2019 թ. «Շտիգեն Գրուպ» ընկերությունը, Ստեփանակերտում կազմակերպելով «Արեւային Արցախ» խորագրով համաժողովը, դրանով աջակցեց ոլորտի սկզբնավորմանը երկրում եւ պատրաստակամություն հայտնեց «լույս եւ ջերմություն տարածել»:
Ընկերության հիմնադիր-տնօրեն, արմատներով արցախցի Հայկ Շեկյանի խոսքով՝ «պատերազմի հետեւանքով Արցախում անհամեմատ նվազել են էներգետիկ հնարավորությունները, ուստի արեւային էներգետիկան պետք է որպես առաջնային ուղղություն դիտարկվի երկրում»: Շուտով ընկերությունը որոշում կայացրեց Ստեփանակերտում գրասենյակ բացելու վերաբերյալ: «Միգուցե բիզնես տրամաբանությամբ սա այնքան էլ հասկանալի որոշում չէր, բայց մեր գաղափարախոսությանը հավատարիմ՝ անցանք գործի: Որոշ կազմակերպչական խնդիրներ հաղթահարելուց հետո 2021 թ. ապրիլին բացվեց գրասենյակը: Մենք նպատակ ունենք թե՛ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատել եւ թե՛ նպաստել հասարակության հեռանկարային, խորքային համապատասխան մտածողության ձեւավորմանը»,- ասում է նա:
Ընթացիկ տարվա մարտին թշնամու իրականացրած «գազային ահաբեկչությունից» հետո ակնհայտ էր, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ներդրումը չպիտի ուշանա: Եվ ընկերությունն սկսեց իրագործել «Արեւածագ Արցախում» նախագիծը, որի էությունն է՝ «աշխատել առանձին տներից, մինչեւ խոշոր ձեռնարկություններ, Արցախն ամբողջությամբ արեւայնացնելու ուղղությամբ»: Հ. Շեկյանն այս նպատակն իրատեսական է համարում. «Եթե կարողանանք հաղթահարել անվճռականությունը, ապա այստեղ իրատեսականության խնդիր չի լինի: Մենք պետք է դիտորդի կարգավիճակից դուրս գանք եւ լրջորեն աշխատենք»:
Առաջին փուլում մի շարք տեխնիկական, կազմակերպչական, ֆինանսական խնդիրներ ծագեցին, որոնք ընթացքում հաղթահարվեցին: Անդրանիկ ձեռնարկումն այն եղավ, որ ընկերությունն արեւային 12 ջրատաքացուցիչներ նվիրաբերեց խոցելի խմբերի ընտանիքներին: Դրանից հետո աշխատանքներն ակտիվացան:
«Այստեղ ապրող մարդիկ հավատում են ապագային: Մեր նպատակը գործով լրացուցիչ ու հիմնավորված այդ հույսն ամրապնդելն է: «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակներում արդեն շուրջ 100 արեւային ջրատաքացուցիչ է տեղադրվել Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում,- տեղեկացնում է Հ. Շեկյանը:- Ռուսաստանից մեր հայրենակիցների դրամահավաքով «Արեւիկ» բուժմիավորումը տարեսկզբին ապահովվել է անվճար տաք ջրով: Շուտով բուժմիավորումը նաեւ անվճար էլեկտրաէներգիա կունենա: Նախատեսում ենք արեւային էներգետիկան զարգացնել ողջ հանրապետությունում: Ծրագրված է Գանձասարի վանքի տարածքում արեւային կայան տեղադրել»:
Զրույցի ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ Արցախում ամբողջությամբ արեւային էներգետիկային անցնելու ռեսուրս կա, եւ Էներգետիկ անկախություն ապահովելու համար անհրաժեշտ կլինի մի քանի հարյուր աշխատատեղ ապահովել հանրապետությունում: «Նրանք սովորելու, մասնագիտանալու են, զարգանալու են: Մի քանի հարյուր ընտանիք կապահովվի կայուն եկամտով: Նպատակ ունենք նաեւ մեր գրասենյակն ընդլայնել: Միեւնույն ժամանակ քաջ հասկանում ենք, որ Արցախում աշխատուժի խնդիր կա: Ես շատ կցանկանայի՝ մեր ընկերության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը լիներ հենց այստեղ՝ Ստեփանակերտում: Պատկերացրեք՝ ՀՀ որեւէ գյուղում ապրող մարդն արցախյան հեռախոսահամարից զանգ է ստանում, ու հարցնում են՝ «Ձեզ «Շտիգեն» ընկերությունից են անհանգստացնում, դուք գո՞հ եք մեր սպասարկումից»: Թվում է՝ մանրուք է սա: Բայց, հավատացեք, հոգեբանական կարեւոր պահ է: Ցանկալի կլիներ, որ բիզնեսի որոշակի գործառույթներ մեծամասամբ ՀՀ-ից տեղափոխեինք Արցախ, դրանով կապահովեինք եւ եկամուտ, եւ ռեալ ինտեգրացիա, եւ շատ ավելի կայուն վիճակ»,- կարծում է Հայկ Շեկյանը եւ ընդգծում, որ բիզնեսի տեսանկյունից Արցախը գրավիչ է, եւ պետք է խիզախ ու համարձակ լինել, սովորել ռիսկային պայմաններում աշխատել:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