Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ժողովրդի սիրելի բժիշկը

Արցախ Բունիաթյանի արածը ոգեշնչման լավ օրինակ է ապրողներիս համար

Մարտի 3, 2022
Սոցիում
Ժողովրդի սիրելի բժիշկը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
599
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախ-Դալտոն Բունիաթյանին ճանաչում էի 1988-ից, սակայն նրա հետ մտերմացա 1996 թ., երբ բնակության տեղափոխվեցի Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք։ Արցախը գլխավորում էր շրջանային բուժմիավորումը։ Ծանոթացանք, եւ նա ինձ համար կա որպես մեր օրերի լավագույն հայերից մեկը։ Գրեթե 10 տարի է՝ Արցախը մեզ հետ իր երկնային կյանքով է։ Կենսասեր ու բարի մարդը վախճանվեց ծանր հիվանդությունից` 2012 թ. հուլիսի 18-ին։

Ծնվել է 1939 թ. մարտի 2-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում, սակայն 1950 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյան քաղաք։ 1956 թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1959-65 թթ. ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում։ 1965-68 թթ. աշխատել է Ռուսաստանի Ցելինոգրադի քաղաքային հիվանդանոցում՝ վիրաբույժ։ Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում, իսկ 1968-ին աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում։ 1988-ից Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր։ Բժիշկ ու հասարակական գործիչ, գրող ու ազատամարտիկ, նժդեհյան ուսմունքի հետեւորդ, բարի ու խորհրդատու հային Արցախում, Հայաստանի Հանրապետությունում շատերն էին ճանաչում ու սիրում, հատկապես՝ ազատամարտի մասնակիցները։  

5 տարի առաջ, երբ Բերձորում նշում էինք Արցախ Բունիաթյանի ծննդյան տարեդարձը, նրա ընկեր Արին-Վոլոդյա Գալստյանն այսպես բնութագրեց հոբելյարին. «Մեր ժամանակի հայրենապաշտ Հայի կենսագրականը կարդալ՝ կնշանակի ամենուր հանդիպել Նժդեհ, Արցախյան շարժում, պատերազմ, հաղթանակ, զինվոր, մահապարտ եւ նման հասկացությունների»։ 1982 թ. նվիրյալ հայրենասերների մի խումբ՝ Վարագ Առաքելյան, Արցախ-Դալտոն Բունիաթյան, Ժորա Բարսեղյան, Գարեգին Մխիթարյան…, կազմակերպում են Նժդեհի մասունքների տեղափոխումը Վլադիմիր քաղաքից։ Այն իրականացվում է Զորավարի թոռնուհու՝ դերասանուհի Գոհարի ամուսին Պավել Անանյանի կողմից։ Այս մասին իմացել են քչերը։ Որոշ ժամանակ Նժդեհի մասունքները պահելուց հետո 1983 թ. ամփոփել են Սպիտակավոր եկեղեցու մուտքի մոտ։ Իսկ մի ողը նույն թվի հոկտեմբերի 6-ին ամփոփել են Սյունիքի հրաշք լեռան՝ Խուստուփի լանջին։ Նժդեհի պատգամն է եղել՝ հանգչել այս լեռան վրա։

Բերձորում բնակվելու տարիներին բախտ եմ ունեցել նույն խմբից ողջ մնացածների՝ Արցախի, Գարեգինի, Ժորայի, Պավելի, Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանի, գրող Հրաչյա Մաթեւոսյան-Հրաչօյի եւ այլոց հետ այցելել Սպիտակավոր ու Խուստուփ։ Պատմում էին, թե ինչպես են գիշերով Զորավարի նշխարները հանձնել մայր հողին։ «Եթե չեկա, ուրեմն չկամ»՝ Նժդեհի խոսքն են արել իրենց երդումը, եւ յուրաքանչյուր տարի՝ հունիսի կեսերին, այցելում էին Սպիտակավոր, իսկ հոկտեմբերի 6-7-ը՝ Խուստուփ։ Մի անգամ Խուստուփում Արցախ Բունիաթյանը պատմեց. «Գիշերով թաղեցինք Նժդեհի մասունքն այս վայրում, որն արդեն ուխտավայր է մեզ համար։ Հայր Աթանաս վարդապետը շարականներ էր երգում, եւ նրա ձայնը տարածվել էր լեռնալանջով մեկ»։ Աթանաս վարդապետը նույնպես երկար ժամանակ բնակվեց Բերձորում եւ Քաշաթաղի հոգեւոր հովիվն էր։ Այսօր նոսրացել է այս խումբը, սակայն ուխտավայր այցելողների թիվն ավելացել է։ Ա. Բունիաթյանի «Նժդեհի վերադարձը» (Զորավարի աճյունը Հայաստան տեղափոխելու պատմությունից) գիրքը հրատարակվել է Երեւանում 1999 թ., վերահրատարակվել 2011-ին։

Արցախի կինը՝ երջանկահիշատակ Սոնա Հովեյանը, ով երկար տարիներ տնօրինում էր Բերձորի քաղաքային գրադարանը, պատմում էր, թե ինչպես ամուսինն ստացավ Արցախ անունը։ Էջմիածնում՝ եկեղեցում, Վարագ Առաքելյանի կնքահայրությամբ Դալտոնը դարձել է Արցախ։ Ամուսնության ողջ տարիների ընթացքում երեք դուստրերի մայրը եղել է նեցուկ ամուսնուն։ Պատերազմի օրերին Արցախի մոր ու դուստրերի հետ տարիներ շարունակ սպասել են բժշկի վերադարձին։ Մեկ-մեկ ինքն է գնացել Արցախ։ Հեշտ չի եղել նաեւ բերձորյան կյանքը: Սիրով էր աշխատում՝ հրապարակելու Արցախի օրագիրը՝ գրված պատերազմի տարիներին։ 1992 թ. սկզբից մինչեւ 1995 թ. նոյեմբեր բժիշկը ծառայել է Մարտակերտի դաշտային հոսպիտալում՝ վիրաբույժ։ Մասնակցել է մարտական գործողությունների եւ այդ ողջ շրջանում օրագիր է պահել, գրի առել ամեն մանրուք։ Տարիներ անց նույն օրագիրը դարձավ Ա. Բունիաթյանի գրական ժառանգության հարուստ ու թանկ նյութը։ «Արյունոտ օրեր» գիրքը տպագրվեց 8 հատորով, մի քանի տարվա ընթացքում՝ տարբեր ենթավերնագրերով։ Վերջին 2-3 հատորների վրա աշխատել եմ։ «Հուշապատումը» լույս տեսավ հեղինակի վախճանվելուց հետո։ Այս գրքում ներկայացված է 1994 թ. մայիս ամիսը, երբ ընթանում էին կատաղի մարտեր, այնուհետեւ տիրեց խաղաղություն։ Սակայն մարդկանց հոգիներում պայքար ու պատերազմ էր։ Ներկայացնում է հարյուրավոր ազատամարտիկների։ Տուն վերադարձած մարտակերտցիները նույնպես խնդիրներ ունեն, շատերը՝ առողջական, ու դիմում են բժշկի։ Գրքի հերոսներն իրական մարդիկ են՝ չփոխված անուններով։

Ընթերցելով գիրքը՝ շատերը կհանդիպեն իրենց բարեկամին ու ծանոթին, ընկերոջը։ Նույն հերոսներից շատերին է փրկել բժիշկը, բուժել, տվել բարի խորհուրդներ։ Մեծ ցավով է գրում նրանց մասին, ովքեր մահացել են վիրահատական սեղանին, վիրահատվելուց օրեր անց։ Յուրաքանչյուր մահ մեծ վերք էր թողել բարի բժշկի սրտում։ Գիշերները մոմի ու լամպի, հաճախ լուսնի լույսի տակ է գրել օրագիրը. ցերեկները ժամանակ չուներ։ Նրա համար անձնավորված կերպար են նաեւ հայրենի հողը, ջուրը, Սարսանգի ձկները, անտառները, թռչուններն ու անտեր մնացած շունն ու կատուն։ Ցավով է նկարագրում ռումբի պայթյունից տնքացող հողի, արմատախիլ եղած ծառի մասին։ Գիրքն ավելի շատ նաեւ տեղեկություն է տալիս Մարտակերտի շրջանի, այստեղ ժամանած սփյուռքահայերի, օտարների մասին, ովքեր այդ օրերին օգնում էին մարտնչող Արցախին։ «… Ես վիրաբույժ եմ։ Պատերազմի դաշտում նման եմ այն հորը, ով կռվի դաշտ է եկել իր որդիների հետ։ Յուրաքանչյուր պահի բերում են իմ զավակներին՝ նահատակված, վիրավոր, արյունոտված… Ծանր է։ Պատառիկներ եմ գրի առել այն ամենից, ինչ տեսել եմ, իսկ ապրումներս ամեն րոպե այրում են իմ հրդեհվող հոգին՝ դառնալով իմ գաղտնիքները… Ռազմադաշտը մի յուրօրինակ համալսարան է, որի դռները բաց են բոլոր զինվորագրվողների համար, ովքեր պահպանում են նախնիներից իրենց փոխանցված արիական ժառանգությունը։ Այստեղ է, որ յուրաքանչյուրը ճանաչում ու գնահատում է ինքն իրեն, իր ազգը, իր Հայրենիքը…»,- 1992-ին գրել է Արցախը։

Այս ամենով հանդերձ՝ Արցախի ամենամեծ գործերից եղավ 1996 թ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնումն ու գլխավորումը։ Այստեղ աշխատեց Արցախը մինչեւ 2008 թ.։ Այդ ընթացքում քիչ դժբախտ պատահարներ չէին լինում պատերազմ տեսած տարածքում։ Ականների պայթյուն, ավտովթարներ, այլ փորձություններ, եւ առաջին բուժօգնությունը Բերձորում էր լինում, իսկ միակ վիրաբույժն Արցախն էր։ Հետագայում՝ Արցախի մահից հետո, բուժմիավորումը կոչվեց նրա անունով։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է պետական ու գերատեսչական պարգեւների. 1994 թ.՝ «Մայրական երախտագիտություն», 1998-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով` «Մխիթար Հերացի» մեդալ։ 2000 թ. Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 2008-ին արժանացել վաստակավոր բժշկի կոչման։ ՀՀ եւ ԱՀ գրողների միության անդամ է։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է նաեւ «Գարեգին Նժդեհ» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով։ Վիրաբուժությանը, ինչպես նաեւ հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Սակայն այս ամենից առավել նրան ճանաչողների կարծիքն է, կարեւորը՝ ժողովուրդն է նրան կոչել ԲԺԻՇԿ։ Նրա օրոք Քաշաթաղի բուժմիավորումում ծնված երեխաների մեծ մասը կրել է միայն հայկական անուն։ Տղաներից շատերին իր պատվին կոչել են Արցախ, սակայն նա էր կարեւորում հերոսներին, եւ շատ տղաներ անվանակոչվում էին Նժդեհ, Մոնթե, Հրայր, Անդրանիկ…

2019 թ. դեկտեմբերին Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը տեղափոխվեց 11 տարվա ընթացքում կառուցված նոր ու բժշկական սարքավորումներով հագեցած շենք։ Մուտքի մոտ Արցախի կիսանդրին էր։ Թվում էր՝ իրականացել է Արցախի երազանքը։ Սակայն եղավ նոր պատերազմ, եւ նույն բուժմիավորման շենքը ծառայեց որպես ապաստարան ու հոսպիտալ։ Այսօր դատարկ ու լքված է այդ շենքը… Եռաբլուրում է հանգչում ռազմական բժիշկը՝ իր զինակիցների կողքին։

Թեգեր: ԱրցախԱրցախ-Դալտոն Բունիաթյանբժիշկպատերազմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ուղիղ գծով»` կամավոր նավաստուց մինչեւ լեգենդար ծովակալ

«Ուղիղ գծով»` կամավոր նավաստուց մինչեւ լեգենդար ծովակալ

Եվ երգիչ, եւ ճարտարապետ, եւ տաղանդ

Եվ երգիչ, եւ ճարտարապետ, եւ տաղանդ

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist