Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հաղթանակած Քարին տակի անկումը

Հունվարի 26, 2023
Սոցիում
Հաղթանակած Քարին տակի անկումը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
407
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լրացավ Քարին տակի հերոսամարտի 32-րդ տարեդարձը: Ճակատամարտ, որ գոտեպնդեց իր ազատության եւ ազգային արժանապատվության համար մարտնչող ժողովրդին: Քարին տակի հերոսական պաշտպանությունը, որ մշտապես ամրագրվել է արցախահայության ազատագրական պայքարի տարեգրության մեջ, բարոյական եւ ռազմական մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն գյուղի բնակչության, այլեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի համար: Այն բեկում մտցրեց հայկական ջոկատների կողմից իրականացվող ռազմագործողություններում: Արժանի հակահարված հասցնելով եւ պարտության մատնելով նախապես լավ վարժված թշնամու մեծաթիվ ուժերին՝ մերոնք տպավորիչ հաղթանակ տարան:

Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի օջախների տեղահանման ու կոտորածների իրագործման ադրբեջանական ծրագիրը տապալվեց, եւ Շուշիի շրջանի միակ հայկական գյուղը, որ շարունակ ահաբեկումների եւ հարձակումների էր ենթարկվում ազերիների կողմից, ոսկոր դարձավ Ադրբեջանի ղեկավարների կոկորդում…

1988-ի աշնանը բերդաքաղաք Շուշին լիովին հայաթափվել էր, եւ դաժան ճակատագիրը սպառնում էր նաեւ շրջանի մյուս հայկական բնակավայրերին: Երկար դիմադրությունից հետո, 1991-ի մայիսին ռուսական բանակի զորքերի աջակցությամբ «Կոլցո» ռազմագործողության ընթացքում տեղահանվեցին նաեւ բերդաքաղաքի ենթաշրջանի գյուղերի բնակիչները: Ինքնապաշտպանության կազմակերպիչները ենթարկվեցին դաժան տանջանքների եւ բանտ նետվեցին: Ահաբեկչության իրագործման հերթական, վերջին թիրախը Քարին տակն էր, որի ուղղությամբ թշնամին մեծ թվով ռազմական տեխնիկա եւ 800-ից ավելի հատուկ վարժված գրոհայիններ էր կենտրոնացրել՝ սպասելով հարձակման հրամանի: Քանի որ մինչ այդ ադրբեջանցիները գրոհման փորձ էին ձեռնարկել ու ձախողվել, հրամանատարությունը որոշել էր ամեն գնով պատժել բնակիչներին եւ Քարին տակը հիմնահատակ ավերել:

Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը՝ վեց տասնյակ անդամներով, գլխավորում էր բոլորի հարգանքն ու վստահությունը վայելող քաջարի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Նրան հաջողվել էր որոշ քանակությամբ զենք ու զինամթերք հայթայթել: Ջոկատում շուրջ 40 ինքնաձիգ, մեկական դիպուկահար հրացան, նռնականետ եւ գնդացիր կար: Սակայն ակնհայտ էր, որ չորս կողմից շրջապատված բնակավայրը սպանդից փրկելու եւ «մինչեւ ատամները զինված» թշնամուն դիմակայելու համար լրացուցիչ օգնություն էր անհրաժեշտ:

Հունվարի 26-ին ադրբեջանական զորամիավորումը, որ անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մ. Մեհթիեւը, դեռ լույսը չծագած, սկսեց տարբեր ուղղություններից հրետակոծել գյուղը: Մթության մեջ հրդեհվող տների թիվը շարունակ ավելանում էր: Խաղաղ բնակչության շրջանում եւս քիչ չէին զոհերը: Հակառակորդի կողմից մանրակրկիտ մշակվել էր ռազմագործողության ծրագիրը, բայց հարազատ օջախը պաշտպանող քարինտակցին, որ արդեն երրորդ խոշոր դիմադրությունն էր ցուցաբերում, նահանջելու տեղ չուներ:

Ներքին Զառիսլուի ուղղությամբ թշնամին շրջապատել էր գյուղը եւ Շուշիի ժայռաշարի երկայնքով գնդացիրների կրակի տակ էր պահում ամբողջ տարածքը։ «Զաստավի» կողմից հակառակորդը զրահամեքենաներով նույնպես գրոհ էր ձեռնարկել՝ փորձելով աքցանի մեջ առնել գյուղը: Գլխավոր հարվածն առաջին հերթին իրենց վրա վերցրին գյուղի դիրքերը հսկող պահակակետի տղաները: Զգալով ազերիների տեխնիկայի ու կենդանի ուժի անսահմանափակ քանակությունը՝ Քարին տակի կամավորների հրամանատարի խնդրանքով շուտով օգնության հասան Ավետարանոցի, Սղնախի, Սզնեքի, Շոշի եւ Ստեփանակերտի ինքնապաշտպանական ջոկատները: Կատաղի ճակատամարտ տեղի ունեցավ: Չնայած ուժերի անհավասար հարաբերակցությանը, թշնամին ցայտնոտի մեջ էր հայտնվել եւ մեծ կորուստներ կրելով՝ ստիպված էր ճողոպրել: Թուրքերը գլուխները կորցրած փախուստի էին դիմում՝ լքելով զինտեխնիկան, ճանապարհին ավար թողնելով անթիվ բաճկոններ ու սաղավարտներ, փամփուշտների պահունակներ եւ ուսապարկեր:

Իրիկնադեմին, երբ մառախուղ էր իջել գյուղի վրա, ջոկատների տղաներին հաջողվեց կանանց ու երեխաներին դուրս բերել կրակի տակից եւ ապահով թաքստոցներ տեղափոխել: Ինչպես ականատեսներն են վկայում, խաղաղ բնակիչների աջակցությունը Քարին տակի պաշտպաններին նույնպես ոգեւորելու ու հաղթելու վճռականությամբ էր տոգորել, եւ հերոսամարտում արդեն ուրվագծվում էր հայերի հաղթանակը: Որոշ տվյալների համաձայն՝ հակառակորդը մարտադաշտում 230-250 զոհ էր թողել եւ 200-ից ավելի վիրավոր, որոնց մի զգալի մասը հոգին ավանդել է Շուշիի հիվանդանոցում (ուշագրավ է, որ հակառակորդը մեծաթիվ զոհերի պատճառով Քարին տակն «Արյունոտ ձոր» էր կոչել):

Ադրբեջանցիները, չհաշտվելով կրած դառը պարտության հետ, քարոզչական խողովակներով փորձում էին ամենատարբեր պատրվակներ ու պատճառներ որոնել, ջանքեր գործադրել՝ արդարացնելու ադրբեջանական բանակի հրամանատարության ապաշնորհ գործելաոճը: Ռազմագործողությունը խայտառակաբար ձախողելու համար Ադրբեջանի  հետխորհրդային առաջին նախագահ Ա. Մութալիբովը Մ. Մեհթիեւին հետ կանչեց Շուշիից եւ պաշտոնանկ անելով՝ կարգադրեց «դավաճանության համար» անմիջապես բանտարկել:

Երեկոյան ժամը 18-ի սահմաններում ճակատամարտն ավարտվեց, եւ գյուղում հատուկենտ կրակոցներ էին լսվում։ Մարտերի ժամանակ հայկական կողմից ունեցանք 22 զոհ եւ 17 վիրավոր: Դաժան պատերազմում ընկերների հետ հերոսաբար նահատակվեց նաեւ Քարին տակի ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, ով կյանքը չխնայեց գյուղի ազատագրման ու սերունդների պայծառ ապագայի համար:

Ջոկատի հրամանատարը եւ գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը եւ Վագիֆ Պետրոսյանը, ովքեր նույնպես հերոսամարտի զոհերից են, քաջության համար արժանացան «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի: Այդ բարձր պարգեւն են իրենց կրծքին այսօր կրում նաեւ քարինտակցիներ Արթուր Առաքելյանը (Վաղարշակի մահից հետո Քարին տակի ջոկատի հրամանատարը) եւ Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր վիրավորվել ու երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել: Հատկանշական է, որ ազատամարտում աչքի ընկնելու համար գյուղի ավելի քան 90 բնակիչ պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայության համար» եւ «Արիության համար» մեդալներով:

Քարին տակի ճակատամարտում դրսեւորվեց ինքնապաշտպանական ջոկատների համախմբվածությունը՝ մեկ նպատակի համար միասնաբար, բռունցքված պայքարելու նրանց ձգտումը: Պատահական չէ, որ անհավասար մարտերում համախմբվածության, միասնության եւ համերաշխության շնորհիվ հայերը հաղթեցին արյունարբու թշնամուն: Գյուղի աննկուն պաշտպանությունը կարեւոր էր նաեւ ռազմագիտական նշանակության տեսանկյունից: Հայկական ուժերը հակառակորդին թույլ չտվեցին նպաստավոր դիրքեր գրավել եւ բնակչությանը բռնի տեղահանել ու սպանդ իրականացնել հարեւան Ավետարանոց, Սղնախ, Սզնեք եւ մյուս բնակավայրերում:

Ընդհանուր առմամբ, 150 մարդ է մասնակցել գյուղի պաշտպանությանը, որից 70-ը՝ քարինտակցիներ: Պատմաբաններն ու ռազմագետները միակարծիք են, որ Քարին տակը հաղթեց ճակատամարտում՝ հաստատելով մեր ժողովրդի հաստատակամությունն ու վճռականությունը գոյապայքարում, հարազատ եզերքին, հայրենիքին անմնացորդ նվիրվելու եւ վտանգի պահին կյանքը չխնայելու իր պատրաստակամությունը:

Քարին տակի հերոսամարտը արցախյան պատերազմի փայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ իր ազատության եւ անկախության համար ընդվզող ժողովուրդն իր պապերի ապրած հողից մի թիզ անգամ զիջելու մտադրություն չունի։ Ցավոք, 44-օրյա պատերազմում գյուղն ազերիների ձեռքն ընկավ… Դաժան մարտում քարինտակցիները 8 զոհ տվեցին։ Նրանց թվում էր նաեւ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը։ Իր պատմության ամբողջ ընթացքում հերոսական գյուղն առաջին անգամ ընկավ…

Թեգեր: ԱրցախպատերազմՔարինտակ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

Մարտի 22, 2023
Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Մարտի 21, 2023

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Լայնախոհ գիտնական կովկասագետը

Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

Անգամ հիշողությունը պետք է արժանապատիվ լինի

Անհոգության պատրանք

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

«Լեոպարդը», «Աբրամսը», «Մարդերը», T-90-ը…

«Լեոպարդը», «Աբրամսը», «Մարդերը», T-90-ը...

Ամենաընթերցվածը

  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist