Նյութատեխնիկական հարուստ բազայով եւ ուսուցման մեթոդներով առանձնացող Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը, որ իր տեսակով միակն էր տարածաշրջանում եւ հասցրել էր առաջին շրջանավարտներն ունենալ, 44-օրյա պատերազմի հետեւանքով բերդաքաղաքում գործող շուրջ մեկ տասնյակ ուսումնական հաստատությունների թվում եւս ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Սակայն պարապմունքների ընդհատումն ընդամենը չորս ամիս տեւեց:
Չնայած Շուշիում էր մնացել հաստատության ամբողջ գույքը, հաշվի առնելով պատերազմի հետեւանքների վերացման խնդրում տնտեսության համար որակյալ արհեստավորների պատրաստման կարիքը՝ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ուսումնարանը Ստեփանակերտում վերսկսեց իր գործունեությունը: Կարճ ժամանակահատվածում հիմնանորոգվեց, կահավորվեց եւ հաստատությանը տրամադրվեց մայրաքաղաքի նախկին տեխնիկական ուսումնարանի շենքը: Ֆրանսիացի բարերարների օժանդակությամբ Արցախ հասան կրթօջախի համար նախատեսված հաստոցների եւ գործիքների առաջին խմբաքանակները: Եվ ուսումնարանի ղեկավարությանն այլ բան չէր մնում, քան վերսկսել պարապմունքները՝ ներգրավելով նախկին ուսուցիչներին եւ վարպետներին, հրավիրելով փորձառու նոր մասնագետների:
Այսօր ամենատարբեր արհեստների գծով 200-ից ավելի սովորողներ ունի «Եզնիկ Մոզյանը», եւ հիմնականում պահպանվում է նախկինում հաստատված մասնագիտությունների ցանկը: Ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանի հավաստմամբ՝ նոր ուսումնական տարում դիմորդների թիվը գրեթե կկրկնապատկվի: Նման եզրահանգման համար հիմք են դպրոցներում իրականացված հարցման արդյունքները: Հիմնական դպրոցն ավարտող աշակերտներից շատերն են ցանկանում ժամանակակից արհեստների տիրապետել եւ վարպետանալ: Ասում են՝ պատերազմից դուրս եկած երկիրն արհեստավորների կարիք այսօր շատ ունի, եւ լավ վարձատրվում են: Մնում է անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ ձեռք բերել:
Իսկ որ ուսումնարանում պատշաճ հիմքերի վրա է մասնագետների պատրաստման գործը, համոզվելու համար բավական է այցելել հաստատություն, ինչպես ասում են, սեփական աչքով տեսնել եւ հաղորդակից լինել կազմակերպվող գործընթացներին: Ուշագրավ է, որ սովորողները միշտ չեն սպասում դրսից ցուցաբերվող աջակցությանը եւ փորձում են սեփական կարիքները հոգալ՝ նախաձեռնելով որեւէ օգտակար աշխատանք: Ինչպես Ն. Իշխանյանն է տեղեկացնում, ապագա ատաղձագործների, ապակեգործների, մանրահատակագործների եւ շնորհաշատ մյուս սովորողների ձեռքերով է պատրաստվել կահույքի եւ գործիքների զգալի մասը, իսկ շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել են շինարարները:
«Նրանց ուժերով է այսօր տեսքի բերվում նաեւ ուսումնարանի նոր մարզասրահը,- ասում է տնօրենը:- Նախագիծը հավանության է արժանացել «Ռիա Արմենիայի» հարթակում, եւ շուտով այն կգործարկվի: Բարեգործական խողովակներով արդեն ձեռք է բերվել մարզական գույքի եւ սարքավորումների առաջին խմբաքանակը: Սովորողների լիարժեք ժամանցի եւ հանգստի կազմակերպման նպատակով կընդլայնվի մշակութային միջոցառումների շրջանակը. նրանց հնարավորություն կընձեռվի անկաշկանդ դրսեւորել ստեղծագործական իրենց շնորհքն ու ընդունակությունները»:
Ստեփանակերտում «հյուսելով իրենց նոր բույնը»՝ արհեստագործականի ուսուցիչներն ու սովորողներն ամեն անգամ հիշում են բերդաքաղաքում թողած հարուստ ժառանգությունը եւ հավատում, որ մի օր արվեստների քաղաք են վերադառնալու, ու «նորից լուսավոր պատուհաններ են բացվելու»…