Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։
Արցախի Հանրապետության պետական օրհներգի այս տողերը միշտ են ուղեկցել հերոս արցախցիներին, եւ Հադրութի շրջանի լեռներում ծվարած Արփագեդուկ գյուղում ծնված ու մեծացած Վարդան Հակոբյանն առավել ճիշտ է բնորոշել արցախցուն իր «Ազատ ու անկախ Արցախ» ձոներգ-բանաստեղծությունով։ Արցախի Հանրապետության Գլխավոր խորհրդի 1994 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ բանաստեղծությունը որպես օրհներգ է հաստատվել։ Երաժշտության հեղինակն է Արմեն Նասիբյանը։
Երբ առավոտյան արթնանում եւ մի վատ լուր ես լսում… Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Արցախի լավագույն զավակներից Վարդան Հակոբյանը՝ դեռ պատանի տարիքից հայրենիքի իսկական զավակն ու նվիրյալը։ Արցախի Քաշաթաղի շրջանում աշխատելու տարիներին ծանոթացա նրա հետ, եւ այդ ծանոթությունը վերածվեց բարեկամության, մտերմության։ 1983-ից Արցախի գրողների միության նախագահ գրող-բանաստեղծը, չնայած խորհրդային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում էր, սակայն կարողացել է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմնան հայ գրականության մեջ մշտապես։ Նրա աջակցությամբ ժամանակին շատ երիտասարդ ու տարեց արցախցի ստեղծագործողներ են գտել իրենց տեղը։
Արցախի լրագրողների միության նախագահ, գրող Կիմ Գաբրիելյանը Վ. Հակոբյանի մահվան կապակցությամբ գրում է. «Մեր գրչընկերության չորս տասնամյակների ընթացքում ամեն ինչի մասին խոսել ենք եւ ոչ միայն խոսել՝ գործել ենք: Ընդ որում, չորս տասնամյակը պայմանական է. 1977-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում բանաստեղծություններիս անդրանիկ շարքի հետ գրական օրհնանքի խոսքը հենց ինքն էր գրել… Ինձ հորդորեց Ասկերանից գալ ու միասին աշխատել: Եկա, ու միասին աշխատեցինք: Համագործակցության ժամկետ չէինք նշել, քառասուն տարի անց էլ դարձյալ միասին ճանապարհ ունեինք գնալու, բայց թե ինչի շտապեց ու հավերժի ճամփան բռնեց, դա երեւի միայն ինքը գիտեր: Նրա հետ քայլելով հասունացա, շատ իմաստություններ սերտեցի՝ աշակերտի խոնարհությամբ հնազանդվելով, երբեմն էլ գործընկերոջ սկզբունքայնությամբ հետը կռվել-հաշտվելով: Դժվար է ասել՝ նա իմ ուսուցի՞չն էր, թե՞ ընկերը: Շատ բաներ գիտեի իր ներքին կյանքի մասին, որոնք թերեւս ուրիշները չգիտեին, բայց այդ բոլորն այլեւս ոչ իրենն են, ոչ էլ իմը, դրանք Աստծուն են պատկանում: Ամեն ինչն ու ամենքս ենք Աստծունը. ափսոս, որ այս պարզ ճշմարտութունն ուշ ենք հասկանում…»։ Նույնը կասեն շատերը՝ երիտասարդ, թե տարեց, ովքեր եղել են Վարդանի ընկերն ու գրչակիցը։
Իմ մտերմությունը Վ. Հակոբյանի հետ սկսվեց այն օրից, երբ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի վարչությունը նրա հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» հավատամագրված համալսարանի հետ սկսեց համագործակցել։ Վ. Հակոբյանը մեծ սիրով համաձայնեց իր գլխավորած հաստատություն Քաշաթաղի շրջանից ընդունված ուսանողների վարձավճարը կիրառել 50 եւ ավելի տոկոս զեղչով, ոմանց համար՝ նույնիսկ անվճար։ 2000-ից հետո, ինչ-որ ժամանակ Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցներ աշխատանքի էին ընդունվել նաեւ գրողներ, բանաստեղծներ՝ Սերգեյ Սողոմոնյան, Խաչիկ Բաղդասարյան, Սասուն Վարդանյան, Ռաֆայել Հայրապետյան, Արմեն Մովսեսյան եւ այլք։ Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ շրջանում սկսեց գործել Արցախի գրողների միության բաժանմունքը, որի համակարգողը ես էի։ Հաճախ էինք Բերձորում կազմակերպում հանդիպումներ արցախցի գրողների հետ։ Բերձոր են ժամանել այն