2021 թ. մարտի 1-ին Երեւանում Հադրութի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանի եւ «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանի կողմից հիմնվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնը, որը գործում է Խորենացի 47/7 հասցեում:
Կարճ ժամանակահատվածում «Դիզակ ԱՐՏ»-ը հասցրել է համախմբել Հադրութից եւ Արցախի այլ շրջաններից տեղահանված երեխաների, երիտասարդների։ Մշակութային կենտրոնում գործում են ազգային երաժշտության, ազգային պարի, թատերարվեստի, կիրառական արվեստի եւ շախմատի դասարաններ, որտեղ սովորում են տեղահանված շրջանների մոտ 70 երեխաներ։ Ուսուցիչները նույնպես տեղահանված շրջաններից եկած մասնագետներ են: Դեկտեմբերի 24-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում՝ գեղանկարների ցուցահանդես եւ համերգային մաս։ Դահլիճում ցուցադրված էին «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումների ժամանակ Հադրութի շրջանում ստեղծված 26 փրկված կտավները, ինչպես նաեւ «Դիզակի գույները» միջազգային նկարչական 4-րդ սիմպոզիումի ժամանակ ստեղծված կտավներ, Հադրութի շրջանին վերաբերող այլ փաստական նյութեր:
Կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց՝ «ԱՐՑԱԽՅԱՆ» խորագրով ցուցահանդես-համերգը հաշվետվություն է իրենց կատարած աշխատանքների մասին։ «2020 թ. պատերազմի հետեւանքով կորցրինք Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը, եւ «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնի նպատակը նախեւառաջ Հադրութի շրջանից մնացած մասունքների վերակենդանացումն է, շրջանի հայկական լինելը փաստող նյութեր հրապարակելն ու շրջանի բնակիչներին համախմբելը: Մենք կարողացանք մեր նպատակը դարձնել իրականություն եւ Երեւանի սրտում ունենալ Հադրութի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման օջախ, որը կարճ ժամանակում զուգահեռաբար վերածվեց նաեւ մշակութային կրթօջախի»,- ասաց Լ. Պետրոսյանը։ Բանախոսը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ այցելել են իրենց միջոցառմանը եւ տեղեկացրեց՝ Մոսկվայից հատուկ ժամանել է Կարինե Զախարյանը, ով շատ է օգնել իրենց աշխատանքներում։ Տիկին Կարինեն հուզված էր, չկարողացավ արտահայտվել, միայն ցանկացավ, որ հաջորդ նման միջոցառումը Հադրութում լինի։ «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումի մտահղացման հեղինակ, բոլոր սիմպոզիումների մասնակից, նկարիչ Գեւորգ Ընծա Բաբախանյանը նույնպես հուզված էր։ Ցավ հայնեց, որ թշնամու տիրապետության տակ են մնացել նաեւ շատ կտավներ՝ ստեղծված «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումների ընթացքում։
Սիմպոզիումն առաջին անգամ կազմակերպվել եւ կայացել է 2017 թ. սեպտեմբերի 11-16-ին՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Սիմպոզիումին մասնակցել են 10 նկարիչ Հայաստանից եւ Արցախից։ Հավելեց՝ այս սիմպոզիումներին մասնակից են եղել նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներ, եւ բոլորն էլ ոգեշնչված Դիզակ աշխարհի գեղեցկությամբ, պատմական հուշարձաններով, բարի ու աշխատասեր բնակիչներով, հրաշալի կտավներ էին ստեղծել։ Նույն նկարիչների՝ 2018 թ. կտավներից նույնպես ցուցադրված էին։ Ընթացքում շրջելով ցուցասրահում, դիտելով նկարները՝ պարզ դարձավ՝ առավելապես 2021-ին կատարված գործեր են եւ հիմնականում՝ հուշերով արված։ Հադրութի, Շուշիի եւ բռնազավթված տարածքների տեսարաններ են հիմնականում։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի «Տեսարան Հադրութից», Թենգիզ Միկոյանցի «Գտչավանք», Հովիկ Գասպարյանի «Տողի ապարանքը», Սամվել Թավադյանի «Գյուղ կարմրակուճ» եւ այլ գործեր արվել են այս տարի։ Առանձին հատվածում ներկայացված էին «Դիզակ ԱՐՏ»-ի կիրառական արվեստի եւ կերպարվեստի դասարանների աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա երեխաները նույնպես հետաքրքրված էին ցուցադրված կտավներով, նշում էին՝ որն է իրենց ավելի դուր գալիս։
Հրաշալի էր նաեւ միջոցառման երկրորդ՝ համերգային մասը։ Նշեմ՝ փոքրիկ երգիչներն ու դերասանները հենց սկզբից գերեցին հանդիսատեսին եւ արժանացան ծափողջույնների, հիացմունքի խոսքերի։ Արցախյան բարի ու խաղաղ տարիների տեսարանով՝ երկանք աղալով ու «Հորովել»-ով, հաց արարելով, մանչուկի համար օրորոցային երգելով ու օրորելով, ընկերասիրությամբ ներկայացրին փոքրիկներն արցախյան ազգային երգ ու պարերը։ Ներկայացրին նաեւ հումոր, վարպետորեն Թումանյանի «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղրը» խաղացին՝ համեմված Հադրութի խոսվածքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը, «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումի մասնակից-նկարիչներ, ստեղծագործող երեխաների ծնողներ։ Սերգեյ Ղազարյանը տպավորված էր կտավների ցուցադրությամբ, կարեւորում է նման միջոցառումները, որ արցախցին միշտ մտածի տուն դառնալու մասին։