Արցախն արդեն 13 օր Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ է, որով խախտվում են միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի մի շարք նորմեր։ Ադրբեջանի՝ քրեորեն պատժելի գործողությունների համար միջազգային իրավունքը նախատեսում է մի շարք գործիքակազմեր։ Թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ։
-Պրն Պետրոսյան, Դուք նշում եք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Գերմանիան պետք է Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնեն Արդարադատության միջազգային դատարան։ Ի՞նչ հիմքով կարող ենք դիմել, եւ ինչո՞ւ նաեւ Գերմանիան։
-Ճանապարհ փակելը, սննդի մատակարարումը խախտելը, դեղորայքի մատակարարումը դադարեցնելը եւ միջնադարյան ձեւերով ժողովրդին շրջափակման մեջ պահելը բավարարում են Ցեղասպանության կոնվենցիայի ցեղասպանության հանցակազմի տարրերը, մասնավորապես՝ որեւէ խմբի համար միտումնավոր այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք միտված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Ակներեւ է, որ երբ ճանապարհը փակվում է մատակարարման բոլոր տեսակների համար, եւ բնակչությունը, մասնավորապես պաշտպանվող խումբը՝ կլինի դա ռասսայական, էթնիկական, ազգային կամ կրոնական, գտնվում է ոչնչացման եզրին, դրա արդյունքում նրանց սպասվում է դանդաղ մահ։ Դրանով Ցեղասպանության կոնվենցիայի հանցակազմը բավարարված է համարվում։ Ցեղասպանությունն ինքնին ոչ միայն պետական պատասխանատվություն է, այլեւ քրեական, այսինքն՝ ցեղասպանության պարագայում պետությունը կարող է ենթարկվել պատասխանատվության, այդ թվում նաեւ՝ հենց կատարողները։ Օրինակ՝ այս պարագայում նույն «էկոակտիվիստները» կամ «կանաչները», որոնք բնապահպանական թեմայի շղարշի ներքո փորձում են պահանջներ բարձրաձայնել, նույնպես կարող են քրեորեն հետապնդելի լինել, քանի որ նրանց գործողությունները դիտավորություն ունեն, եւ գիտակցում են, որ ճանապարհը փակելով խաթարում են Արցախի բնակչության կենսունակությունը։ Արցախի բնակչության սոցիալական համակարգը խախտվում է, ուստի նրանց դիտավորությունն ակներեւ է։ Ինչո՞ւ Գերմանիան։ Ցեղասպանության արգելքը պատկանում է այն նորմերի շարքին, որոնք բոլոր պետությունները, դրա առկայության պարագայում, պարտավոր են գործիքներ կիրառել այն կանխարգելելու համար։ Սա նշանակում է, որ ցանկացած պետություն կարող է դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով կանխարգելել ցեղասպանությունը։ Մենք ունենք պրակտիկ օրինակ ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ Գամբիան ընդդեմ Մյանմայի գործը, որում Գամբիան, աշխարհագրական դիրքով բավական հեռու գտնվելով Մյանմայից հայց է ներկայացրել Կոնվենցիայի շրջանակներում դադարեցնելու եւ կանխարգելելու ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը։ Գտնում եմ, որ Գերմանիան, ունենալով որոշակի բարձր քաղաքական դերակատարություն եւ, տեսնելով նրա ակտիվ մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմում, այդ թվում նաեւ նրա մասնակցությունը Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործի շրջանակներում, ապա մեր պարագայում եւս Գերմանիայի մասնակցությունն անհրաժեշտ է եւ պարտադիր։ Եթե Գերմանիան այդ ուղղությունն է վերցրել՝ լինելու մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ու ջահակիրը, պարտավոր է Արցախի հարցում եւս ձայն բարձրացնել եւ հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի։
-Ադրբեջանի գործողությունները կրկին հումանիտար աղետի առջեւ են կանգնեցրել արցախցիներին՝ ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում միջազգային իրավունքը։ Ի՞նչ մեխանիզմներ կան Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելու համար։
-Իրավունքների պաշտպանության հարցում գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը վերջերրս որոշում կայացրեց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել ճանապարհը, սակայն միայն որոշ խմբի անձանց համար, օրինակ՝ հիվանդների կամ այն անձանց, ովքեր ճանապարհին են մնացել, որպեսզի հարգվի նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Կան նաեւ այլ մեխանիզմներ, որոնց մասին պարբերաբար նշել եմ, մասնավորապես, պետք է օգտագործել ազգային գործիքակազմերը, օրինակ՝ Գերմանիայում հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում մի օրենք, որով գերմանական կազմակերպությունները, մեծ կոնցեռնները պարտավոր են իրենց մատակարարման շղթաներում հաշվի առնել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, եւ կազմակերպությունները պետք է ռիսկերի գնահատում անեն, թե ինչպիսին է իրենց ներգրավվածությունը։ Հաշվի առնելով, որ գերմանական ընկերություններն ու կոնցեռնները ներկայումս գազամատակարարում են ստանում Ադրբեջանից, ապա դրանց մասնակցությունը մատակարարման շղթաներում մեծ է, ուստի իրավական առումով մեր բոլորի գործողությունն այն պետք է լինի, որ օգտագործենք այդ օրենքը եւ լծակներ ստեղծենք, որպեսզի միջազգային առեւտրային կազմակերպություններն իրենց ռիսկերի գնահատման արդյունքում, ստանալով պատշաճ տեղեկատվություն, կանխարգելիչ մեխանիզմներ կիրառեն։ Օրինակ՝ եթե գազամատակարարման հարցն է, մասնավորապես «SOCAR»-ի կողմից, որը ադրբեջանական պետական կազմակերպություն է, ուստի օժանդակում է Ադրբեջանի ցեղասպանական ծրագրին։ Այս պարագայում գերմանական կազմակերպությունները պետք է իրենց առեւտրային հարաբերություններում պարբերաբար ճնշումներ գործադրեն, սանկցիաներ կիրառեն «SOCAR»-ի նկատմամբ, որպեսզի այդ ցեղասպանական գործելաոճը դադարեցվի, իսկ եթե չի դադարեցվում, ապա պարտավոր են դադարեցնել իրենց իրավահարաբերությունները «SOCAR»-ի կամ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ։ Մյուսը Միջազգային քրեական դատարանի գործիքակազմն է։ Պարբերաբար նշել եմ, որ Հայաստանը պարտադիր պետք է դառնա միջազգային քրեական դատարանի անդամ, սակայն այստեղ եւս նկատում ենք դանդաղկոտություն։ Այս գործընթացները թեեւ քննարկվում են, սակայն դանդաղ են ընթանում։ Հետագայում վատթարացումները կանխարգելելու համար պետք է, որ մենք լինենք Միջազգային քրեական դատարանի անդամ, հակառակ դեպքում միայն post factum ենք անդրադառնում այս հարցերին, եւ որեւիցե գործիքակազմ հնարավոր չի լինում կիրառել։ Նույնիսկ առկա գործիքակազմերը անհրաժեշտ է համալիր օգտագործել, այլ ոչ թե առանձին-առանձին, քանի որ միայն համատեղ օգտագործման դեպքում կարելի է բավականին լուրջ միջազգային արդյունք արձանագրել։
-Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց եւ ցեղասպան գործողությունները՝ հնարավո՞ր է, արդյոք, առկա խնդիրը լուծել իրավական հարթությունում, թե՞ այն քաղաքական-տնտեսական հարթությունում է։
-Միջազգային իրավունքը շատ դեպքերում ստորադասվում է«realpolitic»-ին, սակայն, այնուամենայնիվ, միջազգային իրավունքի արձանագրությունները պարբերաբար կարող են օգտագործվել բանակցությունների ընթացքում որպես ճնշման մեխանիզմներ։ Միջազգային իրավունքն ունի իր հզորությունն այն առումով, որ երբ արձանագրվում է կոնկրետ խախտում, իրավունքի ոտնահարում կամ որոշում է ընդունվում որեւէ թեմայի շրջանակներում, ապա դա անհերքելի է, հնարավոր չէ աչքաթող անել այդ որոշումը. դրանք մշտապես գոյություն են ունենալու, չեն կարող փոփոխության ենթարկվել՝ արձանագրված մնալով մարդկության պատմության մեջ։ Ուստի մեզ անհրաժեշտ է օգտվել միջագային իրավունքից, եւ ինձ շատ դեպքերում զարմացնում է մեր կողմից միջազգային իրավունքին ոչ այնքան լրջորեն վերաբերվելը։ Մենք անդրադառնում ենք դեպքերին «post factum», բարձրաձայնում ենք միջազգային իրավունքի անհրաժեշտության հարցը, սակայն այդ գործիքակազմերն օգտագործում ենք կարճաժամկետ կտրվածքով եւ միայն կոնկրետ խնդրի վերաբերյալ, սակայն դրանք պետք է կանխարգելիչ լինեն։ Հակառակ դեպքում միջազգային գործընկերները, տեսնելով մեր ոչ բավարար լուրջ վերաբերմունքը միջազգային իրավունքի եւ ոչ բավարար հավատն այդ գործիքակազմի նկատմամբ, նրանց կողմից լուրջ մոտեցում չի ձեւավորում մեր խնդիրների նկատմամբ։ Եթե լուրջ չենք մոտենում մեր խնդիրներին, ապա միջազգային գործընկերներն էլ մեզ լուրջ չեն ընկալի։
-Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը եւ միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ։ Կպարզաբանե՞ք, թե ինչ է հետեւելու դրան։
-Միջազգային իրավունքում արձանագրությունները մնում են, եւ ինչպես արդեն նշեցի՝ դրանք պարտադիր պետք է օգտագործել բանակցությունների ընթացքում, եւ անընդհատ շեշտադրում արվի դրանց վրա։ Ինձ համար զարմանալի է, որ մեր իշխանությունները չեն օգտագործում Արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշումը որպես մեխանիզմ, որով արձանագրվել էր, որ Ռասսայական խտրականությունների կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանը պարտավոր է հարգել հայ ժողովրդի իրավունքները։ Այս որոշումը նույնպես պետք է պարբերաբար ներկայացվի միջազգային հանրությանը, ինչպես նաեւ այն դատավճիռները, որոնք ընդունվել են Եվրոպական դատարանի կողմից խոշտանգումների վերաբերյալ։ Դրանք բավական կարեւոր փաստարկներ են, արձանագրություններ, որոնք հնարավոր է հօգուտ մեզ օգտագործել բանակցությունների ընթացքում։