Մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը Քաշաթաղը եւս իր սովորական կյանքով էր ապրում, մասնավորապես՝ Ամանորի հաճելի տրամադրությամբ ու հույզերով։ Այսօր քաշաթաղցի երեխաները հեռացել են իրենց ծննդավայրերից, մի մասը մի կերպ է դուրս եկել ռմբակոծվող բնակավայրերից։ ՀՀ տարբեր մարզերում են, Երեւանում։
Իհարկե, այժմ էլ նրանք մասնակցում են ամանորյա տոնական միջոցառումների, շատերը՝ ավելի բարվոք պայմաններում, ավելի լուսավոր ու գեղեցիկ դահլիճներում, դպրոցներում, ավելի գեղեցիկ զարդարված տոնածառների մոտ, հնարավոր է՝ ավելի լավ նվերներ են ստանում, բայց… Միեւնույն է՝ կարոտը դրոշմված է նրանց աչքերում, նրանց ծնողների հոգիների խորքերում։ Իրենց գյուղի խարխուլ պատերով դպրոցն ավելի լավ էր, ցեխապատ հրապարակը, ձյունապատ ճանապարհը, սպասումը՝ Ձմեռ Պապին ու Ձյունանուշին, ովքեր գալիս էին տոնական զարդարված սպիտակ մեքենաներով, ավելի ցանկալի էին։ «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը նույնպես մասնակից էր՝ առավել ուրախ ու տոնական դարձնելու քաշաթաղցի երեխաների Ամանորը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը Նոր տարուց առաջ անպայման Բերձոր էր գալիս՝ իր հետ բերելով երեխաների նվերները, ինչպես նաեւ աջակցում բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներին։ Տոնական բարեգործությամբ հանդես էին գալիս այլ կառույցներ եւս։
2020 թ. սեպտեմբերյան պատերազմից հետո հիմնադրված «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր եւ իրականացրեց քաշաթաղցի առողջական խնդիրներ ու հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաներին նվերների հատկացում։ Մոտ 30 երեխա ստացան իրենց նվերները։ Երեւանից հեռու մարզերում բնակվող երեխաների նվերներն ուղարկվեցին իրենց հասցեներով։ Հարավային մարզեր նվերները տարավ Ծաղկաբերդի նախկին բնակիչ Գարիկ Ալոյանը։ Դեկտեմբերի 25-ին ՀԿ գրասենյակ էին եկել երեւանաբնակ եւ մոտակա բնակավայրերի շահառու երեխաները՝ ծնողների ուղեկցությամբ։ ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց ծրագրի մասին եւ շնորհավորեց տոների առթիվ։ Հույս հայտնեց, որ կգա օրը՝ նորից Քաշաթաղում կտոնեն Ամանորը։ Կարճ հանդեսից հետո երեխաներն ստացան իրենց նվերները, որոնք գեղեցիկ ձեւավորվել էին ՀԿ խորհրդի անդամներ Անահիտ Քոսակյանի, Վարդուհի Հովհաննիսյանի, Սուսաննա Սահակյանի (Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն եւ փոխտնօրեններ), ինչպես նաեւ կամավորականների՝ նույն դպրոցի նախկին սաների կողմից։ Ա. Քոսակյանը տեղեկացրեց, որ շահառու երեխաների ցանկը ճշտել են համայնքների ղեկավարների կողմից հեռախոսով հատկացրած տվյալներով։
Այս օրերին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, Խաղաղության հրապարակում քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի եւ այլ նվիրյալների կողմից տեղադրվել է տոնածառ։ Աղավնոյում դեկտեմբերի 25-ին կայացել է տոնական արարողություն։ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի եւ Գարեգին Նժդեհի անվ. միջնակարգ դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի գլխավորությամբ դպրոցի 50 աշակերտ դարձել են տոնի մասնակից ու իրագործող։ Արցախից տեղահանված երեխաների համար Զեյթունի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում դեկտեմբերի 26-ին կազմակերպել էր Ամանորի տոնական հանդես, որին ներկա էին երեխաներ Երեւանից, ինչպես նաեւ Սիրիայից հայրենիք վերադարձածներ։ Կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանը ողջունեց երեխաներին եւ նրանց ծնողներին, տեղեկացրեց՝ «Հուսո տուն» կենտրոնի ներքո Երեւանում եւ ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են բարեգործական ծրագրեր, որոնք նպաստում են անապահով ընտանիքների, միայնակ, հենաշարժողական խնդիրներ ունեցող տարեցների կյանքի որակի բարելավմանը, ինչպես նաեւ երեխաների ու երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը։
Փոքրիկները հյուրասիրվեցին կենտրոնի «Գթության խոհանոցի» ճաշարանում, հանդես եկան ասմունքով ու երգով, գալիք Նոր տարվա մաղթանքներով։ Երեխաների համար կազմակերպվել էր նաեւ համերգ՝ Ռուբեն Հախվերդյանի եւ իր խմբի մասնակցությամբ։ Սիրված երգչի կողմից հնչեցին մեզ բոլորիս ծանոթ եւ միշտ լսելի երգերը։ Ռ. Հախվերդյանի եւ այլ երգերի կատարումով հանդես եկավ նաեւ Գոռը։ Ինչպես ընդունված է՝ երեխաների կանչով եկավ նաեւ Ձմեռ պապը եւ բաժանեց ամանորյա նվերները։ Գոհ էին բոլորը, ուրախ։ Սակայն հայրենի Արցախից տեղահանված մեր փոքրիկների աչքերում դեռ զգացվում է պատերազմի հետքը, շատ են կարոտում իրենց ծննդավայրերին։ Հադրութցի փոքրիկ աղջնակը կատարեց հայրենասիրական երգ եւ հույս հայտնեց՝ մյուս անգամ իր քաղաքում է երգելու։ Մոտ 2 ժամ տեւած ցերեկույթն ավարտվեց բարեմաղթանքներով եւ միմյանց հրաժեշտ տալով՝ հավատով, որ նորից են հանդիպելու։ Դեկտեմբերի 24-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում՝ գեղանկարների ցուցահանդես եւ համերգային մաս։ Արցախցի լրագրող Արաքս Միրզոյանը տխրությամբ ասաց. «Երեխեքին խնդրեցինք, որ ամեն մեկը մի մաղթանք ասի։ 7-րդ դասարանցի, հադրութեցի Հարութը ցածրաձայն, համարյա շշուկով ասաց. «Հետ դառնանք տուն», հետո կրկնեց ու արագ, շատ արագ, մի ձեռքով մաքրեց արցունքները»։
Դեկտեմբերի 27-29-ը Գուրգեն Մելիքյանը դարձյալ Արցախում էր։ Առաջին կանգառը եղավ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում՝ Կյանքի ճանապարհին գտնվող առաջին բնակավայրում։ Գյուղը պատերազմից հետո մնաց՝ համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի գլխավորությամբ։ Բարերարը տոնական նվերներ՝ կենցաղային տեխնիկա, հատկացրեց կարիքավոր ընտանիքներին Աղավնոյում, Բերձորում, Բերդաձորի ենթաշրջանում։ Նվերներ ստացան նաեւ երեխաները։