ժամանակ Արցախի գրողների նահապետ Գուրգեն Գաբրիելյանը, ում հեղինակած «Ղարաբաղի հորովել» երգը հաստատուն տեղ ունի հայ գրականության ու երաժշտարվեստում, երջանկահիշատակ Հրաչյա Բեգլարյանը, ինչպես նաեւ Դավիթ Միքայելյանը, Կիմ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Նորեկ Գասպարյանը, Արկադի Թովմասյանը, Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, երիտասարդ ստեղծագործողներ Սոնա Համբարձումյանը, Վիտալի Պետրոսյանը, այլք։ Վ. Հակոբյանը մշտապես կապի մեջ էր Արցախում ստեղծագործող բոլոր գրող-բանաստեղծների հետ։
«Գրիգոր Նարեկացի» համալսարանը, բացի ուսումնական հաստատություն լինելուց, նաեւ մշակույթի, գրականության, լրագրության կենտրոն էր։ Այստեղ էին կազմակերպվում գրողների միության ամենամյա համաժողովները, գրական շաբաթները, որոնցից մեկին ես ներկայացրել եմ իմ «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը։ Այստեղ էին կայանում նաեւ հանդիպումները ՀՀ-ից Արցախ ժամանած գրողների հետ. հանդիպումներ, որոնք դառնում էին տոնական միջոցառումներ ազատ ու անկախ Արցախում։ Պահպանվել են այդ օրերի լուսանկարներ, որոնցում կան արդեն հավերժի ճամփորդ գրական գործիչներ Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը… Վարդան Հակոբյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի, մայիսի վերջին օրերին Արցախում կազմակերպվում էին «Մուրացանյան օրեր», որոնք դարձել են ավանդական, եւ հավատում եմ՝ կշարունակվեն հիմնադրի արդեն հոգեւոր ներկայությամբ։ Շուշիում ծնված հայ մեծ պատմավիպասան Մուրացանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված այս գրական միջոցառումները կայանում էին հանրապետության բոլոր շրջաններում՝ դպրոցներում, մշակույթի պալատներում, սրբավայրերում: Մասնակցում էին նաեւ ՀՀ գրողների միության ղեկավարներ, անդամներ։
2019 թ. մայիսի 26-28-ին Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կայացավ «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագրով գիտաժողովը։ Մասնակիցները ՀՀ-ից, Արցախից եւ Սփյուռքից էին՝ տարբեր բնագավառների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, լեզվաբաններ, գրողներ… Շատ կարելի է հիշել ու գրել մեր ժամանակների լավագույն մտավորականներից Վարդան Հակոբյանի մասին, ու բախտ եմ ունեցել ճանաչել, հաճախ հանդիպել։
Հայ ժամանակակից բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005), Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948 թ. մայիսի 21-ին Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթնամյա, Բաքվի թիվ 152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։ Բաքվի դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգայնամոլության» մեջ: Ազերական հավատաքննիչների ճնշման տակ ստիպված տեղափոխվում եւ ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։ 1965 թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը եւ կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։ 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցել Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ Հիմնադրել եւ խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։ Վեց տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական եւ մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում եւ այլուր։ Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» եւ այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական եւ ժողովրդական թատրոններում։ Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն եւ այլ լեզուներով: