«ՀՀ»-ին քաղաքացիները հաճախ են դիմում ամենատարբեր հարցերով պարզաբանումներ ստանալու՝ սոցիալական ոլորտից սկսած մինչեւ քաղաքական։ Վերջերս շատացել են սոցիալական խնդիրների հետ կապված մեզ ուղղված հարցումները։ Հավանաբար, այն պատճառով, որ ներկայումս տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ, ըստ այդմ, մեր երկրում անվտանգության խնդիրներից ելնելով՝ սոցիալական հարցերին մի փոքր քիչ ենք տեղ հատկացնում։ Բայց քանի որ մեզ հաճախ են դիմում նորածին երեխա ունեցող՝ հատկապես աշխատող մայրերը՝ իրենց տրվող արձակուրդների ու երաշխիքների մասին իմանալու, որոշեցինք ներկայացնել պարզաբանումը։ Ի վերջո, սա մի խնդիր է, որն առնչվում է մեր երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության խթանմանը։
Այսպիսով՝ հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողներին տրամադրվող ի՞նչ արձակուրդներ ու այլ երաշխիքներ կան։ Նշենք, որ այդ իրավունքներն ամրագրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Ըստ այդմ, ինչպես տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ կազմակերպության լուծարման հետեւանքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի): Արգելվում է նաեւ հղի կամ մինչեւ 1 տարեկան երեխա խնամող կանանց ներգրավել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում։ Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ. 1. 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության ժամանակահատված), 2. 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության ժամանակահատված)` բարդ ծննդաբերության դեպքում, 3. 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության հատված)` միաժամանակ 1-ից ավելի երեխաներ ունենալու դեպքում։ Եվ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ՝ մինչեւ երեխայի 3 տարեկան դառնալը։
Օրենսդրական կարգավորման համաձայն՝ աշխատողի խնդրանքով՝ կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո տրամադրվում է ամենամյա արձակուրդ մինչեւ անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը, իսկ հղի կանայք եւ մինչեւ 14 տարեկան երեխա խնամող աշխատողներին ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք է տրվում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո։
Հստակեցված են նաեւ հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողների՝ աշխատանքային գործընթացում ներգրավման պայմանները։ Ըստ այդմ՝ հղի կնոջ եւ մինչեւ 1 տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան։ Բայց հղիները եւ մինչեւ 1 տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ներգրավվել եւ մասնակցել արտաժամյա աշխատանքի, հանգստյան օրերին աշխատանքի, տանը կամ կազմակերպությունում հերթապահության, ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին աշխատանքի։ Կարող են նաեւ մեկնել գործուղման։ Սակայն այս ամենը՝ միայն իրենց իսկ համաձայնությամբ։
Ինչ իրավունքներ ունի փոքրիկ ունեցող այն մայրիկը, ով երեխային կրծքով կերակրող է նաեւ։ Հստակեցված է, որ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչեւ երեխայի 1.5 տարին լրանալը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում երեխային կերակրելու համար` կես ժամից ոչ պակաս տեւողությամբ: Եվ այս ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:
Կանխելով թեմայի հետ կապված մեզ ուղղվելիք այլ հարցումներ՝ համապարփակ տվյալներ ներկայացնենք նաեւ երեխայի ծննդյան առիթով պետության կողմից տրվող նպաստների ու դրանց չափերի մասին։ Գիտենք, որ նորածնի ընտանիքին պետությունը տալիս է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ այլնի միջոցով։
Նախ խոսենք մայրության նպաստից։ Այս նպաստը ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները: Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Իսկ չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է 156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։
Գանք երեխայի ծննդյան միանվագ նպաստին։ Այս նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանում։ 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300 հազ. դրամ է, 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1.5 մլն դրամ։ Հիշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում։
Սրանից զատ՝ երեխայի ծնվելու պարագայում այլ գումար էլ է նշանակված։ 2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով 3-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50 հազ. դրամ աջակցություն՝ մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն՝ ընտանիքը ստանում է ամսական 50 հազ. դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ 3-րդ եւ հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ. հունվարի 1-ից հետո։ Ընդ որում՝ զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը եւ նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն՝ եթե ընտանիքում կա 1 երեխա, եւ ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100 հազ. դրամ։
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ էլ կա։ Այս նպաստի իրավունք ունեն՝ 1. աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, 2. գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը (եւ՛ աշխատող, եւ՛ չաշխատող), մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ. հուլիսի 1-ին եւ հետո, եւս մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։ Գյուղաբնակ, վարձու աշխատող եւ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանում է խնամքի նպաստ՝ եւ՛ որպես վարձու աշխատող, եւ՛ որպես գյուղաբնակ։ Ըստ այդմ՝ գյուղաբնակ վարձու աշխատողին ամսական տրամադրվում է 57.200 դրամ խնամքի նպաստ։ Նշված նպաստը նշանակելու համար քաղաքացին կարող է դիմել ինչպես միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։