Տէր, ողորմեա՜, Տէր, ողորմեա՜,
Տէր, ողորմեա՜, Տէր, ողորմեա՜,
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն…
Գագիկի ձայնն էր՝ Մեխակավանի զորամասին հարակից, բլրի վրա բազմած Զորավոր Սուրբ Աստվածածին (Սուրբ Մարիամ Աստվածածին) եկեղեցում… Հնչում էր մարդկային ձայնը՝ աստվածատուր, հստակ, եկեղեցու պատերն ի վեր, Աստծու հետ կապի ճանապարհով՝ երդիկից հասնում երկինք… «Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց/Լեր օգնական ազգիս Հայոց…»:
Տերը լսե՞ց, արդյոք… Մարդիկ որ՝ չլսեցին… Չեղավ խաղաղություն, եւ «ազգիս Հայոց» չեղավ օգնություն… Եվ եկեղեցին չմնաց կանգուն… Եկեղեցին, որ կառուցվել էր բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով, օծվել 2017 թ. հոկտեմբերին՝ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից, 2021 թ. հիմնահատակ ավերեցին 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմում Մեխակավանն օկուպացրած ադրբեջանցի բարբարոս ագրեսորները. հավանաբար, նրանց ականջին արձագանքում էր դեռ Աստծուն ուղղված մարդկային ձայնի վսեմությունը, եւ նրանք՝ որպես դեւերը, չդիմացան այդ ձայնի հոգեւոր ազդեցությանը…
Ու թեեւ բազում հայորդիներ զոհվեցին Արցախյան երկրորդ պատերազմում, այդ թվում եւ օպերային երգիչ Գագիկ Սուրենի Խաչատուրյանը, ադրբեջանցիների ահն այնքան մեծ էր հայկական մշակույթի խորհրդանշական ներկայությունից, որ անգամ պատերազմից հետո էլ հանգիստ չտվեց նրանց, եւ այն հողն ու մշակույթը, որ իրենցն էին համարում՝ զավթելով ամայացրին, որպես հատուկ է իրենց բարբարոս նախնիներին, եւ սա այն դեպքում, երբ, ասես, ողջ աշխարհն է կանգնած նրանց թիկունքում… Հարց՝ ինչի՞ց են վախենում ադրբեջանցիները՝ քարե վկայությունների՞ց… Այո, չէ որ դրանք էլ են խոսում, ձայնակցում, պահում ձայնի հիշողությունը… Վախենում են ոչ միայն կենդանի, այլեւ մեռած մարդուց, այլապես այդպես դաժան չէին վարվի կենդանի մարդու հետ, չէին զբաղվի դիակապտությամբ եւ այդպես հպարտորեն աշխարհով մեկ չէին ցուցադրի իրենց վայրենի, ողորմելի վարքը… Իսկ վախենալու բան, իսկապես, ունեին. նրանց առջեւ սեփական կյանքը չխնայող՝ հայրենիքի առյուծասիրտ պաշտպաններն էին, որոնցից շատերը կոչումով զինվորական էլ չէին… Հիմա էլ ու միշտ էլ վախենալու բան ունեն այն ավերակներից նաեւ, այն անապատներից, որտեղից արձագանքում է ոճրագործների ճիրաններից տանջամահ եղած անմեղ հոգիների «Տէր, ողորմեա՜»-ն. այդ ձայնը չի լռելու երբեք, քանզի այն բույն է դրել մարդասպանների ականջներում, եւ դրանից պրծում չեն ունենա նրանք՝ այդ գազանացած գազանները… Այդ ձա՜յնը…
Ընդամենը 23 տարի ապրեց Գագիկ Խաչատուրյանը, բայց հասցրեց թողնել հարգանքի ու խոնարհման արժանի կենսագրություն, լինել սիրելի ու անփոխարինելի, միշտ ներկա. նրա ձայնը թեւածելու է եթերում՝ դարեդար հնչող հայոց հարցի անսպառ կրկնությամբ.
Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս…
Գագիկը ծնվել էր երգը շուրթերին ու երգով էլ ապրում էր, մի շարք երաժշտական ծրագրերի հեղինակ ու մասնակից էր, արժանացել էր զանազան պարգեւների, գերազանցությամբ ավարտել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, ընդունվել վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա եւ նույն՝ 2019 թ. զորակոչվել բանակ, նվիրումով էլ ծառայել հայրենիքի պաշտպանությանը՝ որպես երաժշտությանն ու երգին էր ծառայում։ Սրտի ու մտքի վկայությամբ, խոսքի մեջ ասել էր. «Կտեսնեք՝ ես հենց գնամ բանակ, պատերազմ կսկսվի», ու գնաց անվարան՝ Արցախին ու նրա բնությանը սիրահարված՝ երգը շուրթերին։ Կրտսեր սերժանտի կոչում ուներ, որպես ջոկի հրամանատար՝ սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրվել եւ ստացել էր շնորհակալական նամակ… Ու սկսվեց պատերազմը ՝ թեժ ու «հանկարծակի», ողջ սահմանի երկարությամբ… Մարտահրավերն ընդունվեց, կյանքը միանգամից փոխվեց մղձավանջային դժոխքի. բնությունը մշուշվեց, դարձավ անճանաչելի… Գագիկը հասկացավ, որ դուրս չի գա այդ գեհենից, ոչ ոք դուրս չի գա, ու, այնուամենայնիվ, փրկվողին խնդրեց հոգ տանել զոհված ընկերներին գոնե հետմահու պարգեւատրելու մասին. «Ինձ պետք չէ, նրանք արժանի են»։ Արժանի էին բոլորը, ինքը՝ նույնպես։
Ու թեեւ Գագիկը զոհվեց պատերազմի 5-6-րդ օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 2-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հասցրեց ցուցաբերել բացառիկ արիություն ու խիզախություն, որի համար նրան հետմահու շնորհվեց Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ «Ասպետ» շքանշանով, ինչպես նաեւ պարգեւատրվեց «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Նրա մարմինը հինգ ամիս շարունակ փնտրում էին հարազատները, ընկերներն ու բարեկամները եւ գտան միայն 2021 թ. մարտի 6-ին… Տեսնես՝ ի՞նչ կռունկ էր՝ գարնան հետ լուր բերեց նրա մասին՝ հուսալով մեղմել սպասողների վիշտը… Պարադոքս էր, բայց դժոխքն այնպես խավարտչին էր, որ զոհվածների մարմինները գտնելիս, թվում էր՝ փարատվում է անամոք վիշտը, ասես՝ նրանց կենդանությունն էր վերականգնվում, եւ տուն էին վերադառնում նրանք վերջապես…
Փետրվարի 3-ին Գագիկի ծննդյան օրն է, այն հրաշք օրերից մեկը, որ կյանքի կոչեց մի պայծառ անուն…