2021-ին գերբեռնված օրակարգով է աշխատել ամբողջ համակարգը՝ փորձելով իրագործել այն նախագծերը, որոնք կապիտալ շինարարության մասով ներառված են եղել կառավարության հաստատած ծրագրերում: Իսկ թե ինչ ծավալներով են իրականացվել այդ աշխատանքներն ու ինչպիսի ուղղություններ են ընդգրկված օրակարգում, այդ մասին, ամփոփելով տարին, նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Ըստ նախարարի, տարին բարդ ու վճռորոշ է եղել շինարարների համար, եւ աննախադեպ ծավալների աշխատանք է կատարվել բնակարանաշինության, ճանապարհաշինության, վթարված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Այդ մասին են վկայում պաշտոնական տվյալները: Եթե կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալը տարեսկզբին կազմել է 9242,113 մլն դրամ, ապա տարեվերջին՝ 25460,302 մլն դրամ: Եվս 19359,606 դրամ է հատկացվել արտաբյուջետային միջոցներից: Տարվա կտրվածքով ծախսվել է 44819,908 մլն դրամ, որը կապիտալ ներդրումների տեսանկյունից աննախադեպ ցուցանիշ է:
Նախարարության 2021 թ. գործունեությունը գլխավորապես ուղղված է եղել պատերազմի հետեւանքների, ավերածությունների վերացմանը, բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակելի նոր տների կառուցմանը եւ հին բնակֆոնդի հիմնանորոգմանը: Ռազմական գործողությունների հետեւանքով հանրապետության տարածքում վնասված շենք-շինությունների թիվը գրեթե 7650-ի է հասնում: Հավաստի տվյալների համաձայն, 2988 օբյեկտներից 2445-ում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, եւս 543-ում շուտով ավարտին կհասցվեն: Ավելի քան 1000 բնակելի տների եւ հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել են շինանյութեր՝ տանիքների վերանորոգման նպատակով:
Շրջվարչակազմերի ներկայացրած 1748 հին եւ տիրազուրկ բնակելի տներից 429-ում վերանորոգման աշխատանքներն ավարտված են, եւ դրանք տրամադրվել են տեղահանված ընտանիքներին: Մյուսների աշխատանքները շարունակվում են: Ընթացքի մեջ են 246 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքները, եւ ծրագիրը, նախարարի հավաստմամբ, շարունակական բնույթ է կրելու:
Բնակարաշինության ծրագրով սկսված է ավելի քան 3000 բնակելի տների եւ բնակարանների կառուցումը: Պետական միջոցներով պիլոտային ծրագրի շրջանակներում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 35 տուն՝ արագ հավաքվող կոնստրուկցիաներով, որոնք գլխավորապես տրամադրվել են մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքներին: Պետական բյուջեի միջոցներով սկսված է 957 բնակելի տների շինարարությունը, որոնք նույնպես հիմնականում կտրամադրվեն տեղահանվածներին: Գերատեսչության ղեկավարի տեղեկացմամբ, դրանք կառուցվում են մայրաքաղաքում, Ասկերանի շրջանի Հովսեփավան, Աստղաշեն, Նորագյուղ, Այգեստան, Խնածախ, Իվանյան համայնքներում:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց նախարարը, բնակարանաշինության լայնածավալ ծրագրեր են իրականացվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Սկսված է 1161 նոր բնակելի տների շինարարությունը, որից 300-ում աշխատանքներն արդեն ավարտման փուլում են: Մի մասն արդեն տրամադրվել է շահառուներին: Հովսեփավան համայնքում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով սկսված է 92, իսկ Դահրավ համայնքում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախագծով՝ 100 տների շինարարությունը:
Ի թիվս պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, Արամ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ ճանապարհաշինական, արտաքին լուսավորության ցանցերի, գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերի արդիականացման աշխատանքներին: Համաձայն ամփոփ հաշվետվության, ավարտվել է մայրուղուց՝ Խնձրիստան, Հիլիս, Բերդաշեն-Աշան, Առաջաձոր, Հարությունագոմեր, Քերթ, Կարմիր Շուկա-Թաղավարդ, Հաթերք-Զարդախաչ, Մաղավուզ, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան ավտոճանապարհների շինարարությունը: Ընթացքի մեջ են Պողոսագոմեր, Մեծ Շեն, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ համայնքներ տանող ճանապարհների կառուցման աշխատանքները: 2022 թ. ճանապարհաշինության ծրագրով («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով) մասնավորպես սկսված են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղու 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ շուրջ 25 կիլոմետրով «կնվազեցվի» գործող Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի երկարությունը: Ընդգծելով, թե հիմնադրամի միջոցներով արդեն ասֆալտապատվել են մայրուղուց Կաղարծի-Պառավաթումբ, մայրուղուց Վերին Հոռաթաղ եւ Կոճողոտ տանող ավտոճանապարհները, նախարարը հիշեցրեց, որ հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 38 մլրդ դրամ:
Դատելով ծավալներից, աննախադեպ կարելի է համարել նաեւ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագրով հանրապետությունում իրականացվող նախագծերը: Անցած մեկ տարում կառուցվել են մի շարք տրանսֆորմատորային ենթակայաններ, 10 եւ 04 կՎտ օդային գծեր: Արդիականացվել են Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների, Մխիթարաշեն, Թաղավարդ, Կարմիր Շուկա, Շոշ, Սզնեք, Սարուշեն, Խաչմաչ, Հովսեփավան, Կարմիր գյուղ համայնքների լուսավորության ցանցերը: Ընթացքի մեջ են Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության արդիականացման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարում: Ըստ Ա. Սարգսյանի, արդյունավետ է նաեւ գազաֆիկացման ծրագիրը: Ավարտման փուլում են մայրաքաղաքի Արեշ եւ Աջափնյակ թաղամասերի միջին ճնշման գազատարների կառուցման աշխատանքները: Պատվիրված են ցածր ճնշման գազատարների կառուցման նախագծեր: Շրջվարչակազմերի ներկայացրած հայտերի համաձայն, գազաֆիկացվել են շուրջ 100 բնակելի տներ:
Հանրագումարելով տարվա արդյունքները, Արամ Սարգսյանը հիշեցրել է ԱՀ նախագահի այն խոսքը, թե «Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք սեփական տուն պիտի ունենա»: Նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: