Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետեւել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:
Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տեղեկատվության՝ Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսպատման ու ներքին հարդարման աշխատանքները:
Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում եւ Արտիմետ գյուղում էին, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որպեսզի մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաեւ համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաեւ հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաեւ ֆուտբոլի դաշտ եւ սպորտային հրապարակներ ունենալ:
Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձեւավորման նյութերի եւ գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։ Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարեւորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը եւ աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի կոմիտեի համակարգմամբ իրականացվում են եւս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր: Դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, հեծանվային սպորտի եւ Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:
Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թ. ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի եւ մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։ Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը եւ պատշաճ միջավայրի ապահովումը։ Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարեւորվում է նաեւ օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը: