տղաներից, ովքեր, չնայած դժվար էին շարժվում, բայց այցի էին եկել սիրելի հրամանատարի ու մարտական ընկերոջ շիրմին։ 33-ամյա Լեւոն Մարտիրոսյանը 11 տարի առաջ բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում։ Այնտեղ ծնվեցին Տիգրան ու Դավիթ որդիները։ 44-օրյա պատերազմի մասնակիցն արդեն 2 տարի է՝ բնակվում է Երեւանում. թշնամուն մնաց Աղավնոն։ Սակայն երբ կա հայրենիքի պաշտպանության անհրաժեշտություն, շատերի նման Լեւոնն էլ է թողնոււմ տուն ու ընտանիք եւ մեկնում առաջնագիծ, ինչպես եղավ նաեւ 2016-ի ապրիլին։
Սեպտեմբերի 13-ի գիշերը «Վարդանանք» ջոկատը հրամանատար Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ կամավոր բարձրացել է դիրքեր։ Եվ նույն գիշերը թշնամու ԱԹՍ-ի հարվածից ընկան տղերքը, եղան ծանր վիրավորներ։ Լեւոնը պատմեց, որ երկար ժամանակ իրենց օգնության չէին կարողանում հասնել. թշնամին անընդհատ կրակի տակ էր պահում դիրքը։ Չնայած դրան, դիրքը պահել են տղերքը, եւ այժմ էլ այն մեր հսկողության տակ է։ «Թշնամին մեծ ուժեր է կիրառում՝ թեկուզ մեկ դիրք գրավելու համար»,- ասում է Լեւոնը, ով հիմնական վիրավորում ստացել է գլխի մասում եւ կրծքին։ Ձախ աչքի տեսողությունը գրեթե չկա, բայց կա առաջնագիծ մեկնելու ցանկություն՝ անհրաժեշտության դեպքում։ Սարգիս Վահունին, ով «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) ռազմական կառույցի առաջին զինվորներից է, ասաց, որ Մանվելին, ում տարիքով փոքր լինելու համար կնքել էին Ճուտ մականվամբ, ճանաչում է դեռեւս 1990-ից։ Ընդամենը 14 տարեկան պատանին զինվորագրվել էր Արցախի ազատագրմանը։ 1989 թ. ապրիլի 24-ին Երեւանում կազմավորվեց ՀԱԲ-ը, որին շուտով անդամագրվեց նաեւ 14-ամյա Մանվելը (ծնվել է 1975 թ. Երեւանում)։ Շատերս հիշում ենք 1990 թ. մայիսի 27-ի միջադեպը։ Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում եւ Երեւան-Նուբարաշեն խճուղու վրա հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ խորհրդային զինվորների միջեւ տեղի ունեցավ զինված ընդհարում, որի պատճառով զոհվեցին 27 ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչներ։ Ս. Վահունին պատմեց, թե ինչպես էին փորձում դիմակայել խորհրդային զորքին, իրենց հետ էր նաեւ Մանվելը։ «Ճուտի առաջին մարտական մկրտությունն էր երեւի»,- ասաց Ս. Վահունին։ Սակայն մինչ այդ նույն թվականի հունվարի 20-ին Ճուտը Երասխավանի մարտերին էր մասնակցել, այնուհետեւ՝ ՀԱԲ-ի տարբեր մարտական ջոկատների կազմում բազում մարտական գործողությունների։ 1990 թ. օգոստոսից եղել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս, Կոթի գյուղերի պաշտպանական դիրքերում, հոկտեմբերին տեղափոխվել են Շամշադինի շրջան։ Մասնակցել է Տավուշ, Նավուր, Քոլագիր, Այգեպար, Չինարի եւ այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին։
1991 թ. իրավիճակը լարված էր Վայոց ձորի տարածաշրջանում, եւ Մանվելը մարտ ամսին արդեն Գնիշիկ եւ Խաչիկ գյուղերի սահմանն էր հսկում։ Նույն թվականի մայիսին տեղափոխվել են Սյունիք՝ Գորիսի շրջանի Կոռնիձոր, Խնձորեսկ, Խոզնավար, Տեղ գյուղերի պաշտպանական դիրքեր։ 1991-ի օգոստոսից Իջեւանում էին՝ ազատագրական ու պաշտպանական մարտեր։ 1992-ի հունվարին դարձյալ Տավուշի տարածքում էին՝ Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջաններում (Կոթի, Կիրանց)։ Նույն 92-ի գարնանը Մանվելը մարտական ընկերների հետ արդեն Շահումյանում էր՝ Ղարաչինար, Մանասաշեն գյուղերի պաշտպանական դիրքերում։ Շուտով զինվորագրվում է Արցախի ինքնապաշտպանական բանակին եւ տեղափոխվում ամենակարեւոր մարտադաշտ՝ Շուշի։ Շուշի-Լաչին ազատագրական մարտերի ակտիվ մասնակից էր Ճուտը։ Մասնակցել է նաեւ Շուշիի շրջանի Ջանհասան եւ Քոսալար գյուղերի ազատագրման մարտերին, մարտական ընկերների հետ վնասազերծել է թշնամու թափառող դիվերսիոն խմբերի։ Շուշիի, Լաչին-Բերձորի ազատագրումից ու «Կյանքի ճանապարհը» բացելուց հետո Ճուտն արդեն Մարտակերտի շրջանում էր՝ մասնակցելով Մատաղիս, Թալիշ, Կարմիրավան, Սեյսուլան, Հակոբ Կամարի եւ այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Առավել դժվար էր այդ ժամանակ «Պուշկին յալ» կոչվող բարձունքի համար մղվող մարտերում։ Մարտական ընկերներիցս Արսեն-Երեմ Խաչատրյանը, ով նույնպես պատանի հասակից միացավ ՀԱԲ-ին, եւ 1990-ի ապրիլին միասին Վարդենիսի Սոթքի հանքավայրն էինք պահում, պատմում է Ճուտի մասին։ 1992 թ. ամռանը մեր մյուս մարտական ընկեր Ստեփան Շահբազյանի հետ Մարտակերտի շրջանում էին՝ հատուկ «Դիվերսիոն հետախուզական խմբի» կազմում։ Նույն խմբի անդամ էր նաեւ Ճուտը, ով քաջաբար էր մարտնչում։ Մարտերից մեկում թշնամու հրետակոծությունից ծանր վիրավորվել էին Արսեն-Երեմն ու Ստեփանը։ Նույն ամռանը Մանվելը մասնակցել է Մարտակերտի Առաջաձոր, Մեծ Շեն, Վաղուհաս եւ Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։
1992 թ. աշնանը թշնամին մշտապես ձգտում էր փակել «Լաչինի մարդասիրական միջանցքը» եւ Գորիս-Ստեփանակերտ «Կյանքի ճանապարհի» հյուսիսից ու հարավից անընդհատ հարձակումներ էր գործում։ Նույնիսկ գրավեց Հոչանց գյուղը։ Նույն թվականի հոկտեմբերից Մանվելն արդեն Լաչինի միջանցքի պաշտպանների շարքում էր։ 1993 թ. հունվարից Գորիսի Շուռնուխ գյուղի դիրքերում էր, եւ շուտով նրանց ջոկատը տեղափոխվեց Արցախ՝ Մարտակերտի շրջան։ Մասնակից եղան նաեւ Քարվաճառի ազատագրական մարտերին։ Մինչեւ 1994 թ. մայիս, երբ կնքվեց հրադադար, Մանվել Խաչատրյանը՝ Ճուտ մականունով հերոսը, մարտադաշտում էր։ Հաղթանակից հետո շատ ազատամարտիկներ մնացին հայոց բանակի շարքերում՝ իրենց փորձով աջակից լինելով նորակոչիկներին, բանակի կայացմանը։ Մանվելը նույնպես մնաց բանակի շարքերում եւ 1996 թ. ծառայության անցավ Տավուշի մարզի Ն զորամասի հետախուզական վաշտում՝ որպես փորձառու հետախույզ։ 2005-2012 թթ. ստանձնել է «ՀԱԲ» հասարակական կազմակերպության Էրեբունու տարածքային բաժանմունքի ղեկավարությունը։ Այդ ժամանակ կազմակերպել է տարբեր ռազմամարզական միջոցառումներ, որոնց հիմնական մասնակիցը եղել են երիտասարդներ, նախազորակոչային տարիքի պատանիներ, դպրոցականներ։ 2012-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը։
2016 թ. ապրիլյան պատերազմը դարձյալ շատ ազատամարտիկների կանչեց առաջնագիծ։ Մանվելն այդ ժամանակ ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում էր, շուտով տուն եկավ ու մեկնեց առաջնագիծ՝ Թալիշ, եւ ստանձնեց մարտական հենակետի հրամանատար-պատասխանատուի պարտականությունները։ 2018 թ. «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ ղեկավարել է «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Էրեբունու տարածքային բաժանմունքը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը նույնպես ոտքի հանեց շատերին, եւ Մանվել Խաչատրյանը հավաքագրեց իր մարտական ջոկատը եւ մեկնեց Արցախ՝ Հադրութի շրջան։ Պատերազմից հետո էլ իր ջոկատով մասնակցել է եռամսյա հավաքներին, Կապանի տարածքում իրականացրել մարտական հերթապահություն։ Այս տարվա ապրիլի 1-ից եռամսյա հերթափոխի էր իր ջոկատով Ջերմուկի դիրքերում։ Բազում մարտերի մասնակից հերոսը մարտիրոսվեց 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկի պաշտպանության մարտերում։ Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի եւ մոտ 2 տասնյակ կառավարական, գերատեսչական եւ այլ մեդալների՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան, «Արիություն», «Մարտական ծառայություն», «Մայրերի երախտագիտություն», «Գարեգին Նժդեհ», «Զինվոր հայրենյաց», «Զինված ուժեր 20, 25, 30 տարի» եւ այլն։ Ամուսնացած էր, ունի 2 զավակ։
Դուստրը՝ Ռուզաննան, գրում է. «Ինքն իմ Պապան է, ինչի համար հպարտ եմ։ Փառք քեզ, Պապ ջան, քո ջոկատին ու խոնարհում հավերժացած մեր տղերքին։ Մենք հպարտ ենք ձեզնով։ Շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ։ Դուք պատմություն եք գրել։ …Մարդ, ով 92-ին ազատագրեց Շուշին, ապրեց Արցախով, կռվեց Արցախի համար… Հերոս, ով 2016-ին թողեց իր ընտանիքն օտար հողի վրա ու եկավ Հայաստան, տեսավ ապրիլյանը։ Փառապանծ մարտիկ, հզոր այր, ով 2020-ին 34 օր մարտադաշտում էր, զոհ չտվեց իր ջոկից, կռվեց մինչեւ վերջ, չհանձնվեց, չփախավ, գնաց առաջ ու դաս տվեց թշնամուն… Ափսո՛ս, էլ չեմ լսելու, թե ինչ համով բաներ էիք սարքում, Պապ ջան… Պապ, գիտե՞ս՝ ինձ ինչքան են գրում քո մասին, թե՛ քո ծառայակիցները, թե՛ քո մարտական ընկերները, քեզ ճանաչողները… Քո բարության մասին, դժվար պահին իրենց կողքին լինելու, քո տված խորհուրդների, քեզանից ամեն բան սովորելու մասին… Պապ, ես հիմա եմ հասկանում, թե քո էդ լռության մեջ դու ինչեր էիր թաքցնում… Հպարտությունս քառապատկվել է, Պա…»։ Կինը՝ Զարուհի Հարությունյանը, հպարտությամբ է տանում սիրելի ամուսնու անձնազոհությունը։
Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը՝ միշտ լինել հայրենիքի պաշտպան. իսկ շատերն անմահանում են ռազմադաշտում։ «Միշտ ասում էր՝ որ գնամ, իմ ոտքով հետ եմ գալու, ինձ չեն բերելու։ Ասում էր՝ ես ծնվել եմ էս գործի համար, իմ մահը ուրիշ ոչ մի ձեւ չեմ տեսնում, եթե ես մեռնեմ, մենակ մի ձեւ կարող է դա լինել՝ իմ հողի վրա, իմ ֆորմայով ու զենքը ձեռքիս, ուրիշ ոչ մի ձեւ…»,- պատմել է դուստրը։