Դեռեւս պատմական անցյալում Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր գավառը եղել է պատերազմական ռազմաբեմ, եւ միշտ են մեր թշնամիները ցանկացել հայաթափել այդ տարածքները՝ Սյունիքն ու Արցախը միմյանցից զատելու նպատակով։ Մեր երկրի այդ հատվածները դարեր շարունակ, երբ միասնական են եղել, անառիկ են եղել թշնամու համար։ Նույնիսկ մոնղոլներն ու Նադիր շահը հաշվի են առել Արցախ-Սյունիքի զորությունը…
1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ադրբեջանցիները Սումգայիթում, հետագայում Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում կազմակերպեցին հայահալած գործողություններ՝ ձեռնարկելով նաեւ ցեղասպանություն։ Նաեւ փորձեցին հայաթափ անել Բերդաձորը՝ Շուշիի շրջանի այն ենթաշրջանը, որն ամենամոտն էր մայր հայրենիքին, եւ որտեղ, 4 կողմից թշնամիներով շրջապատված, հայկական էին մնացել Հին շեն, Մեծ շեն, Եղցահող եւ Տասի վերստ (հետագայում կոչեցինք Ծաղկաձոր) գյուղերը։ Իսկ Ծաղկաձորից քիչ վերեւ արդեն թուրքաբնակ Կանաչ Թալա գյուղն էր, որը հայաթափ էր եղել 1960-80-ական թթ. եւ վերաբնակեցվել, իբր ադրբեջանցի հովիվներով։ Արցախյան շարժման հենց առաջին օրերից նույն Կանաչ Թալայում բույն էին դրել ադրբեջանական ՕՄՕՆ-ականները, որոնք հետագայում տարածքում կատարվող չարիքների հիմնական դերակատարներն էին։ Դեռեւս 18-20-րդ դարերի ընթացքում հայաթափ էին եղել Հակարի գետի եւ նրա Աղավնո, Հոչանց, Շալուա վտակների ավազանները, եւ փաստացի Արցախն անջատվել էր Սյունիքից, որի կազմի մեջ էին ժամանակին նաեւ Վայոց ձորն ու Գեղարքունիքը։ Եվ Արցախի` մայր հայրենիքին ամենամոտ հատվածը Բերդաձորն էր։ Հաշվի առնելով սա՝ թշնամին սկսեց Բերդաձորի եւ Հադրութի շրջանի հարավային բնակավայրերի հայաթափման գործընթացը։
88-ի կեսերին Բերդաձորի եւ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղերի միջնամասում ադրբեջանցիները սկսեցին նոր բնակավայր կառուցել, որն այդպես էլ չկայացավ, եւ տարածքը 90-ականների պատերազմի ժամանակ ու այսօր էլ հայտնի է «Ստրոյկա» անվամբ։ Միակ ճանապարհը Գորիսից, որ ձգվում էր դեպի Ստեփանակերտ, անցնում էր Բերձոր (Լաչին) քաղաքով, որտեղով էլ արդեն հնարավոր չէր երթեւեկել։ Ու եկավ Բերդաձորը պաշտպանելու ժամանակը։ Նույն 88-ին Երեւանում կազմավորվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ), որի անդամների հիմնական մասը, նշանակված նախագահ Անդրանիկ Հարությունյանը «Հայ դատի» անդամներ էին։ Առաջին անգամ 10-ից ավելի տղաներ Անդրանիկի գլխավորությամբ մտան Բերդաձոր։ Հին շենում հիմնեցին ԲԻԽ-ի շտաբ, որի կազմում էին բժիշկ Սեյրան Դավթյանը, Մեծ շեն գյուղի դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը, Թաթուլ Սաֆարյանը, այլք։ ԲԻԽ-ի փոխնախագահ նշանակվեց Հին շենում ծնված եւ նույն գյուղի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, երդվյալ հայրենասեր Առնո Միքայելի Մկրտչյանը։ Ընթացքում կազմակերպվեց Բերդաձորի գյուղերի ինքնապաշտպանությունը, դպրոցական-ուսումնական գործը, վարուցանքը, ստեղծվեցին փոքրիկ արտադրական ձեռնարկություններ։ 1988-ի վերջից մինչեւ Բերդաձորի անկումը՝ 1991 թ. մայիսի կեսերը, արծվաբույնը պաշտպանվեց տեղացի, Հայաստանի ու Արցախի տարբեր վայրերից եկած կամավորական ջոկատների ջանքերով: Հատկապես շատ էին ուսանողները՝ Երեւանից ու Ստեփանակերտից։ Այդ ընթացքում եղան օրհասական ու հերոսական բազում պահեր, ձերբակալություններ, հարձակումներ գյուղերի վրա, անասնագողություն, սպանություններ, սակայն Բերդաձորը դիմակայեց, չդատարկվեց, ընդհակառակը՝ վերադարձան եւ հայրենի հողը պաշտպանեցին բազմաթիվ նախկին բերդաձորցիներ, ովքեր խորհրդային տարիներին հիմնականում արհեստականորեն ստեղծված կենցաղային վատ պայմանների պատճառով հեռացել էին հայրենի օջախներից:
1989 թ. օգոստոսի վերջին Անդրանիկ Հարությունյանի եւ մոտ 10 ազատամարտիկների հետ մեկնեցինք Բերդաձոր։ Այստեղ մնացի մոտ 3 ամիս։ Յուրաքանչյուր օր լի էր փորձություններով, թշնամու կողմից հարձակումներով, կրակոցներով, սակայն Բերդաձորն իր տեղում էր, գործում էին դպրոցները։ Երկրորդ անգամ Բերդաձոր հասա արդեն 1990 թ. հունիսի վերջերին։ ՀԱԲ-ի կազմում ունեինք ջոկատ, որի անդամներով 1990-ի ապրիլ-մայիսին Վարդենիսում էինք՝ Սոթքի դիրքերում, այնուհետեւ 4 հոգով՝ ես, համալսարանական ընկերս՝ Արթուր Ղարագյոզյանը, եւ այսպես կոչված «աշխարհազորայիններ» Արսեն-Երեմ Խաչատրյանն ու Ստեփան Շահբազյանը, որոշեցինք գնալ Բերդաձոր։ Այն ժամանակ պետք է ունենայինք տեղի թեկուզ ժամանակավոր գրանցում եւ սպասեցինք, մինչեւ մեր անձնագրերում եղավ գրանցումը։ Երեւան-Ստեփանակերտ ինքնաթիռով հասանք Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ այդ ժամանակ հսկում էին խորհրդային բանակի զինվորներն ու ադրբեջանցի ոստիկանները՝ ՕՄՕՆ-ականները։ Մեզ ագելեցին դուրս գալ օդանավակայանից. երբ ստուգեցին մեր ուսապարկերը (բոլորս էլ նույն ուսապարկերն ունեինք), տեսան զինվորական կոշիկներ։ Զինվորներից մեկը նույնիսկ ցույց տվեց իր հնամաշ կոշիկները, իսկ մենք նորն ունեինք։ Մյուսը հետաքրքրվեց՝ ինչ գործ ունի «Աստվածաշունչը» ուսապարկում։ Տարան պարետատուն, մոտ 1 ժամ հարցաքննում էին՝ ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում, ի՞նչ նպատակով…
Չհամոզվեցին, որ ես ու Արթուրը, որի ուսապարկում էր «Աստվածաշունչը», գնում ենք դպրոցում աշխատելու որպես հայոց լեզվի ուսուցիչ, որ Արսեն-Երեմը բարեգործական կազմակերպության անդամ է, որ Ստեփանը գնում է «քեռու տուն»։ Ռուս սպան 2 առաջարկ արեց՝ կամ վերադառնալ Երեւան, կամ մեզ կուղարկեին Ռոստով քաղաք, որտեղ կճշտեին մեր ով լինելը։ Բնական է՝ վերադարձանք Երեւան։ Պետք է արժանին ասել Երեւան-Ստեփանակերտ չվերթը կատարող ինքնաթիռի հրամանատարի հասցեին, որը սպասեց մինչեւ մեզ բաց թողեցին, եւ նույն ինքնաթիռով վերադարձանք Երեւան։ Թռիչքի ընթացքում հրամանատարը (ցավում եմ, որ չեմ հիշում անուն-ազգանունը. այն ժամանակ այս մասին չէինք մտածում) կանչեց ինձ իրենց խցիկ եւ ասաց՝ մյուս անգամ շուտ համաձայնենք պարետի առաջարկին՝ Երեւան վերադառնալ։ Մեզ հետ այդ օրը նաեւ մի քանի արկղ սնունդ էինք տարել, որը մինչ մեզ պարետատուն տանելը Ստեփանի հետ հասցրել էինք դուրս հանել օդանավակայանի ցանցապատ տարածքից։ Նույն սնունդը հանձնեցի մի վարորդի (դարձյալ անունը չեմ հիշում)՝ Ասկերանից էր, որն իր կարմիր գույնի «Մոսկվիչ» մեքենայով այն ժամանակվա խոսքով՝ «Գրդոն» էր անում որպես տաքսի։ Ասեմ՝ հետագայում նույն սնունդը հասավ Բերդաձոր՝ առանց որեւէ իրի պակասի։ Այդպես էր մեր ժողովուրդն այն ժամանակ. կար հավատ ու վստահություն։