«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: …Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե: …Ես երդում տված եմ: Արցախն իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»:
Մոնթե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայոց պատմության հերոսական էջերում քիչ չեն քաջազունները, որոնց անուններն անմահացել են մեր ազգային հիշողության մեջ: Սակայն քչերն են նրանցից, որոնց հարազատ զավակի նման սիրել է մեր ժողովուրդը, ապրեցրել իր հոգում ու սրտում, հերոսական ասքեր, լեգենդներ ստեղծել նրանց մասին ու ընկալել որպես էպոսածինների: Նշվածների դասում է Մոնթե Մելքոնյանը՝ Ավո մարտական անունով: Իրական հերոս, որի ապրած կյանքը, վարքն ու բարքը, կենցաղն ու մարտական ուղին դեռ կենդանության օրոք դարձան առասպել:
Գանք առասպել դարձած հերոսի արմատներից. նրա ծնողները՝ կահույքագործ Չառլի Մելքոնյանը եւ ուսուցչուհի մայրը՝ Զաբել Մելքոնյանը, ծնվել էին Ամերիկայում, իսկ պապերը Օսմանյան կայսրությունից ԱՄՆ էին եկել 1883-ին: Նրանք առաջին ներգաղթյալներից էին, որ հաստատվել էին Ֆրեզնոյի շրջանում:
Դեռ մանկուց նկատելի էին Մոնթեի արտասովոր ընդունակությունները՝ 10-րդ դասարանից նա արդեն մաթեմատիկայի մասնավոր դասեր էր տալիս՝ 12 դոլար ժամավճարով, նաեւ նվագում էր կլառնետ ու հրաշալի բեյսբոլ խաղում: Հայ ընտանիքում ծնված տղան, սակայն, չէր ստացել հայեցի կրթություն, չէր խոսում հայերեն, ոչ էլ գիտեր հայերի մասին մինչեւ 12 տարեկանը: Բայց շուտով փոխվելու էր ամեն ինչ. դեռ 16-ը չբոլորած, ծնողների հետ մեկնում է երկարատեւ ճանապարհորդության, լինում Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներում, նաեւ իր պապերի երկրում՝ Արեւմտյան Հայաստանում: Եվ այդ շրջագայությունը շրջադարձային դերակատարում էր ունենալու. անգլիախոս պատանին զգալու էր՝ ինչ ասել է հայ եւ վճռելու էր իր հայրենիքի զինվորը դառնալ: Իսկ մինչ այդ՝ մեկնում է Ճապոնիա՝ այս երկրի ամենահեղինակավոր «Տոկիո Կամատա» դպրոցում ուսումը շարունակելու: Այնուհետ՝ Հարավային Կորեա՝ աշակերտելու բուդդայական վանականներին, ապա՝ Վիետնամ, որտեղ պատերազմ էր: Այստեղ նա աշխատում է որպես լուսանկարիչ, միաժամանակ ծանոթանում ռազմավարական գաղտնիքների ու մարտարվեստների:
Քսանամյա Մոնթեն ուսումը շարունակում է Կալիֆորնիայի Բրքլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժնում. սա առաջին քայլն էր իր ժողովրդի պատմությունը բացահայտելու, իր արմատները ճանաչելու ճանապարհին: Նրան հատկապես հետաքրքրում են հայոց պատմության հնագույն շրջանը եւ դարասկզբի երիտթուրքական ոճրագործությունը՝ Հայոց եղեռնը: Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Գերազանց աշխատանք, որի շնորհիվ արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար: Մոնթեն, սակայն, Անգլիա չի գնում, այլ ուղեւորվում է նախնիների երկիր՝ Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարանները չափագրելու, ուսումնասիրելու համար:
1980 թվական. իր ժողովրդի պատմությանն ու ողբերգությանը արդեն քաջածանոթ երիտասարդը անդամագրվում է ԱՍԱԼԱ-ին, կարճ ժամանակում դառնում կառույցի ղեկավար դեմքերից մեկը: Մեկ տարի անց նրա մասնակցությամբ կազմակերպվում է «Վան» ռազմագործողությունը: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ձերբակալվում է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում դատապարտվում է 4 ամսվա ազատազրկման, բայց ավելի ուշ դատարանը նրան Ֆրանսիայից վտարելու վճիռ է կայացնում: Դատարանում Մոնթեն հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…»: 1985-ին նորից է ձերբակալվում կեղծ անձնագրի եւ Հռոմում թուրք հյուպատոսի դեմ իբր ահաբեկչություն ձեռնարկած լինելու մեղադրանքով եւ դատապարտվում: Բանտից ազատ է արձակվում 1989-ի հունվարին:
Երբ հայրենիք եկավ, Արցախյան ազատագրական պայքարն արդեն սկսվել էր: Եկավ, յոթ ամիս աշխատեց գիտությունների ակադեմիայում՝ նպատակ ուներ գրել «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը եւ հրատարակել այն: Սակայն Արցախում ծավալվող ռազմական գործողությունները ստիպելու էին նրան 1991-ի սեպտեմբերին մեկնել ազատատենչ, մարտնչող երկրամաս: Մի քանի ծանր մարտերից հետո՝ 1992-ի հունվարին, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը ստանձնում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, եւ Մարտունին դառնում է ամենապաշտպանված, ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվում են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը: Խստապահանջ, անհողդողդ հրամանատարի որոշումները ռազմական գործի խորագիտակ զինվորականի անշրջելի վճիռներ էին, որոնցով երաշխավորվում էին սպասվելիք հաղթանակները: Նրան չէր խանգարում ոչ մի առարկություն, ոչ մի խոչընդոտ: Չէր հանդուրժում վախկոտներին, կարգազանցներին, հաղթանակի հանդեպ թույլ-թերահավատներին:
Իր վերջին մարտում Ավո հրամանատարը դիմավորում է թշնամու զրահաջոկատը, եւ միայն արկի կույր բեկորն է, որ զրկում է նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Դա 1993 թվականի հունիսի 12-ին էր՝ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մղվող մարտը, որով փակվելու էր զորընդեղ հայորդու հերոսական կյանքի վերջին էջը: Նրա, որի մարգարեական խոսքը այսօր եւս նույնքան սթափեցնող է ու անսակարկելի. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը…»:
Իսկ դրա իրավունքը մենք չունենք: