Նախորդ տարեվերջին «ՀՀ»-ն անդրադարձել էր «Հայռուսկոգեներացիա» ընկերության՝ բաժանորդների հանդեպ վարքագծին, ու նշել էինք, որ դա, մեղմ ասած, իրական պատկերի նկարագիրը չէ։
«Հայռուսկոգեներացիան» միշտ աշխատել է նորմալ (համենայնդեպս՝ այդ է վկայում այդ համակարգի բնակիչ-բաժանորդ լինելու իմ 10 տարվա փորձը), սակայն վերջին տարիներին կաթսայատան աշխատանքը վատթարացավ, տեխնիկական խափանումները հաճախակիացան, 2020 թ. դրանք նույնիսկ օրեր տեւեցին, իսկ այս՝ 2021-2022թթ. ջեռուցման սեզոնին վերադարձանք 90-ականներ՝ առանց տաք ջրի ու ջերմամատակարարման։
Ջեռուցման սեզոնը դեռ չի ավարտվել, ընկերության տնօրենը բնակիչների հետ չի հանդիպում։ Սկզբունքորեն չի հանդիպում։ Լրագրողների հետ՝ նույնպես։ Եվ այս պահի դրությամբ ստույգ հայտնի չէ կաթսայատան չաշխատելու պատճառը։ Ոչ մի բացատրություն ընկերության կողմից չի տրվում։ Ուստի պատվիրված նամակ ուղարկեցի տնօրենի անունով։ Հարցերիս շրջանակը հստակ էր՝ հաջորդ ջեռուցման սեզոնին ջերմամատակարարում կլինի՞, թե՞ ոչ։
Հիմա՝ փաստերով։ Մեր՝ դեկտեմբերի 15-ի հրապարակումից 1 օր առաջ գրություն եմ ուղարկում «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Ռուստամյանին՝ 6 հարցով. 1. Ինչո՞ւ չի աշխատում կաթսայատունը: 2. Աշխատելո՞ւ է երբեւէ, թե՞ այլեւս դադարեցնում է գործունեությունը: 3. Եթե չէր աշխատելու ջեռուցման այս սեզոնին, ինչու՞ այդ մասին բնակիչներին տեղյակ չպահվեց ամռանը, որպեսզի բնակիչները ժամանակ ունենային ջեռուցման այլ եղանակի մասին մտածելու, եւ այդ՝ չաշխատելու մասին տեղյակ պահվեց միայն աշնան վերջին: 4. Ինչքանո՞վ է բարոյական բնակչի հանդեպ նման վարքագիծ դրսեւորելը: 5. Ընկերությունը չի՞ նախատեսում իր բնակիչ-բաժանորդներին որեւէ փոխհատուցում տալ այս տարի նրանց ջերմամատակարարումից զրկելու համար: 6. Ո՞վ է կաթսայատան չաշխատելու մեղավորը, կատարվե՞լ է համապատասխան ուսումնասիրություն, գտնվե ՞լ են պատճառները։
Հետգրությամբ խնդրել էի պատասխանին կից ուղարկել ընկերության հետ կնքած պայմանագրի իմ օրինակի պատճենը։ Չնայած կաթսայատունը մեր շենքի անմիջական հարեւանությամբ է, պատասխանը ստացա տարեսկզբին միայն։ Իսկ «պատասխանը» սա էր. «Ընդհանրացնելով Ձեր կողմից բարձրացված հարցերը, հայտնում ենք, որ Ընկերությունը գործունեություն չի իրականացնում իրենից անկախ պատճառներով եւ հանգամանքներով։ Ընկերությունը դեռեւս չի կարողանում իրականացնել ջեռուցում եւ տաք ջրամատակարարում։ Ինչ վերաբերում է բնակիչ-բաժանորդներին տեղեկացնելուն, ապա Ընկերությունն այս տարի ամռանը եւ ջեռուցման սեզոնին ընդառաջ բոլոր բնակիչ-բաժանորդների շենքերի մուտքերում տեղադրել է ծանուցումներ, իրազեկելով այն մասին, որ Ընկերությունը 2021-2022 թթ. ջեռուցման սեզոնին չի աշխատելու։ Միեւնույն ժամանակ եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է վճարել Ձեր կողմից արդեն իսկ սպառված ջեռուցման, տաք ջրամատակարարման գումարները»։
Եթե հակիրճ պատասխանեմ «Հայռուսկոգեներացիայի»՝ ինձ հասցեագրված գրությանը, ապա՝ այս ընկերությունը ստում է՝ գիտակցված։
Նախ՝ բնակիչ-բաժանորդներին ամռանը չեն տեղեկացրել, որ չեն աշխատելու։ Այդ մասին հիշել են միայն աշնանը։ Այլապես առանց ջեռուցման չէր մնա թիվ 52 մանկապարտեզը (ջեռուցման սեզոնին եւ ցայսօր էլ երեխաների սենյակները տաքացվում են էլեկտրական սարքերով)։ Լավ, ընդունենք ամռանն են ծանուցել՝ շենքերի մուտքերին։ Բայց, չգիտես ինչու, այդ ամռան ծանուցումը չենք տեսել՝ ոչ բնակիչներս, ոչ մանկապարտեզի տնօրինությունը։ Ու բոլորս դա տեսել ենք միայն աշնան վերջին ու հանկարծակիի եկել։ Հիմա հարց՝ մի քանի հազար դրամ պարտքի դեպքում անգամ այս ընկերությունը բնակիչներին առանձին-առանձին ծանուցում է՝ նամակով։ Մինչդեռ կարող է ընտրել ավելի էժան ծանուցման տարբերակ՝ հեռախոսով։ Բայց ոչ՝ ընտրում է թանկ տարբերակը՝ նամակով։ Որպեսզի փաստ ունենա, որ ծանուցել է։ Հապա ջեռուցման սեզոնին չաշխատելու ծանուցումը ինչո՞ւ էր թողել շենքերի մուտքերի հաշվին։ Որպեսզի փա՛ստ չունենա, որպեսզի խուսափի բացատրությունից, որպեսզի կեղծի, աշնան ծանուցումն ամռանը վերագրի։ Ամռանը բազմիցս կապվել եմ ընկերության գործավարուհու հետ։ Վերջինս հավաստիացրել է, որ ջերմամատակարարում ունենալու ենք։ Հետո ձմռանը այդ նույն գործավարուհու հարեւանից իմանում եմ, որ գործավարուհին իր տանն անհատական ջեռուցման համակարգ է անցկացրել վաղուց։ Ի՞նչ է սա… Այսինքն՝ իմացել են, որ չեն աշխատելու, բայց մինչեւ վերջ գաղտնի են պահել։
Տարեսկզբին ինձ ուղարկած գրությամբ հիշեցնում են, որ պետք է վճարեմ սպառած ջեռուցման, տաք ջրամատակարարման դիմաց։ Ընկերությունն այս էժան հնարքին դիմել է՝ չփաստելով, որ ես, որպես բնակիչ-բաժանորդ, գումարները վճարել եմ դեռ դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ իրենց ուղարկած նամակիցս 8 օր առաջ։ Հիմա՝ ինչու՞ է ընկերությունը խաբում։ Կամ դիմում է միտումնավոր կեղծիքի, կամ նամակիս պատասխանել է առանց իր հաշիվները ստուգելու։
Ի՞նչ է նշանակում ընկերության պատասխանը, թե չեն աշխատում իրենցից անկախ պատճառներով։ Ամռանը գործավարուհին իմ հեռախոսազանգին պատասխանել է՝ նշելով, թե ամերիկյան հոսքագիծը փչացել է, մասնագետ չեն գտնում, որովհետեւ Հայաստանում այդ հոսքագծի մասնագետը չկա։ Հետո թե՝ այդ հոսքագծից բժշկական համալսարանում կա, մասնագետ էլ ունեն, բայց փող չունեն մասնագետին տալու։ Նույն բանն ինձ, ի դեպ, ասել են նաեւ կաթսայատան այլ աշխատակիցներ՝ խնդրելով չտալ իրենց անունները՝ խնդրի առաջ չկանգնելու համար։ Հիմա հարց՝ ինչո՞ւ գումար չունի մի ընկերություն, որ տաք ջրամատակարարում, ջերմամատակարարում էր ապահովում եւ նաեւ էլէներգիա արտադրում։ Ինչո՞ւ տարիներ շարունակ բնականոն գործող ընկերությունը հանկարծ գումար չունեցավ։ Վատ կառավարումն էր պատճառը, թե՞ իսկապես գումար չուներ։ Եթե վերջինը, ապա խնդիրն արդեն բոլորովին այլ հարթություն է տեղափոխվում. ո՞ւր կորան գումարները։
Թվարկումը կարող եմ շարունակել, բայց դրանից իրավիճակը չի փոխվի։
Ընդ որում՝ ամենակարեւորը։ Երբ խնդրել էի պայմանագրի իմ օրինակի պատճենն ուղարկել (բնօրինակս կորցրել եմ), իսկ դա իմ իրավունքն է, ոչ պատասխանել էին, ոչ էլ ուղարկել։ Կարող եմ կռահել պատճառը։ Որովհետեւ երբ փորձեցի այլ բնակիչ-բաժանորդներից ձեռք բերել պայմանագրի օրինակ, ուշագրավ մի բան բացահայտվեց. նույն ընկերությունն իր համակարգին միացած տարբեր բաժանորդների հետ տարբեր պայմանագրեր է կնքել։ Օրինակ՝ մեկին խոստանալով անխափան ջերմամատակարարում մինչեւ 2025 թ., մյուսին՝ ոչինչ չխոստանալով։
Իսկ ընկերությունը դեռ կստանա իր պատասխանը այն բանի համար, որ այս ձմռանը շատերին հետ տարավ 90-ականների ցուրտ տներ։ Իսկ նրանք, ովքեր կարողացան էլեկտրական սարքերով տները տաքացնել, ամսական տեղը տեղին գումար մուծեցին «Հայէլցանցերին»։