Վազգեն Սարգսյանը հարազատ անուն է յուրաքանչյուր արցախցու համար: Սպարապետին ճանաչողները, մարտական ընկերները բազում հիշողություններ ունեն՝ նրա հետ կապված: Ի նշան խոր հարգանքի, Վ. Սարգսյանի արձանը կանգնեցվել է ՊԲ կենտրոնական շրջանի զորամասում, մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկը կրում է Արցախի հերոսի անունը: Նրա անվամբ փողոցներ եւ կրթօջախներ կան հանրապետության տարբեր բնակավայրերում: Ցավոք, անդառնալի մյուս կորուստների շարքում արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու ձեռքով «հոշոտվել» է Շուշիում տեղադրված Սպարապետի արձանը, որն առանձնակի շուք էր հաղորդում բերդաքաղաքին…
Անուրանալի է Վ. Սարգսյանի դերն Արցախի ինքնապաշտպանական ուժերի համախմբման, մահապարտների գնդի ստեղծման, հայ զինվորի մարտական ոգու բարձրացման եւ թշնամու դեմ վճռական հաղթանակների ապահովման գործում: Նա մեր ժողովրդի այն բացառիկ դեմքերից է, ով կանգնած էր Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելուն միտված պայքարի ակունքներում: Ավելին՝ Վազգեն Սարգսյանը հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից էր, Հայոց բանակի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ դեռեւս կենդանության տարիներին արժանացել էր Սպարապետի պատվաբեր կոչմանը եւ վայելում է զինվորների սերն ու համակրանքը: Եվ սխալված չենք լինի ասել, որ նա է պետականության կերտման, մեր ժողովրդի նորագույն պատմության ճարտարապետն ու շինարարը:
Վազգեն Սարգսյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է հայրենիքի, Արցախի ազատության ու պաշտպանության, հայ ժողովրդի դարավոր, նվիրական երազանքների իրականացման, ինքնիշխան ազգային պետականության վերականգնման ու շենացման գործին: Մի անհատականություն, ով իբրեւ զորավար, պետական, քաղաքական գործիչ, ապրում էր հայրենիքի, հարազատ ժողովրդի նվիրական իղձերով, հոգսերով ու խնդիրներով:
«Եթե փորձենք ընդհանրական բնորոշում տալ Վազգեն Սարգսյան երեւույթին, ապա ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ նա եղել ու այսօր էլ մեզ ներկայանում է որպես մեկ անհատի մեջ խտացած, թանձրացած խարիզմատիկ մի կերպար, որ ազգ ու ժողովուրդ համախմբելու առաքելություն ուներ եւ իր ողբերգական մահկանացուն կնքելուց հետո անգամ ապրեցնում ու համախմբում է իրենից հետո ապրողներին»,- կարծում է ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը:
Վազգեն Սարգսյանի համար Արցախի անվտանգության ապահովումը գերխնդիր էր, եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցերը միշտ նրա տեսադաշտում էին: Սպարապետը կարծում էր, որ «Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, որոնք կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել եւ համախմբված, հետեւողականորեն շարունակել պայքարը»: 1992-ի տագնապալի այն օրերին, երբ Շուշիում պարտություն կրած, բայց դեռեւս ռեւանշի հույսեր փայփայող սպառազեն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման էր անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով եւ կարողացել էր զավթել Արցախի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան տարածքները՝ հրի մատնելով տասնյակ հայկական բնակավայրեր, Վ. Սարգսյանն ահազանգի կոչնակ հնչեցրեց: Ի լուր համայն հայության՝ նա ասաց. «Հասել է ուժեղի, ոգով ուժեղի ժամանակը: Ով ամուր եղավ, նա էլ հաղթելու է»…
Ապա մտորելով Արցախի ապագայի վերաբերյալ՝ Սպարապետը պատգամել էր, թե «Ղարաբաղի թիկունքն ամբողջովին պիտի ապահովված լինի: Ղարաբաղը Հայաստանին կապող պորտալարը՝ Լաչինի միջանցքը, երբեք չպետք է խաթարվի»… Մտահոգված լինելով Արցախի ճակատագրով՝ նա հաճախ էր անդրադառնում հակամարտության կարգավորման խնդրին՝ շեշտելով այն միտքը, թե արյամբ ազատագրված հողը երբեք չպետք է զիջել թշնամուն: «Հայ ժողովուրդը,- ասում էր նա,- վերջին տարիներին համազգային սխրանք է գործել, եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով եւ մաքառումով ձեռք բերվածը»… Նա միաժամանակ համոզված էր, որ «դարերով, տասնամյակներով կուտակված հիմնահարցերը միանգամից չեն լուծվի: Հրաշքները միայն հեքիաթներում են լինում, իրականությունը փոխելու համար միաբանություն, նվիրում, համբերություն, համառ աշխատանք եւ քրտինք է անհրաժեշտ»…
Այսօր «հեռակա կարգով» զրույցի բռնվելով Սպարապետի հետ՝ հպարտության հետ մեկտեղ խոր ցավ եւ ափսոսանք ենք ապրում, որ նա այդպես էլ հարատեւ մնաց որպես քառասունամյա այր ու ողբերգական մահով հեռացավ կյանքից՝ սերունդներին պատգամելով «անշեջ պահել հայրենիքի նկատմամբ սերը, աչքի լույսի պես պահպանել դարերի ընթացքում ստեղծված ազգային արժեքները, զորացնել բանակը, քանի որ նա է ժողովրդի անվտանգության երաշխավորը»…
Ու մտածում ես՝ եթե ողջ լիներ Սպարապետը, գուցե եւ վտանգված չլիներ Արցախը…