Հայոց բանակի վերակազմավորման 31-ամյա տարեդարձի առթիվ «Հայը կա» հասարակական կազմակերպությունն ու «Հայ ազգային ճակատ»-ը Երեւանում՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների բակում կազմակերպել էին «Փրկության ճանապարհ» խորհրդանշական մոմավառություն՝ ի հիշատակ արցախյան գոյամարտերում մարտիրոսված եւ այլ վայրերում նահատակված հազարավոր Անմահ հերոսների եւ ի բարօրություն Արցախի շրջափակված ժողովրդի։
Սրբավայրի բակում մեծ-մեծ տառերով գրված էր «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ», եւ յուրաքանչյուր տառի վրա մի քանի տասնյակ մոմ էր վառվում։ Եկեղեցի այցելողները, նաեւ՝ օտարազգիներ, Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցներով անցնողները մոտենում եւ վառում էին մոմերը։ Առավել ոգեւորված էին «աշխատում» փոքրիկները։ Ընթացքում կայացավ նաեւ համերգային մաս։ Ներկա էին Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), այլ երրգիչ-երաժիշտներ, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Երկվորյակ եղբայրներ Վարդան եւ Տիգրան Թադեւոսյանները կիթառի նվագակցությամբ հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով՝ «Նժդեհ. Արազի ափին ծնված ընկեր», «Զարթի՛ր, որդյա՛կ» եւ այլն։ ՀԱԵ ԱՀԹ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեւոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջարկով հնչեց տերունական միասնական աղոթք, որին մասնակից եղան բոլորը:
Դիմելով ներկաներին՝ տեր Զենոնն ասաց. «Մենք քրիստոնյա ազգ ենք, եւ քանի որ Քրիստոսը հաղթանակած է, մենք չենք կարող մեզ պարտված համարել։ Որեմն Քրիստոսին մեր սրտում կրելով՝ պետք է հաղթանակի հասնենք։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ ես մեր հոգեւոր եղբայրների հետ գտնվում էի լեգենդար «Եղնիկներում»։ Տեղի հրամանատար Կարեն Ջալավյանը դիմեց իր զինվորներին եւ ասաց՝ դուք քրիստոնյա եք եւ իրավունք չունեք վախ ունենալ, որովհետեւ քրիստոնյան ունի Քրիստոս։ Սա ասել է զինվորականը, ոչ թե՝ հոգեւորականը կամ այլ ոք։ Եվ սրանից ելնելով՝ մենք պետք է իրապես ճանաչենք Քրիստոսին եւ մեր հաղթական ճանապարհը շարունակենք։ Թող Տերն ուժ ու կարողություն տա Հայոց սահմանը պահող հայ զինվորին եւ պահի անփորձանք։ Աստծո օրհնությունը բոլորիս…»։
Մոմավառությանը մասնակից եղան նաեւ նախկին քաշաթաղցիներ: Բերձորի թիվ 1 դպրոցի նախկին սան Սյուզին, ով նաեւ կազմակերպիչների հետ էր աշխատում, սիրով էր մասնակցում միջոցառմանը՝ հավատով՝ «Փրկության ճանապարհը» շուտով կբացվի նաեւ Բերձորի համար: