Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայրենագիտությունից հայրենասիրություն

Նոյեմբերի 16, 2022
Սոցիում
Հայրենագիտությունից հայրենասիրություն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
404
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս «Կարանտին» արշավախմբի հետ Հաղարծինում էինք։ Եղանք նաեւ վանական համալիրից մոտ 1.5 կմ հյուսիս ընկած Թաքնված ջրվեժում։ Ավելի քան 40 հոգանոց խմբին ուղեկցում էին «Միհր» մշակութային կրթամարզական ՀԿ պատանիները։

«Կարանտին» արշավախումբը Գոռ Մանուկյանի ղեկավարությամբ սկսել է գործել 2020 թ. գարնանից, երբ աշխարհով մեկ տարածվեց «COVID-19» համավարակը։ Մինչ այդ Գ. Մանուկյանը կազմակերպում էր զբոսաշրջային ուղեւորություններ նաեւ Արցախ, ՀՀ-ից դուրս։ Իսկ համավարակի ժամանակ արդեն, փոքր խմբերով, միայն ՀՀ տեսարժան վայրեր, պատմական ու բնական հուշարձաններ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ «Կարանտինը» հանդես եկավ արդեն այլ առաքելությամբ՝ մեծ օժանդակություն ցուցաբերելով արցախահայությանը։ Գ. Մանուկյանին ճանաչում եմ Բերձորից, որտեղ բնակվում էր ընտանիքով, աշխատում էր Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցում՝ սկզբում հեծանվավազքի մարզիչ, այնուհետեւ՝ տնօրեն։ Այդ տարիներին հաճախ էինք միասին կազմակերպում հայրենագիտական արշավներ Քաշաթաղի շրջանում։ Բերձորում գործում էր «Հայեր ակումբը» (նախագահ՝ Համբարձում Արզանյան), որը կազմակերպում էր տարատեսակ միջոցառումներ՝ ազգային-ավանդական խաղեր, մարզական ու ինտելեկտուալ մրցույթներ, արշավներ եւ այլն Արցախի տարբեր վայրերում, Քաշաթաղի շրջանում, հատկապես՝ գյուղական վայրերում։ Գոռն այդ ակումբի հիմնադիրներից էր եւ մշտապես կազմակերպիչների շարքում էր։ Այժմ էլ «Կարանտինի» գլխավոր առաքելությունը հայրենագիտությունն է, հայոց պատմությանն ու երկրին ծանոթանալը։

Հաղարծին վանական համալիրի մոտից սկսեցինք մեր արշավը դեպի Թաքնված ջրվեժ` անտառային չքնաղ տեսարաններով հարուստ արահետով: Խմբի կազմում էին ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, առողջապահության բնագավառի ներկայացուցիչներ, այլք։ Ուղեւորության ընթացքում արշավականները «Միհր» ՀԿ պատանիների ուղեկցությամբ մասնակցեցին վայրի բնության հետ շփվելու, գոյատեւելու մարզումներին, կրակեցին օդամղիչ հրացաններով՝ խոցելով փուչիկ-թիրախները։ Խումբը բաղկացած էր 3 ենթախմբից, որոնց ուղեկցում էին «Միհրի» սաները։ Այս կառույցը գրեթե 2 տարվա պատմություն ունի, եւ նրա սաներն արդեն լավ մարզավիճակում են, ճանաչում են հայրենի բնությունը, կարող են նրա գրկում մնալ, գոյատեւել երկար ժամանակ, անհրաժեշտության դեպքում գտնել ճանապարհներ՝ անտառից, ձորերից այլ անծանոթ տարածքներից դուրս գալու համար։ Նախազորակոչային տարիքի այս պատանիները նաեւ իրենց կարող են լավ դրսեւորել բանակում։ Արդեն կան ժամկետային զինծառայողներ, ովքեր իրենց դրսեւորում են իսկական զինվորի պես եւ արժանացել են պարգեւների, գովասանագրերի, իսկ նրանց ծնողները՝ շնորհակալագրերի:

Նույն անտառամիջյան ճանապարհով տարբեր խմբեր, անհատներ, ընտանիքներ եւս ուղեւորվում էին դեպի Թաքնված ջրվեժ, որն Աղստեւ գետի ձախակողմյան վտակներից մեկի միջին հատվածում է։ Մինչ այդ ջրվեժը, քիչ ներքեւում կա նաեւ մեկ այլը, որը նույնպես գեղատեսիլ է, հոսում է ժայռի մեջ փորած հունով։ Վերջապես հասանք ջրվեժ, որի վերին հատվածում նույնպես կան տարբեր փոքր ջրվեժներ: Նման պատկեր կա նաեւ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում։ «Թավոյի դրախտ» էր կոչվում նման ջրվեժի տարածքը՝ ի պատիվ դրա հարեւանությամբ բնակվող ու տարածքը, հիրավի, դրախտի վերածած երջանկահիշատակ ուսուցիչ Հովհաննես Թավաքալյանի։ Դեպի Թաքնված ջրվեժ ուղեւորվող արշավախմբի կազմում մոտ 10 նախկին քաշաթաղցիներ էինք, որ հիշեցինք մեր կորցրած հայրենիքը, «Թավոյի դրախտը», որտեղ մեծ ընկուզենու փչակում միշտ թթի օղի կար՝ թորած Հովհ. Թավաքալյանի կողմից: Հրաշալի տեսարան է նաեւ Թաքնված ջրվեժի տարածքում: Հիանալով տարածքի գեղեցկությամբ՝ լուսանկարվեցինք, ապա սկսեցինք մեր հաջորդ միջոցառումը՝ այսպես կոչված բարձունքի հաղթահարումը եւ խարույկի տեղ գտնելը։ Վառեցինք ավանդական խարույկը, որի մոտ կայացավ նաեւ ազգագրական պար-երգերի կատարում, որը ղեկավարում էր նախկին բերձորցի Պերճուհին։ Տարբեր երգերի գեղեցիկ կատարումով ու կիթառի նվագով հանդես եկավ Վահագնը։

Նաեւ նշեցինք Արփինեի ծննդյան օրը՝ տոնական տորթով ու գինով: Ընթացքում զրուցեցի մասնակից-արշավականների հետ. բոլորն էլ հիացած էին Հայոց երկրի այս գեղատեսիլ վայրով, աշնանային անտառի գույներով։ Շնորհակալ էին կազմակերպիչներից։ Վերադարձին «Միհրի» պատանիները, արշավական երիտասարդներն անտառամիջյան ճանապարհի եզրերից հավաքեցին նաեւ այլ այցելուների կողմից թողած ավելորդությունները՝ դատարկ շշեր, ծխախոտի տուփեր, տոպրակներ եւ այլն։ Հայրենասիրությունն այստեղ էլ է դրսեւորվում, երբ մաքուր ես պահում բնությունը։ Արշավականները երեկոյան այցելեցին Հաղարծին վանական համալիր։ Ծանոթացան վանքի պատմությանը, ճարտարապետությանը, մոմ վառեցին։ 10-րդ դարում հիմնված Հաղարծին վանական համալիրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա է։ Ըստ ավանդույթի՝ վանքի բացման եւ օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, եւ դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» (Երեւան, 1982 թ.) գրքում մի քանի անգամ հիշատակում է Հաղարծինի մասին։ «Նոր Գետիկ վանքի կառուցման մասին» (ԺԴ) գլխում գրում է. «Եկեղեցու տոնախմբության ժամանակ ներկա էր նաեւ Սուրբ վարդապետ Խաչատուր Տարոնեցին (ապրել է 12-րդ դարի 2-րդ կեսին)՝ Հաղարծին կոչված սուրբ միաբանության առաջնորդը…» (էջ 154): Վանքը ծաղկունք է ապրել 12-րդ դարի վերջին եւ 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Հաղարծին համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արեւելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Վանքում առաջինը կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին (մոտ 10-րդ դար)։ Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության, կառուցվել է 1281-ին, սակայն հարավային եւ հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը եւ այլ տարրեր ենթադրել են տալիս, որ եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում եւ վերականգնվել է 1281-ին: Համալիրի տարածքում է ամփոփված հայոց Աշոտ Ա թագավորի որդու, ով հաջորդել է հորը, Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակի (850-914 թթ.) աճյունը:

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Երգը գալիս է գաղտնի՝ իր մութ աշխարհից լույսը բերելով…»

«Երգը գալիս է գաղտնի՝ իր մութ աշխարհից լույսը բերելով…»

«Գոտեպնդվիր ու տոկա, Արցախ երկիր…»

Հոբելյանը՝ գնահատման յուրօրինակ հանգրվան

Ամենաընթերցվածը

  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist